Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։
Արսենյանն այդ պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանին։
Գուրգեն Արսենյանը օգոստոսի 6-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար։
Գուգրեն Արսենյանը 1990-1994 թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992 թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002-ից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է: Նա 2000-2007 թթ․ և 2012-2017 թթ․ եղել է ԱԺ պատգամավոր, նախ՝ անկախ, հետո «Միավորված աշխատանքային կուսակցության», ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ 2021-ի հունիսին արդեն պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
Գուրգեն Արսենյանը, ըստ իր վերջին՝ 2023-ի հայտարարագրի, բաժնեմասեր ունի 7 ընկերությունում, որոնցից միայն մեկում է, որ բաժնեմասը 13 տոկոս է, մնացածում՝ 100 տոկոս։ Արսենյանը, ինչպես պահանջում է օրենքը, իր բաժնեմասերը տրամադրել է հավատարմագրային կառավարման՝ մինչև 2026-ը, այսինքն՝ ութերորդ գումարման խորհրդարանի ժամկետի ավարտը։ Նա բաժնեմասեր ունի հետևյալ ընկերություններում՝ «Վկրեդիտ 24» ՍՊԸ, «Արսօյլ» ՓԲԸ, «Յունիքորն սերվիս» ՍՊԸ, «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Քոնսթրաքշըն», «Յունիքորն Գրուպ»։ Նրա ընկերությունները զբաղվում է տեխնիկայի վաճառքով, կառուցապատմամբ, գովազդով և վարկերի տրամադրմամբ։
Civilnet











