Բնական վիճակներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով գնալու հետ կապված ասել է. «…Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը, նաև ես այն համոզմանն ենք, որ խորհրդարանական ընտրություններում վստահության նման քվե ստացած քաղաքական ուժը պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Ավելին՝ ես կարող եմ ասել, որ այդ թեկնածուն կոնկրետ ինձ համար միայն Գագիկ Ծառուկյանն է»:
Որևէ երկրում երկրորդ ամենամեծ կուսակցության համար տրամաբանական և նորմալ չի կարող լինել մեկ այլ կուսակցության թեկնածուի սատարելու մասին որոշումը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, Ֆրանսիայում Սարկոզին հայտարարեր Օլանդի թեկնածությունը պաշտպանելու մասին կամ, հեռու չգնանք, Վրաստանում Իվանիշվիլին հայտարարեր Սաակաշվիլիին աջակցելու մասին (կամ հակառակը):
Ցանկացած պետությունում բնական է, որ բոլոր կուսակցություններն էլ ձգտում են իշխանության: Առավել ևս, բնական է, որ երկրորդ խոշոր կուսակցությունը փորձի դառնալ առաջինը և իր ուժերն ու քաղաքական դաշտը մոբիլիզացնելով՝ վերցնի իշխանությունը:
«Բարգավաճ Հայաստանի» քաղաքական թիմի տարբեր անդամների կողմից հայտարարությունները խոսում են, որ կուսակցությունում գերիշխում է այդ դիրքորոշումը, ինչը բնական է. քանի դեռ ԲՀԿ-ն այլ որոշում չի կայացրել, անբնական ու անտրամաբանական է ակնկալել հակառակը: Ճիշտ է, 2011թ. փետրվարին ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ստորագրել էր կոալիցիոն հուշագիր, որով հայտարարել էր, որ 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն ակնհայտ է, որ այդ հուշագրի ստորագրումը եղել է ՀՀԿ-ի ուժեղ ճնշման ներքո, որի վկայությունն այն է, որ 2011թ. ընթացքում և 2012թ. ԲՀԿ ղեկավարը նախագահական ընտրությունների մասին քանիցս հայտարարել է՝ «այդ մասին հաջորդ դասին», այսինքն՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիմա հաջորդ դասի ժամանակն է, և ԲՀԿ-ն նման է դասը լավ սովորած աշակերտի, որը գիտակցում է իր առաջադրանքի լրջությունն ու կարևորությունը, բայց չի շտապում պատասխանել:
Civilnet










