Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումներն իրականացվում են առանց հանրային մասնակցության, հայտնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիան կենտրոնը (ԹԻՀԿ)։
«Հանրային լսումներին մասնակցել է ընդամենը տասնմեկ ներկայացուցիչ քաղաքապետարանից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից։ Լսումների ժամանակ մասնակիցների մոտ հարցեր չեն առաջացել»,- ասված է հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հայտարարությունում։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը նշում է, որ գործընթացը խնդրահարույց է եղել ի սկիզբնե։ Մասնավորապես, հանրային լսումների ծանուցումը չի պարունակել նկարագիրը, գլխավոր հատակագծի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը և տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները:
«Ծանուցման տեքստում նշվում է երկու հեռախոսահամար՝ մեկը տեղեկատվություն ստանալու («Երևաննախագիծ» ՓԲԸ), մյուսը՝ առաջարկությունները հավաքագրելու համար (Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն), որոնցով բազմակի զանգեր անելուց հետո ԹԻՀԿ աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հասանելիություն ունենալ նախատեսվող փաստաթղթին: Հետագայում «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ այս փուլում որևէ թուղթ չեն կարող տրամադրել, թեև փաթեթն արդեն տրամադրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձաքննության նպատակով։ Այսպիսով, հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որևէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ»,- ասված է հայտարարությունում։
Հակակոռուպցիոն կենտրոնից հիշեցնում են, որ 2005 թ-ին Երևանի գլխավոր հատակագիծը անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տևողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։
ԹԻՀԿ-ն առաջարկել է քաղաքապետարանին վերսկսել Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային ծանուցման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացը՝ ապահովելով բավարար պայմաններ շահագրգիռ հանրության արդյունավետ և բովանդակային մասնակցության համար։
Civilnet











