Գլխավոր Լրահոս

Վերարտադրության գինը

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը երեկ հայտարարել են, որ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013թ. նախագահական ընտրությունները (Tert.am)։ «ԵՄ-ն ուշի ուշով հետևելու է Հայաստանում ընտրությունների իրականացմանը և սահմանելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որից արդեն իսկ Հայաստանը շահել է, և մենք 1,7 մլն եվրո արդեն իսկ տրամադրել ենք»,– նշել է դեսպան Հրիսթեան:

Այս տարվա ընթացքում նախատեսված էր, որ Բրյուսելում կանցկացվի ԵՄ դոնորների համաժողով, որտեղ ԵՄ անդամ երկրները Հայաստանին շուրջ 1 մլրդ եվրո դրամաշնորհային խոստումներ պետք է տային: Համաժողովը հետաձգվեց ակնհայտորեն Հայաստանում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները վատ կազմակերպելու պատճառով: Չնայած Հայաստանի իշխանությունները հաճախ սիրում են վկայակոչել, թե միջազգային դիտորդները բարձր են գնահատել մայիսյան ընտրությունները, սակայն անկախ որևէ մեկնաբանությունից՝ իրական գնահատականն այն է, որ դոնորների համաժողովը հետաձգվել է: Ավելին՝ նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը ընդամենը պայմաններից մեկն է, որ Հայաստանին օգնելու նպատակով դոնորների համաժողով հրավիրվի:

Փաստացի, Հայաստանը բառի ուղիղ իմաստով շատ մեծ գին է վճարում ժողովրդավարությունը չհարգելու համար: Ընդ որում՝ այդ գինը միայն բարոյական չէ, ասենք՝ մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները հարգելու առումով, այլ զուտ ֆինանսական՝ արտահայտված կոնկրետ գումարով:

2008թ. նախագահական ընտրությունների վատ անցկացումը, դրան հաջորդած հակաժողովրդավարական իրողությունները, ապա 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրությունների պատշաճ անցկացման ձախողումը հանգեցրին ավելի քան 300 միլիոն դոլար արժողության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցմանը: Դեռևս չհայտարարված պատճառներով փակվեց Քըրք Քըրքորյանի «Լինսի» ծրագիրը, և դրանում մնացած 200 միլիոն դոլարը նվիրաբերվեց Կալիֆոռնիայի համալսարանին:

Շատ մեծ հավանականությամբ՝ պատշաճ ընտրություններ անցկացնելու պարագայում ոչ միայն այս գումարները չէին գնա Հայաստանից, այլև ուրիշ գումարներ ու ներդրումներ կգային: Ու թերևս Հայաստանը ճգնաժամի հարվածից չհայտնվեր աշխարհի հետնապահների շարքում:

Կոպիտ հաշվարկներով՝ ահա այն գինը, որ հայ ժողովուրդը վճարում է իշխանությունների վերարտադրության համար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում