Գյումրու մանկատանը երկու տարեկան երեխա է մահացել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ երեխան ունեցել է առողջական խնդիրներ։
«Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): Մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ»,- նշում են գերատեսչությունից։
Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հաղորդել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։
Civilnet











