ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 3 098 արցախցի է դիմել

Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 098 անձ, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։ 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։ Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ին։
Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 696 անձ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հաշվառման են կանգնել 83 942-ը, քաղաքացիության համար դիմել է 2 075 անձ, որոնցից 1 437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Ինչպես տեսնում ենք, բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից հետո դիմողների քանակն ավելացել է 1 023-ով, իսկ քաղաքացիություն ստացողների թիվը՝ 528-ով։
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:
Արցախի քաղաքացիները մինչ այդ էլ կրում էին Հայաստանի Հանրապետության անձնագիր։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքը վկայում է, որ անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է։
Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակին տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ։
«Անձնագիրը, որ այն ժամանակ տրվել է՝ 1999-ին, եթե չեմ սխալվում, այն ժամանակվա ներքին գործերի նախարարի ու Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի միջև միջպետական, այսպես ասած, համաձայնագիր է եղել, որի հիման վրա նշվել է, որ այդ անձնագրերը ուղղակի տրվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես travel document [ճամփորդական փաստաթուղթ], այսինքն՝ որպես փաստաթուղթ, որով հնարավորություն կլինի դուրս գալ երկրից, ճամփորդել։ Կառավարությունը մի շարք դեպքերում իր դիրքորոշումը պնդել է, անգամ Եվրոպական դատարանում է այդ դիրքորոշումը ներկայացրել, որ փաստը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ունի կապույտ անձնագրեր, չի նշանակում, որ նրանք համարվում են ՀՀ քաղաքացի»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում անցած տարի ասել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։
Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի։
Հայկ Ղազարյան
Civilnet










