Վրաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել է ենթաօրենսդրական ակտ, որով ստեղծվում է մարմին՝ պատասխանատու օտարերկրյա գործակալներ պիտակավորված կազմակերպությունների գրանցման և մոնիտորինգի համար՝ նախքան օրենքն ուժի մեջ կմտնի:
Արդարադատության նախարարությունը երկուշաբթի հրապարակել է որոշում, որի հիման վրա Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում ստեղծվում է Ֆինանսական հաշվետվությունների վարչություն։ Գերատեսչությունը պատասխանատու կլինի «օտար երկրի շահերն սպասարկող» կազմակերպությունների գրանցման և նրանց հարկային հայտարարագրերի մոնիտորինգի համար։
Որոշմամբ՝ գործակալությունը աջակցություն կառաջարկի նախարարության՝ այդ կազմակերպություններով զբաղվող աշխատակիցներին:
Վրաստանի օտարերկրյա գործակալների օրենսդրությունը քաղաքացիական հասարակության կամ լրատվական որևէ կազմակերպության, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է արտերկրից, որակում է «օտար երկրի շահերն սպասարկող կազմակերպություն»: Կազմակերպությունները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մոնիտորինգի կենթարկվեն, ինչը, ըստ իրավաբանների, կարող է վերաբերել նաև նրանց ներքին հաղորդակցությանն ու գաղտնի աղբյուրների բացահայտմանը: Այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի պահանջները, կենթարկվեն խոշոր տուգանքների:
Երեքշաբթի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն լրագրողներին ասել է, որ կազմակերպությունները, որոնք համապատասխանում են օտարերկրյա գործակալների օրենքի չափանիշներին, արդեն կարող են գրանցվել որպես «օտար երկրի շահերն սպասարկող կազմակերպություններ»։
«Եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, ապա չի ենթարկվում Վրաստանի օրենսդրությանը։ Համապատասխան պատասխանատվությունը գրված է օրենքում, ինչը նշանակում է տուգանք 25 000 լարիի չափով (9 200 դոլար)»,- ասել է նա։
Օրենքը, ըստ նախատեսվածի, ուժի մեջ կմտնի օգոստոսին, որից հետո 30 օրվա ընթացքում դրա գործողության ներքո գտնվող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ։
Այն կազմակերպությունները, որոնք կհրաժարվեն կատարել օրենքի պահանջները, կտուգանվեն և որպես օտարերկրյա գործակալ կգրանցվեն գերատեսչության կողմից:
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կատաղի հակազդեցության է արժանացել Վրաստանի ներսում և միջազգային մակարդակում։ Օրինագծի՝ կրկին շրջանառության մեջ դրվելուց հետո Վրաստանում փողոցային բողոքի ալիքներ սկսվեցին, իսկ Արևմուտքը նախազգուշացրեց, որ դա կարող է խաթարել Վրաստանի ԵՄ ձգտումները:
Օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դադարեցրել է ֆինանսական օգնությունը Վրաստանին, իսկ ԱՄՆ-ը հետաձգել է իր ամենամյա զորավարժությունները Վրաստանում:
ԵՄ պաշտոնյաները նաև հայտարարել են, որ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները հետաձգվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի և կառավարության հակաարևմտյան հռետորաբանության պատճառով:
Հունիսի սկզբին Վաշինգտոնը հաստատեց, որ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների՝ օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման և օրենսդրության դեմ բողոքի ցույցերը ճնշելու մեջ նրանց դերի համար:
Չնայած Թբիլիսիի և Արևմուտքի միջև աճող լարվածությանը՝ տեղական լրատվամիջոցները երկուշաբթի հայտնել են, որ Վրաստանի ԱԳՆ-ն հրավիրել է ԵՄ մի քանի դեսպանատների ներկայացուցիչների, որպեսզի ներկայացնի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացում ինը առաջարկությունների գծով առաջընթացը։
Civilnet











