Գլխավոր Լրահոս

Խաչ կանգնեցնելը քիչ է, դրա վրա նաև մեռնել է պետք

Խաչ կանգնեցնելը քիչ է, դրա վրա նաև մեռնել է պետք

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոչինչ չի հասկացել Քրիստոսի չարչարանքներից։ Նա Ապարանում խաչ է կանգնեցրել և արարողությունը համարել տոնակատարություն։ Այսինքն, դա հավասարեցրել է «Միասնության շուրջպարին»։ Մի քանի հարց է առաջանում՝ ու՞մ կամ ինչի՞ համար է պարոն Հովսեփյանը կանգնեցրել իր իսկ նախագծած խաչը։ Ի՞նչ իմաստ ունի խաչ կանգնեցնել մի երկրում, որտեղ եկեղեցիների և մշակութային արժեքների պակաս չկա։ Ի՞նչ պետք է մեզ՝ հայաստանցիներիս, հիշեցնի հանրապետության գլխավոր մեղադրողի կանգնեցրած խաչը։

Իրողությունը պետք է դիտարկել Աղվան Հովսեփյանից անկախ։ Որովհետև, եթե նրա անունն անընդհատ կապենք խաչի հետ, ուղղակի կարելի է գնալ և հողին հավասարեցնել այն, ինչի վրա Մարդն է տանջվել։ Այլ խոսքով՝ Աղվան Հովսեփյանը գնացող է, նրա խաչը՝ մնացող։ Թեպետ, ես չգիտեմ, թե ինչ է ավելացնելու մեր կյանքում այդ կոթողը։ Ունեի՞նք մենք դրա պակասը, ունեի՞նք այնպիսի արժեքներ, որոնք այս խաչի բացակայության դեպքում պակաս հասկանալի են։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ոչ մի խաչ էլ չկանգնեցվեր, պարզապես Աղվան Հովսեփյանն զբաղվեր իր գործով։ Մյուս կողմից, չէր խանգարի, որ մարդը զբաղվեր նման բաներով, բայց ոչ մեկին ոչ մի մեղադրանք չներկայացներ։

Սակայն մեղադրանքները չեն սպասում։ Մեղադրում են ամեն օր, ամեն առիթով՝ քաղաքական, թե քրեական։ Խաչ կանգնեցնելը որևէ կերպ չի վտանգում որևէ մեկի արժանապատվությունը. նա, ով կարող էր ծանր տանել Աղվանի խաչը, վաղուց տարել է իրենը և տասնյակ հազար այսպիսի խաչերով չես կարող արժեզրկել նրա տառապանքը։ Եվ, ընդհանրապես, տառապանքներն արժեզրկում են ոչ թե անիմաստ խաչերը, այլ անիմաստ մարդիկ։ Աղվանին ոչ ոք չի ասել, որ խաչը կանգնեցվում է միշտ մեկի համար և մեկ անգամ։ Յուրաքանչյուրն ինքն է տանում իր խաչը, այն չի կարելի համընդհանուր ցուցադրության հանել, եթե չես պատրաստվում նրա վրա սպանել որևէ մեկին։

Յուրաքանչյուրի խաչը վերաբերում է իրեն։ Ահա ինչու եմ կարծում, որ Աղվան Հովսեփյանը ոչինչ չի հասկացել Քրիստոսի չարչարանքներից։ Փորձանքն այն է, որ ուրիշները նույնպես կցանկանան գնալ նրա ուղիով՝ այսինքն, ի տես բոլորի կանգնեցնել իրենց խաչը։ Տղե՛րք, կանգնեցնելը քիչ է, դրանց վրա նաև մեռնել է պետք։ Հիմա, եթե մենք այդ խաչը դիտարկենք Աղվան Հովսեփյանից անկախ, այն դառնում է հարգանքի տուրք սոսկ խաչի հանդեպ։ Այսինքն, խաչը դառնում է հուշարձան, որի մասին Ռոբերտ Մուզիլն ասել է. «Հուշարձանները կանգնեցվում են այն բանի համար, որ չնկատենք»։

Ի՞նչ է խաչը։ Եթե այն քո մտքում չես կանգնեցնում, քեզանից դուրս կանգնեցնելն իմաստ չունի։ Բայց եթե այն կանգնեցնում ես քո մտքում, անմիջապես վազում ես դուրս ու փորձում օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր որևէ ողորմածության չեն արժանացել։ Հետևաբար, երբ խաչ ես կանգնեցնում, առաջին բանը, որ պետք է անցնի քո մտքով հետևյալն է՝ ես դեմքով գիտե՞մ մեկին, որն իմ կանգնեցրած խաչի կարիքն ունի։ Եթե գիտես այդպիսի մեկին, ինչո՞ւ ես կանգնեցնում քո խաչը։ Ինչո՞ւ չես ապրում քո ողբերգությունը, ինչո՞ւ ես ուրիշի հետ տեղի ունեցածը հանում համընդհանուր ցուցադրության։ Չէ՞, պարոն Հովսեփյան, Քրիստոսն իր Խաչը չի կանգնեցրել, նա միայն տարել է այն։ Իսկ եթե ոչ մեկին դեմքով չգիտես, վայ մեզ, որովհետև սա միակ խաչը չի լինելու։ Քանզի խաչերի առատությունը սովորաբար ուղիղ համեմատական է այն մարդկանց թվին, որոնց չենք պատրաստվում իմանալ։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում