ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում․ պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այդ մասին օգոստոսի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է ձերբակալվածներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»,- ասել է Պատելը։
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:
Civilnet










