Գլխավոր Լրահոս

Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին

Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին

Կառավարությունն աջակցության կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում։

Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը։

«Տնտեսվարողների վնասվածությունը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար»,- ասել է նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ցածր աստիճանի վնասվածության դեպքում 1 քմ համար կտրամադրվի 6 600 դրամ, միջինի դեպքում՝ 14 900 դրամ, բարձրի դեպքում՝ 24 800 դրամ։ Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուին 1,2 մլն դրամը։ Ծրագրի շրջանակում աջակցություն կստանա 150 տնտեսավարող։ Նախագծի բյուջեն նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 140 մլն դրամ:

Եվս 150 տնտեսվարողի մոտ 150 մլն դրամի չափով աջակցություն կտրամադրվի ծրագրի մեկ այլ բաղադրիչով։ Այս դեպքում հաշվի են առնվելու 2023-ին տնտեսվարողի վճարած հարկերը։ Այդ բաղադրիչով ցածր աստիճանի վնասվածության դեպքում կվերադարձվի 2023-ի հարկերի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 5 մլն դրամ, միջինի դեպքում՝ 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան 10 մլն դրամ, բարձրի դեպքում՝ 100 տոկոսը, բայց ոչ ավելի քան 15 մլն դրամ։

Գործադիրը նաև փոխհատուցում կտրամադրի տրանսպորտային միջոցների վնասման կամ կորստի դիմաց։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ աղետի հետևանքով վնասվել կամ կորսվել է 193 տրանսպորտային միջոց։ Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը դեպքում կլինի անհատական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա փոխհատուցումն իրականացնելու համար։

«Առաջարկվում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

https://civilnet.am/news/793593/%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82-%d6%87-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%b8%d6%80%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81-%d6%83%d5%b8%d5%ad%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%bf%d6%80%d5%be%d5%ab/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում