«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակներում խախտումներ է արձանագրել և սահմանափակել է հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմնից նշում են, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով: Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել»։
Civilnet










