Աբխազիայում ընդդիմադիր գործիչներից մեկը, որի անունը հայտնի չէ, հայտարարել է, որ նախագահ Ասլան Բժանիան նկատողություն է արել տեղի պաշտոնյաներին այն բանի համար, որ նրանք չեն կարողացել զսպել վերջին բողոքի ակցիաները՝ ընդդեմ բնակարանների մասին չեղարկված օրենքի, և նրանց հրահանգել է սադրել ընդդիմադիր գործիչներին:
Ըստ բլոգերի պնդման՝ Բժանիան նրանց նկատողություն է արել բնակարանների մասին վիճելի օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ իրենց պահվածքի համար՝ իրավապահ ուժերին քննադատելով, որ չեն կարողացել բերման ենթարկել ցուցարարներին։
Sit Maan անունով անանուն բլոգերը, որն Աբխազիայի կառավարության մասին հաճախ է հրապարակումներ անում «Правда Абхазии!» ֆեյսբուքյան հանրային խմբում, հայտարարել է, որ Բժանիան ուրբաթ երեկոյան հանդիպել է իրավապահների և տեղական պաշտոնյաների հետ:
Աբխազիայում փողոցային զանգվածային ցույցերից հետո խորհրդարանը ստիպված եղավ հետ կանչել օրենքը, որը, ընդունվելու դեպքում, օտարերկրյա քաղաքացիներին թույլ կտար շրջանցել Աբխազիայում անշարժ գույք ունենալն արգելող կանոնակարգերը:
Վկայակոչելով նախագահական վարչակազմի անանուն աղբյուրները՝ Sit Maan-ը պնդել է, որ Բժանիան տեղի պաշտոնյաներին հրահանգել է սադրել ընդդիմադիր գործիչներին, որպեսզի վերջիններս «անօրինական գործողություններ» կատարեն, ինչպես նաև առաջարկել է խրախուսել հանցավոր խմբերին, որպեսզի նրանք թիրախավորեն ընդդիմության անդամներին և այդ կերպ շեղեն նրանց իրենց քաղաքական գործունեությունից։
Ըստ Sit Maan-ի՝ Բժանիան տեղի պաշտոնյաներին ասել է, որ իրենք «չքավորներ» կդառնան, եթե ներկայիս կառավարությունը չհաղթի հաջորդ տարի նախատեսված նախագահական ընտրություններում։
Նախագահական վարչակազմից նաև ասել են, որ Բժանիան հանդիպման ընթացքում առանձնացրել է մի քանի բարձրաստիճան ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «Արուա»-ի (վետերանների խումբ) նախագահ Թիմուր Գուլիային, էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբային և Սուխումիի նախկին քաղաքապետ Կան Կվարչիային:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Բժանիան պաշտոնանկ էր արել Պետանվտանգության ծառայության նախագահ Ահիբա Թիմուրին և նրա փոխարեն նախագահի պաշտոնակատար նշանակել Դմիտրի Կուչուբերիային։ Ընդդիմադիր մեկնաբանները ենթադրում են, որ դա պայմանավորված է նրանով, թե ինչպես է Պետանվտանգության ծառայությունն իրեն դրսևորել բողոքի ցույցերի ժամանակ։
Կառավարությունը դեռ ո՛չ հաստատել էլ, ո՛չ էլ հերքել, թե արդյոք հանդիպումը կայացել է։
Civilnet











