Գլխավոր Լրահոս

Ո՞ր փուլում է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը․ զրույց փոխնախարարի հետ

Ո՞ր փուլում է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը․ զրույց փոխնախարարի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների էներգետիկ գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել է նոր ատոմակայանի կառուցման, դրա նպատակով ընկերություն ստեղծելու, քննարկվող տարբերակների մասին։ Հարցազրույցի կարևոր թեմաները՝ համառոտ։

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը

Կառավարությունը հայտնել էր, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի։

Մեկամսյա ժամկետում կնշանակվի ընկերության ղեկավար, որը կսկսի համալրումներ իրականացնել ընկերության կազմում։ Դեռ պարզ չէ՝ ղեկավարը պաշտոնյա կլինի, թե անհատ փորձագետ։ Ստեղծվելիք ընկերության գործառույթը լինելու է ծրագրի իրականացումը ներկա փուլում։ Այս պահին առաջադրանքը կառավարությանը առաջարկվող այն տարբերակների ներկայացումն է, որոնք համապատասխանում են Հայաստանի կարիքներին։ Կառուցելու վերաբերյալ որոշման կայացումից հետո ընկերությունը կդառնա էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացնող, ամբողջ ընթացքը կազմակերպող և ղեկավարող։ Հակոբ Վարդանյանը նշում է, որ կազմակերպության ստեղծմամբ ատոմակային նոր բլոկի կառուցման գործընթացն ավելի առարկայական փուլ է մտել։

«Այսինքն՝ ինքը ապրող օրգանիզմ է լինելու, անընդհատ փոփոխությունների է ենթարկվելու»,- ասում է Վարդանյանը։

Ատոմակայանի հզորությունը

Նոր ատմոկայանի մասին քննարկվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։ Ռուսական ռեակտորների հզորությունը մոտ 1000-1200 ՄՎտ է։ Հայաստանին, մինչդեռ, ավելի հարմար է նվազ հզորությամբ ատոմակայանը։

Ներկայում երկրի ամբողջ էներգետիկ պահանջարկը մոտ 1200 ՄՎտ է։ Եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցվի, այն կծածկի ներքին ամբողջ պահանջարկը, իսկ դրա կանգնելը վտանգ կլինի տնտեսության և էներգետիկ համակարգի համար։

Ակտիվ քննարկվում է նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմական կառուցվելու հնարավորությունը։

Ի՞նչ է անում նախարարությունը

Մենք բանակցում ենք տարբեր երկրների, տարբեր կազմակերպությունների հետ։ Ամեն մեկն առաջարկում է իր տեխնոլոգիաները։ Այդ բոլոր առաջարկներից պետք է գտնել մեզ համար լավագույնը։ Սա բավական ծանր և մեծ աշխատանք է։ Հազարավոր էջերով փաստաթղթեր են։ Պետք է հաշվի առնել շատ կողմեր՝ հզորություն, կառուցման ժամկետներ, լիցենզիաներ, հետագա շահագործման հետ կապված հարցեր, վառելիք։ Այս ամենը պետք է վերլուծել։ Դրա համար հարկավոր է ապահովել մասնագիտական մեծ ներուժ և կենտրոնացվածություն

Սպառման հզորությունը կմեծանա՞

Հուսով եմ, որ մեր երկրի տնտեսությունը այնպես կզարգանա, որ սպառումն ավելանա։ Բայց եկեք հետ գնանք 2008 թվական, երբ Հայաստանում կրկին ակտիվ քննարկվում էր նոր էներգաբլոկի կառուցումը։ Այդ ժամանակ կանխատեսած սպառումը իրականություն չի դարձել։ Հիմա, երբ կանխատեսումներ ենք անում, փորձում ենք ստանդարտ տարեկան 3-4 տոկոսը ի նկատի ունենալ։

Տեսականորեն մեծ բլոկները կարող են աշխատել, բայց դա շատ գործոններից է կախված, օրինակ՝ միջհամակարգային գծերից։ Արդյոք միջհամակարգային գծերը միայն Իրանի հետ կլինեն, թե մյուս հարևանների հետ էլ։ Վրաստանի հետ կառուցում ենք, բայց դա մեզ համար հարց չի լուծում։ Վրացական էներգահամակարգը բավականին փոքր է և չի կարող մեզ համար համակարգային ծառայություններ մատուցել։ 

Եթե Թուրքիայի հետ միջհամակարգային գիծ ենք ունենում, սա իրավիճակը փոխում է։ Բայց արդյոք պե՞տք է որոշումը կայացնել հնարավոր այդ գծերից ելնելով։ Ես կարծում եմ, որ մենք բլոկներ կառուցելիս պետք է առաջնորդվենք ավելի շատ մեր ներքին սպառումով։ 

Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման ծրագիրը

Մրցույթը տեղի չունեցավ, որովհետև նախապես որակավորված ընկերությունները չմասնակցեցին։ Այս պահին խորհրդատուի հետ փոփոխություններ են արվում։ Շուտով խորհրդատուն կսկսի բանակցային եղանակով կապալառուներ ներգրավել։ Խնդիրն այն է, որ տեխնոլոգիաներին շատ կապալառուներ չեն տիրապետում, այսինքն՝ քիչ արտադրողներ կան։ Նախկին պայմանները բավականին խիստ են եղել, որոնք դե ֆակտո միայն եվրոպական ընկերություններին էին հնարավորություն տալիս մասնակցել։

Կարծում եմ՝ եթե հաջողվի, մյուս տարվա ապրիլ-մայիսին պետք է ունենանք պայմանագրեր, և ծրագիրը կսկսվի։

ԱՄՆ-ի հետ առարկայական փուլ մտնելու մասին Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի համաձայնագիր և ատոմային ուղղությամբ համագործակցում է միայն այն երկրների հետ, որոնք միանում են դրան, այսինքն՝ ստորագրում և վավերացնում են այն։ Հայաստանը չի միացել այդ համաձայնագրին, ինչը նշանակում է, որ ցանկացած խոսակցություն իրավական առումով իրենց երկրում հնարավոր չէ։ Միջուկային ոլորտում աշխատող որևէ ընկերություն չի կարող Հայաստանի հետ առևտրային հարաբերության մեջ մտնել, մինչև Հայաստանի Հանրապետությունը չմիանա դրան։ Կարծում եմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հենց դա նկատի ուներ․ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ համաձայնագրին միանալու առաջարկով։

Նոր ատոմակայանի գինը և ֆինանսավորումը

Պետությունը պատվիրելու է, և գնորդը լինելու է այն երկրից, որից կգնենք ատոմային տեխնոլոգիան։ Սա ընդունված պրակտիկա է։ 

Որոշ առաջարկներում գներ արդեն ունենք։ Երբ հստակ կունենանք բոլոր առաջարկների գները, կամփոփենք։ Հիմա չեմ կարող ասել, որովհետև մենք բոլոր երկրների հետ գաղտնիքի չհրապարակման պայմանագիր ունենք։ Բացի այդ, աշխարհը փոխվում է, և մինչև պայմանագրում չվերջնականացվի, հրապարակելու իրավունք չունենք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում