Համաշխարհային բանկի Doing Business-2013 ամենամյա զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանի պատմության մեջ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
«Այս մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարելավում ենք ունեցել: 184 երկրների շարքում զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց մենք դեռևս առաջընթացի լուրջ տեղ ունենք, և մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի դիրքի հետագա բարելավմանը»,- ասել է վարչապետը:
Մասնավորապես` Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշում` առաջ գնալով 73 կետով և զբաղեցնելով 25-րդ տեղը: Բարելավվել է նաև «Հարկերի հավաքագրման» ցուցանիշը՝ 44 կետով, «Շինարարության թույլտվության»՝ 3 կետով, «Էլեկտրականության հասանելիության»՝ 42 կետով:
Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը` 14, Ռուսաստանը` 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը և Մոլդովան՝ 3-ական կետերով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է մեկ կետով:
Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է՝ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` տարածաշրջանի երկրների շարքում ամենաշատ բարեփոխումներ կատարած երկիրը Վրաստանն է: «Հաշվետվությունը ցույց է տալիս, որ Վրաստանը, գործարարությամբ զբաղվելու դյուրինության համաշխարհային վարկանիշային դասակարգման համաձայն, դասվել է լավագույն տնտեսությունների տասնյակում: Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել վեց ոլորտներում՝ ավելի, քան տարածաշրջանի որևէ այլ պետություն: Բարելավումներ են արձանագրվել վարկերի ստացման, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման, ընկերությունների լուծարման և էլեկտրաէներգիայի ստացման ուղղությամբ»,- ասված է ՀԲ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է:
Civilnet











