Գլխավոր Լրահոս

Վրաստանում «հեղաշրջման փորձի» համար Ուկրաինայում կռվածների են հարցաքննել

Վրաստանում «հեղաշրջման փորձի» համար Ուկրաինայում կռվածների են հարցաքննել

OC Media

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) կառավարության տապալման ենթադրյալ դավադրության համար հարցաքննության է կանչել առնվազն վեց մարդու, որոնց մեծ մասը Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ։ 

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հետաքննությունն իրականացվում է քրեական օրենսգրքի հոդվածներով՝ կապված իշխանության զավթման նպատակով դավադրության կամ ապստամբության և ահաբեկչության հետ։

Կանչվածներից հինգը կռվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, իսկ մյուսը, ըստ տեղեկությունների, պատերազմի վետերան է, որի անունը չի նշվում:

Վեցից մեկի շահերը ներկայացնող փաստաբան Թոռնիկե Չիկովանին ասել է, որ գործը գաղտնի է, և հետաքննության մանրամասներն անհայտ են։ Հարցաքննության կանչվածներից մեկը՝ Լաշա Չիղլաձեն, ասել է՝ իրեն միայն տեղեկացրել են, որ գործը հարուցվել է մեկ տարի առաջ։

Հարցաքննվողներից Նադիմ Խմալաձեն լրագրողներին ասել է, որ իրեն հարցաքննել են իր ընտանիքի վիճակի և անցյալում իր գործունեության մասին, «նույնիսկ շատ հեռավոր անցյալում»:

Նա նշել է, որ հարցերից շատերը վերաբերել են Ուկրաինայում իր եղած ժամանակին և թե արդյոք ինքը որևէ շփում է ունեցել այնտեղ «հատուկ ուժերի» հետ։ «Ընդհանուր խոսակցություն էր, ինչ-որ մեկի հետ կապ ունե՞մ դրսում, և այլն»,- ասել է նա։

Երեքշաբթի Վրաստանի հանրային հեռարձակողը և կառավարամետ հեռուստաալիքները՝ «Իմեդի», «ՊոսՏՎ» և «Ռուսթավի 2», բոլորը հաղորդել են, որ հետաքննությունը վերաբերում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ առաջնորդների դեմ ծրագրված ահաբեկչությանը:

Երեքշաբթի «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն գործը կապել է «Գլոբալ պատերազմի կուսակցության»՝ միջազգային էլիտաների ենթադրյալ ստվերային խմբի հետ, որը ձգտում է Վրաստանին ներքաշել Ուկրաինական պատերազմի մեջ:

«Սա պսևդոլիբերալ ֆաշիզմի շարունակությունն է, որի շրջանակում Թրամփին սպանելու փորձ եղավ, [Սլովակիայի վարչապետ Ռոբերտ] Ֆիկոյին սպանելու փորձ, ինչ-որ բան ակնարկվեց [վարչապետ] Իրակլի Կոբախիձեի մասով։ Այս ամենը պատահակա՞ն է եղել՝ ընդամենը երկու-երեք ամսո՞ւմ։ Դա չի՞ արվում արդյոք «Գլոբալ պատերազմի կուսակցության» կողմից»,- ասել է նա:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները վերջին ամիսներին ավելի հաճախ են պնդում, որ Արևմուտքի կողմից վերահսկվող գաղտնի «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» փորձում է պատերազմ հրահրել համաշխարհային մասշտաբով: Հանրային ելույթներում, այդ թվում՝ ապրիլին կառավարության հրավիրած հանրահավաքում, կուսակցության առաջնորդները և կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պնդում էին, որ այդ կուսակցությունը ձգտում է Վրաստանին մղել Ռուսաստանի դեմ պատերազմի «երկրորդ ճակատ» բացելուն։

«Քաղաքական շարժառիթներով» հետաքննություն

Հարցաքննության կանչված բոլոր անձինք պնդել են, որ չեն վստահում Պետական ​​անվտանգության ծառայությանը և պահանջել են, որ իրենց հարցաքննությունը լինի երդվյալ ատենակալների առջև։ Նրանք բոլորը նույնպես հերքել են իրենց մեղքը:

Նրանք նաև պնդում են, որ հետաքննությունը քաղաքական շարժառիթներ ունի, և որ պետությունը գործում է Ռուսաստանի շահերից ելնելով։

Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար և Վրաստանի նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սա հավանաբար այն նույն հետաքննությունն է, որի շրջանակում անցած աշնանը իրեն էին հրավիրել հարցաքննության։

«Այն ժամանակ էր, որ հետաքննությունը արծարծեց Ուկրաինայում կռված վրացիների՝ հեղաշրջման սցենարի նախապատրաստվելու մասնակցության հարցը, իսկ հետո՝ Թբիլիսիի ցույցերի, խոսվեց նրանց օգտագործման մասին»,- ասել է նա։

Անցյալ սեպտեմբերին Անվտանգության ծառայությունը պնդում էր, որ հետաքննում է իշխանությունը տապալելու փորձը, որը ենթադրաբար ձեռնարկել են Ուկրաինայի հակահետախուզության փոխտնօրենը՝ Վրացական լեգեոնի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին թիկնապահի մասնակցությամբ։

Անվտանգության ծառայությունը պնդել է, որ «Վրաստանի ներսում և նրա սահմաններից դուրս» որոշ խմբեր դավադրություն էին կազմակերպում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որպեսզի բռնությամբ տապալեն իշխանությունը՝ հանրային աղմուկի միջոցով, կառավարությանը մեղադրելով ռուսամետ լինելու մեջ:

Ըստ Անվտանգության ծառայության՝ դա ծրագրի մաս է, որի հետևում Գիորգի Լորտկիպանիձեն է, ինչպես նաև Կանվասը՝ Բելգրադում գտնվող Ոչ բռնի գործողության և ռազմավարության կիրառման կենտրոնը (Centre for Applied Non-Violent Action and Strategies), և Օտպորը, որոնք մասնակցել էին Սերբիայում 2000 թվականին Սլոբոդան Միլոշևիչի կառավարության տապալմանը։

Անվտանգության ծառայությունը նաև պնդել է, որ Ուկրաինայում վրացի զինյալների «զգալի» խումբ և անհայտ «երիտասարդներ» վերապատրաստվում էին «Լեհաստան-Ուկրաինա պետական ​​սահմանի մոտ» «հեղափոխական սցենարի» համար։

Չնայած այս տարվա սկզբին խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ զանգվածային հանրային զայրույթին՝ ցուցարարները գրեթե ամբողջությամբ խաղաղ էին:

Նանուաշվիլիի խոսքով՝ նման հետաքննությունները հաճախ համընկնում են քաղաքական իրադարձությունների հետ և սովորաբար քաղաքական շարժառիթներ են ունենում՝ գրեթե երբեք որևէ կոնկրետ եզրակացության չհանգեցնելով։

2012-ին իշխող «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո սա առնվազն ութերորդ դեպքն է, երբ պաշտոնյաները պնդում են, որ պետական ​​հեղաշրջում է նախապատրաստվում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում