Ախտորոշումը` բուտաֆորիստ
Գալուստ Սահակյանի որդին` ՀՀ կառավարությանն աընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմանը վատ հումոր ունի: Հումորի զգացում չունի: Միայն մուննաթ է: Լրագրողները նրան հարցնում են` ինչո՞ւ ԱԳՆ շենքը օտարելուց առաջ հանրային քննարկումներ չեք կազմակերպել, պատասխանում է. «Ձեզ թվում է, որ ցանկացած որոշում, որը ես պետք է տանեմ կառավարություն, պետք է նստեմ հանրային քննարկման առարկա՞ դարձնեմ»: Մեզ չի թվում: Որովհետև մենք չենք էլ կարծում, որ դու ի վիճակի ես պատասխանել: Մենք հարցնում ենք, որովհետև վաղն ինքներս մեզ չենք կարող ներել, որ չենք հարցրել:
Մենք գիտենք, որ պետական ապարատում այսօր միայն բուտաֆորիայի պակաս չկա: Մնացած ամեն ինչի պակաս կա: Եվ մենք, քեզ որպես պետական բուտաֆորիայի, ընդունել ենք ի գիտություն և հարց ենք ուղղել: Հարցն ուղղելուց առաջ մենք գիտենք, որ դու՝ որպես պոտենցիալ պատասխանող, հարկատուների հաշվին աշխատավարձ ես ստանում: Այդ աշխատավարձը քեզ պետք է պարտավորեցնի հասկանալու, որ քանի որ հարկատուն քեզ ուղղակիորեն դիմելու հնարավորություն չունի, դիմում է լրագրողի (որը նույնպես հարկատու է) միջոցով: Իսկ դու՝ որպես պատասխանող, ունեիր մի քանի տարբերակ` հումորով հասկացնել, որ պարտավոր չես պատասխանել, երկրորդ, անկեղծորեն ասել, որ որոշման հեղինակն ինքդ չես (այս պատասխանը քեզ կօգներ ազատվել «բուտաֆորիստի» բարդույթից), և երրորդ, բավարարվեիր քաղաքաշինության մասին օրենքի մեջբերումով: Իսկ երբ մուննաթ ես գալիս, պատասխանդ դառնում է մարտահրավեր ուղղված հարկատուին: Մարտահրավեր ուղղված հարկատուին` վերջինիս միջոցներով: Հայրդ նույնպես հարկատուի հաշվին է մեկնաբանում այս կամ այն իրադարձությունը, բայց նա անձամբ է քրտնել անլուրջ մարդու իր իմիջի վրա: Հարկատուն նրանից կարծես թե պահանջներ չունի:
Հիմա հումորի մասին: Գալուստ Սահակյանը չստելու մի ձև գիտի` անլրջացնել ցանկացած մեկնաբանություն: Դու, ընդհակառակը, ստում ես ամենայն լրջությամբ: Քո պաշտոնավարման հարյուրերորդ օրվանից սկսած լրագրողները քեզ հարցնում էին` ճի՞շտ է, որ կառավարությունը մտադիր է օտարել ԱԳՆ շենքը: Մի քանի ամիս համառորեն հերքում էիր մուննաթի էլեմենտներով: Անձամբ ես չգիտեմ, թե ինչ վատ կամ լավ բան կա այդ շենքն օտարելու կամ չօտարելու մեջ: Բայց եթե հերքում ես, ուրեմն փորձում ես վաստակել բուտաֆորիստի ախտորոշումդ, այսինքն, խոստովանում ես, որ օտարման մեջ հանցագործություն կա:
Թեմա
Մհեր Արշակյան










