Գլխավոր Լրահոս

Չինաստանը վեց տարում եռապատկել է հետախուզական արբանյակների թիվը, ձգտում է սասանել ԱՄՆ գերակայությունը

Չինաստանը վեց տարում եռապատկել է հետախուզական արբանյակների թիվը, ձգտում է սասանել ԱՄՆ գերակայությունը

Չինաստանը վերջին վեց տարում եռապատկել է Երկրագնդի ուղեծրում իր հետախուզական և դիտարկման արբանյակների թիվը․ այս մասին հայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սթիվեն Ուայթինգը (Stephen Whiting), նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հոդվածում։

Ուայթինգը հուլիսի 17-ին Կոլորադոյում Ասպեն վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին ասել է, որ Չինաստանը մի քանի հարյուր արբանյակ է արձակել ուղեծիր հետախուզության, վերահսկողության և թիրախների հայտնաբերման նպատակներով:

«Հարյուրավոր արբանյակներ, որոնք հատուկ նախագծվել և ստեղծվել են, որպեսզի հետևեն, գտնեն, տեղորոշեն ու, այո՛, թիրախավորեն, ըստ էության, նաև Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների ուժերին Հնդկա-խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանում»,- ասել է նա:

Գեներալ Ուայթինգն այս հայտարարությունն անում է Չինաստանի կողմից արևմտյան կառավարությունների և պաշտպանական կառույցների դեմ մի շարք կիբեր հարձակումներից հետո։ Այդ հարձակումները, ըստ նյույորքյան աջակողմյան Epoch Times թերթի, ձեռնարկում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը՝ նպատակ ունենալով մատչում ստանալ առաջատար, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաներին։

Չինաստանը 2022-ին ազդարարել է տիեզերական առաջատար տերություն դառնալու հավակնությունների մասին, ինչի մասին ասվում է Պեկինի հրապարակած Տիեզերական ծրագրում։

Այս զեկույցի հրապարակումից հետո Չինաստանը արբանյակների ամենամյա արձակումների թվով դարձել է առաջատար։ Չինաստանը զարգացնում է նաև նոր մոդուլային հրթիռային համակարգերը և Լուսնի վրա Ռուսաստանի հետ համատեղ բազա է կառուցում:

Պեկինի տիեզերական ծրագրում նշվում է, որ Չինաստանը պրոակտիվ է լինելու երկրի ներքին տիեզերական արդյունաբերությունը զարգացնելու և արտասահմանյան տեխնոլոգիաները յուրացնելու գործում։

«[Չինաստանը] կօգտագործի թվային հարաճուն արդյունաբերության և ավանդական ճյուղերի թվային վերափոխման հնարավորությունները, որպեսզի խթանի տիեզերական տեխնոլոգիաների փոխանցումն ու կիրառումը»,- նշվում է զեկույցում: «Գործում են տիեզերական և գիտական ​​մի շարք խոշոր նախագծեր՝ խթանելու տիեզերագիտությունն ու տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը, որը առաջնորդում է ընդհանուր տեխնիկական առաջընթացը»,- ասված է Տիեզերական ծրագրում:

Գեներալ Ուայթինգն ասել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերը քայլեր են ձեռնարկել նման սպառնալիքների դեմ ամերիկյան արբանյակների համաստեղություններն «ավելի դիմացկուն» դարձնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ արբանյակների վրա պաշտպանական նոր համակարգերի ներդնումը կտեղայնացնի վտանգը, և մեկ արբանյակի վրա հարձակման դեպքում չի խաթարվի ամբողջ համակարգի գործունեությունը։ 

«Մենք հիմա ականատեսն ենք, երբ արբանյակային մեր համաստեղությունների մի ամբողջ զանգված նվազ փոխկապված և ավելի բաշխված լինելու ուղղությամբ է գնում, արբանյակներ, որոնք այդ սպառնալիքների դեմ ունեն ներկառուցված պաշտպանական կարողություններ»,- ասել է նա:

Ասպեն վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին ԱՄՆ բանակի հետախուզական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Քրուզն (Jeffrey Kruse) իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի կոմունիստական վարչակարգը ձգտում է իր տիեզերական կարողություններն օգտագործել աշխարհում ամերիկյան գերակայությունը խաթարելու համար։

«Չինաստանը նպատակ ունի սասանել Միացյալ Նահանգների առաջատարությունը տիեզերքում և տիեզերքն օգտագործել ի վնաս մեզ»,- ասել է գեներալ Քրուզը։ Նա հավելել է, որ Չինաստանի ղեկավարության ռազմավարական նպատակն է խաթարել ԱՄՆ-ից չափից ավելի մեծ կախվածությունը տիեզերքում, քանի որ տիեզերական ենթակառուցվածքներից շատ բան է կախված՝ ֆինանսական փոխանցումներից մինչև քարտեզագրական հավելվածներ։

Այս իսկ պատճառով, ըստ ամերիկացի գեներալի, Չինաստանը ներդրումներ է կատարում այնպիսի սպառազինությունների զարգացման մեջ, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի ուղեծրային համակարգերը ոչնչացնելու կամ ճնշելու համար։

Ըստ Քրուզի՝ Չինաստանի ​​ղեկավարությունը կարծում է, որ այդ սպառնալիքի միջոցով կարող է ստիպել ԱՄՆ-ին փոխել վարքագիծը և հարմարվել իր ռազմավարական նպատակներին:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը սկզբիցևեթ՝ դեռ հակամարտությունից առաջ, տիեզերքի օգտագործումը դիտարկել են որպես վարքագիծ զսպելու կամ պարտադրելու կարևոր կարողություն,- ասել է գեներալ Քրուզը։- Այն, ինչ մենք ենք տեսնում, էներգետիկ մահակի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և հակարբանյակային կարողությունների ուղղությամբ հսկայական ջանքերն են»։ 

Հարձակումների հակադարձման առումով ԱՄՆ արբանյակային ճարտարապետությունը դեռ խոցելի է։ Ենթադրվում է, որ Չինաստանը փորձեր է ձեռնարկում այդ խոցելի կետերը գտնելու, և որ այդ ռազմավարությունը տեղավորվում է Չինաստանի վարչակարգի ավելի լայն՝ տեխնոլոգիահեն գործողությունների ծիրում, այդ թվում՝ կիբերհարձակումների։

Epoch Times-ը վկայակոչում է ամերիկյան հետախուզական պաշտոնյաների, ըստ որոնց՝ իր տիեզերական հզորությունն ընդլայնելու Չինաստանի այս ջանքերը ավելի լայն ռազմավարության մասն են, որոնք զինված հակամարտության պարագայում ենթադրում են նաև ուղիղ հարվածներ ԱՄՆ բուն տարածքին։

Ըստ The Sun թերթի՝ ԱՄՆ տիեզերական ուժերի Space Delta 2 ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Ռաջ Ագրավալն (Raj Agrawal) ասել է, որ Չինաստանը մտնում է տիեզերական մրցավազքի մեջ։ (Space Delta 2-ը տեղակայված է Կոլորադո նահանգում և դիտարկում/վերահսկում է մարդու կողմից ուղեծիր արձակված բոլոր օբյեկտները): Իսկ ԱՄՆ տիեզերական ուժերի հետախուզական էսկադրիլիայի հրամանատար, գնդապետ Թրեվիս Անդերսոնն (Travis Anderson) ասել է, որ Չինաստանը կարողություն ունի դիտարկելու Ամերիկայի և դաշնակիցների նավերը ամբողջ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Ըստ ԱՄՆ Տիեզերական ուժերի՝ Չինաստանը տիեզերքում ունի մոտ 350 հետախուզական արբանյակ, ինչը 300 տոկոսով ավելի է 2018-ի ցուցանիշից, և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի ռազմավարությունն է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նվազեցնելու արևմտյան ազդեցությունը:

Հոնգկոնգյան South China Morning Post թերթի համաձայն՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը էապես մեծացրել է օդատիեզերական ոլորտի ֆինանսավորումը, որպեսզի իր (բանակի) հիմնադրման 100-ամյակի տարում հասնի արդիականացման նախատեսված նպատակին, ինչը ճանապարհ կհարթի, որ Չինաստանը մինչև 2049-ը դառնա աշխարհի առաջատար ռազմական տերություն։

Վերջին տասնամյակի ընթացքում իր ամենամեծ կառուցվածքային բարեփոխման ընթացքում Չինաստանն այս տարվա սկզբին կազմալուծեց իր բանակի՝ 2015-ին ստեղծված Ռազմավարական աջակցության ստորաբաժանումը, որը պատասխանատու էր կիբեր-, տիեզերական, էլեկտրոնային և հոգեբանական պատերազմների համար, հաղորդում է South China Morning Post-ը։

Չինաստանի ժողովրդական բանակն այժմ բաղկացած է չորս բաղադրիչից՝ բանակ, նավատորմ, օդուժ և հրթիռային ուժեր, և չորս զինատեսակներից՝ օդատիեզերական, կիբերտարածության, տեղեկատվական և միացյալ լոգիստիկ աջակցության։ 

Ամերիկյան Newsweek հանդեսը, վկայակոչելով ԱՄՆ տիեզերական ուժերի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ Չինաստանը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի մենաշնորհին տիեզերքում, քանի որ նրա նոր՝ հեռակառավարվող արբանյակները թույլ են տալիս վերահսկել ամերիկյան ռազմական ակտիվները ամբողջ աշխարհում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում