Գլխավոր Լրահոս

Հայ-իրանական էներգետիկ նախագծերը կրկին միայն քննարկվում են

Հայ-իրանական էներգետիկ նախագծերը կրկին միայն քննարկվում են

Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան է ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Արմեն Մովսիսյանի խոսքով` երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական համագործակցության բնագավառում համապատասխան ակտիվություն:

«Ներկայումս օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ հէկերի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում»,– ասել է նա:

Նախարարը կարևորել է նաև երկկողմ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը:

«Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ, և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը»,– ասել է Արմեն Մովսիսյանը` նշելով, որ տնտեսական հարաբերությունների աշխուժացման շնորհիվ որոշակի աճ են գրանցել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները և երկկողմ հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն և առկա բարձր մակարդակի ներուժը պահանջում է, որ կարճ ժամանակահատվածում այդ թվերը կրկնապատկվեն, եռապատկվեն:

«Կարծում եմ, որ այս ոլորտում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Գոհունակությամբ պետք է նշել, որ այս առնչությամբ ակտիվություն է նկատվում միջմարզային համագործակցության շրջանակում»,– ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ 2013թ. ուղերձում Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի մասին որևէ խոսք չկար։

«Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք, իհարկե, առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»,– ասել է Մովիսյանը:

 Նիստի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին Երևանում Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը համապատասխան նախարարություններին հանձնարարել էին հաջորդող վեց ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը՝ Արաքս գետի վրա հէկերի, Հայաստան-Իրան երկաթգծի և Թավրիզ-Երասխ նավթատարի կառուցման ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար: Նշենք նաև, որ Մեղրիի հէկի, Թավրիզ-Երասխ նավթամթերքատար խողովակաշարի, Իրան-Հայաստան 400 կՎտ հզորությամբ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը Հայաստանը և Իրանը քննարկում են մոտ հինգ տարի։ Քննարկման փուլում էր նաև երկու երկրների երկաթուղային համակարգերի միացման ծրագիրը։

Եթե մոտ $1,8 մլրդ արժողությամբ և 380 կմ երկարությամբ երկաթուղային նախագծի իրականացումը պայմանավորված է առավելապես հայկական կողմի գործողություններով (ֆինանսավորման աղբյուրների հայթայթում), ապա մյուս երեք ծրագրերը կախված են Իրանի ֆինանսական կարողություններից։ Հենց իրանական կողմը պետք է ֆինանսավորի երեք այս նախագծերի ընդհանուր առմամբ մոտ $600 մլն գնահատված ներդրումները։

Այսպես՝ Արաքս գետի վրա 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և $323 մլն արժողությամբ Մեղրիի հէկի կառուցման ծրագիրը պետք է իրականացվեր «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով։ Իրան-Հայաստան 400 կՎտ հզորությամբ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը (շինաշխատանքները գնահատվել են €107,9 մլն) նույնպես պետք է իրականացվեր իրանական վարկային միջոցներով։ Իրանը պետք է 50% մասնաբաժնով մասնակցություն ունենար նաև Թավրիզ-Երասխ նավթամթերքի տեղափոխման խողովակաշարի նախագծում, որում ներդրումները գնահատվել էին $180 մլն։

Հատկանշական է, որ հայկական կողմը բանակցում էր երկրորդ կեսը նույնպես իրանական վարկի միջոցով ֆինանսավորելու շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում