Հայաստանը կորցնում է արտահանման պոտենցիալը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստանի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Այդ մասին ասված է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի` 2024-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումներին նվիրված վերլուծությունում:
Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով, որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:
«Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10,0%-ով»,- ասված է զեկույցում:
Սա, ըստ վերլուծության հեղինակների, բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:
Որպես մեկ այլ մտահոգիչ գործոն նշվում է պետական բյուջեի ցուցանիշների թերակատարումը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,3 տրլն դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187 մլրդ դրամ՝ 116 մլրդ դրամով պակաս:
Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130 մլրդ դրամով: «Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5,1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ»,- ասված է զեկույցում:
Տնտեսական ակտիվության տեմպի թուլացման և հարկային հավաքագրումների թերակատարման ֆոնին, ըստ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի զեկույցի, վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով:
«2024-ին սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29,5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22,5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով»,- ասված է վերլուծության մեջ:
Civilnet










