Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։ Այդ մասին նշված է դեսպանության տելեգրամյան ալիքում։
Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ։ Նրա գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։
Ավելի վաղ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր Իրանից 500 մլն դոլարի զենք ձեռք բերելու լուրը․ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Civilnet











