Երևանում մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության նախագծի իրականացման համար առկա է «կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը»։ Ուշագրավ է, որ Հայաստանի 2013թ. պետբյուջեի նախագծի ուղերձում այս երկաթգծի մասին որևէ հիշատակում չկա։
Երեկ Երևանում մեկնարկած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բացմանը հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ ներկայում օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ հէկերի, նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ Մովսիսյանը կարևորել է նաև երկկողմ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը: «Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ, և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը»,– ասել է նախարարը:
Նշենք, որ ի տարբերություն հայկական կողմի՝ իրանական կողմը որոշել է խոսել խնդիրների մասին։ «Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք, իհարկե, առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»,– երեկվա նիստին ասել է իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն։
Հայ-իրանական ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացումը առաջին հերթին կախված է իրանական կողմից։
Մեղրիի հէկի, Հայաստան-Իրան 400 կՎ լարման օդային գծի և Թավրիզ-Երասխ նավթատարի նախագծերում ներդրումները գնահատվում են մոտ $600 մլն։ Գումարի գրեթե ողջ ծավալը պետք է տրամադրի իրանական կողմը, իսկ վերջինս ներկայում ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Անհասկանալի է միայն Հայաստանի կառավարության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համառությունը, որոնք շարունակում են պնդել, թե բացառությամբ Թավրիզ-Երասխ նավթատարի՝ բոլոր այս նախագծերի մեկնարկը կտրվի գալիք տարի (այդ մասին նշվում է 2013թ. բյուջեի նախագծի ուղերձում)։ Եվ սա այն դեպքում, երբ դրանց ֆինանսավորող կողմը արդեն հրապարակավ է խոսում խնդիրների մասին։
Հայ-իրանական էներգետիկ երեք նախագծերը քննարկվում են ավելի քան հինգ տարի։
2010թ. հոկտեմբերին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Երևանում նույնիսկ ստորագրել են Մեղրիի հէկի «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագիրը: $323 մլն արժողությամբ շինաշխատանքների մեկնարկը պետք է տրվեր 2011թ. գարնանը։
2010թ. հոկտեմբերի 14-ին էլ Արմեն Մովսիսյանը և Մաջիդ Նամջուն Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, մեծ շուքով տվել են Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության մեկնարկը, որի կառուցումը պետք է տևեր 18 ամիս։ Այսինքն՝ այս տարի այն արդեն պետք է շահագործման հանձնված լիներ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության երեկվա հաղորդագրությունում ուշագրավ է նաև Հայաստան-Իրան երկաթուղային նախագծին վերաբերող հայտարարությունը։
«Հայկական» փաստաթղթերում, մասնավորապես 2013թ. բյուջեի նախագծի ուղերձում, տրանսպորտի և կապի նախարարությունն այդ նախագծի մասին նույնիսկ չի էլ հիշել։ Եթե նախորդ տարիների բյուջեների ուղերձներում երկաթգիծը գոնե հիշատակվում էր, ապա 2013թ. ուղերձում նախագծի մասին որևէ հիշատակում չկա։
Ամենայն հավանականությամբ, կառավարությունը համաձայնել է մասնագետների պնդումներին, որ Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանի ներկայիս շրջափակման պայմաններում տնտեսապես արդյունավետ չէ։ Բացի այդ՝ այն բավական թանկ է և պահանջում է մոտ $1,8 մլրդ-ի ներդրումներ։
Իհարկե, այս նախագծի շրջանակում որոշակի քայլեր կատարվել են։ Հստակեցվել է, որ երկաթգծի երկարությունը կլինի 380 կմ, որից 60 կմ-ը՝ Իրանի տարածքում։ Հայաստանի տարածքով երկաթուղին պետք է անցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ։
Նախագիծը կյանքին կոչելու քայլերն այսքանով ավարտվել են։
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը նորից հիշել է համատեղ նախագծերի մասին

Թեմա
Civilnet










