2024-ի հունիսի դրությամբ Հայաստանը միջազգային գործընկերներից 109 մլն դոլարի աջակցություն կամ աջակցության խոստում է ստացել՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները լուծելու համար։ Սա երևում է կառավարության 2023-ի կատարողականից։ Ընդ որում, նշված գումարի էական մասը ոչ թե արդեն իսկ ստացված օգնությունն է, այլ խոստումները միջազգային գործընկերների կողմից։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում առաջարկում է աջակցության չափի հարցում առաջ ընկնող համեմատություններ ու գնահատականներ չհնչեցնել։
«Այնուամենայնիվ, հարյուրավոր միլիոնների դոլարներ չեն այս պահի դրությամբ, բայց այստեղ ի՞նչն է կարևոր։ Այստեղ կարևոր է, որ մենք սկսենք ծրագիրը (տեղահանվածներին բնակարաններով ապահովելու) և հետո մեկնարկին համապատասխան, ընթացքին համապատասխան՝ մեր միջազգային գործընկերներին բացատրելով, հնարավորություն տանք, որ միանան աջակցությանը»,- ասաց Խաչատրյանը։
Աջակցության 109 մլն դոլարի մեծ մասը խոստումներ են տարբեր միջազգային կազմակերպություններից։ Ըստ այս գումարի կառուցվածքի՝ 50 մլն դոլարը պետք է ստացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից (UNHCR)։ Փոխվարչապետի խոսքով՝ դեռ հստակ չէ՝ «սա ինչ չափով է խոստում և ինչ չափով՝ փաստացի ստացված գումար»։
109 մլն-ից 16 մլն-ն ձևավորվել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիք հիմնադրամ»-ին (Global Preferential Financing Instrument Fund) Հայաստանին միանալու արդյունքում։ Սա, ըստ փոխվարչապետի, բյուջետային աջակցություն է և ստացվելու է տարվա ընթացքում։
Չինաստանը Արցախից բռնի տեղահանվածների համար հատկացրել է 1 մլն դոլար, որը տրամադրվելու է երկու փուլով, կառավարությունն առաջին տրանշն արդեն ստացել է։
Ֆինանսների նախարարությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության հաշվեհամարին 350 000 դոլար է փոխանցել Լիտվան, 50 000 դոլար` Լատվիան։
Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագրով» Հայաստանը ստանալու է 15 մլն եվրո։ Փոխվարչապետի խոսքով՝ սա «բյուջետային ուղիղ աջակցություն է»։
Շուրջ 26 մլն դոլարի աջակցության մասին է հայտարարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ICRC), 13,2 մլն դոլարի աջակցության էլ խոստացել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID). այս երկուսի դեպքում դեռ պարզ չէ՝ նշված գումարների որ մասն է արդեն փաստացի ստացվել բյուջե, որ մասն է շարունակում մնալ խոստում։

Նախընտրելի չէ՞, արդյոք, որ միջագզային գործընկերների փոխանցումները լինեն ուղիղ բյուջետային հատկացումներ, ինչպես արել են Լատվիան, Լիտվան, Չինաստանը։ «Կառավարության համար, այո՛, բայց ոչ բոլորի աշխատակարգերն են այնպիսին»,- ասում է փոխվարչապետը։ Խաչատրյանը կարծում է, որ խոստումների ձևով գումարը ի վերջո կտրամադրվի։ «Աջակցության գերակշիռ մասը միջազգային կազմակերպությունների տված խոստումներն են։ Դոնորը հայտարարում է՝ կաջակցի այս գումարի սահմաններում, մենք էլ տեղեկություն չունենք՝ այդ աջակցությունը եղել է, թե նախատեսվում է վեց ամիս հետո»,- ասում է Տիգրան Խաչատրյանը։
Նա բերում է օրինակ, երբ բռնի տեղահանվածներին 40+10 000 դրամական աջակցության ծրագրի իրականացման դեպքում միջազգային տարբեր կազմակերպություններ շահառուների ցանկեր են ստացել կառավարությունից և վճարումներ արել։ Ըստ փոխվարչապետի՝ 3,5 մլրդ դրամի աջակցության մի ծրագրով, 1,5 մլրդ դրամի մեկ այլ աջակցության ծրագրով ներգրավվել է միջազգային գործընկերների աջակցությունը։
Խաչատրյանը աջակցության հնարավոր այլ մեխանիզմների մասին է խոսում. «Ի՞նչ են ասել մեզ մեր միջազգային գործընկերները։ Ասել են՝ բացատրեք, թե ինչ եք մտադիր անել, ինչ եք ակնկալում, որ մենք անենք ու մենք կորոշենք աջակցության և՛ չափը, և՛ ձևը։ Մենք միջազգային գործընկերներինբացատրել ենք, թե ինչպես ենք իրականացնելու աջակցության ծրագրերը։ Իրենք առաջին բանը, որ ասել են՝ օրինակ՝ այս կամ այն աջակցության ծրագրում եթե բանկերը ֆինանսական միջոցների պակաս, խնդիր ունեն, մենք բանկերին կտանք անհրաժեշտ լիկվիդայնություն ու դա և մեզ համար, և բանկերի համար կարևոր աջակցություն է։ Այդկերպ մենք կարող ենք վստահ լինել, որ որ հաստատված աջակցությամբ մարդը կգնա բանկ, ու բանկը չի ասի գնա, երկու շաբաթից կգաս կամ մեկ այլ բան»,- բացատրեց փոխվարչապետը՝ հույս հայտնելով, որ աջակցության չափը կավելանա։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet











