Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը հավակնում է դառնալ արևային պանելների առաջատար արտադրող՝ մարտահրավեր նետելով Չինաստանին

Հնդկաստանը հավակնում է դառնալ արևային պանելների առաջատար արտադրող՝ մարտահրավեր նետելով Չինաստանին

Հնդկաստանը մեծածավալ ներդրումներ է անում արևային պանելների, ինչպես նաև կանաչ ամոնիակի արտադրությունում՝ նպատակ ունենալով դառնալ կարևոր դերակատար գլոբալ էներգետիկ շուկայում։

Հնդկաստանը հնարավորություն ունի դառնալու ամենաէժան կանաչ ամոնիակ արտադրողն աշխարհում, ինչը կարող է փոխել խաղի կանոնները միջազգային էներգետիկ շուկայում, ասվում  է հնդկական Nuvama խորհրդատվական ընկերության զեկույցում։

Ըստ զեկույցի՝ Հնդկաստանի առավելությունը մեծապես պայմանավորված է արևային ֆոտովոլտային և քամու էներգիայի ցածր ծախսերով, որոնք համապատասխանաբար 16-44 տոկոսով և 17-40 տոկոսով նվազ են համաշխարհային միջին ցուցանիշներից: Բացի այդ, կանաչ ամոնիակի նախագծերի համար Հնդկաստանի ֆինանսական ծախսերի հնարավոր կրճատումը, որ ներկայումս շուրջ 10 տոկոս է՝ համեմատած 4-8 տոկոս համաշխարհային միջինի հետ, կարող է ավելի բարձրացնել նրա մրցունակությունը՝ դարձնելով նրան առանցքային խաղացող կանաչ ամոնիակի շուկայում:

Ըստ Հնդկաստանի վերափոխման ազգային ինստիտուտի (NITI Aayog)՝ երկրում կանաչ ամոնիակի արտադրության ծախսերը մինչև 2030-ը կարող են 29 տոկոսով նվազ լինել Չինաստանի և 43 տոկոսով՝ Ավստրալիայի համապատասխան ծախսերից:

Հնդկական շատ ընկերություններ, այդ թվում Reliance Industries-ը (RIL), հավակնում են առանցքային դեր խաղալ նոր էներգետիկ հեռանկարում: RIL-ը նախատեսում է շահագործման հանձնել իր արևային ֆոտովոլտային հզորությունները մինչև 2025-ի ֆինանսական տարվա վերջ, որը 2026-ի օրացուցային տարում կհանսի մինչև 20 ԳՎտ-ի:

Ինչպես արևային մոդուլների, այնպես էլ կանաչ ջրածնի (GH2) արտադրությունը խթանելու համար RIL-ը կառավարությունից ընդհանուր 700 մլն դոլարի աջակցություն է ստացել: Ակնկալվում է, որ այս խթանները կներառեն կանաչ ջրածնի արժեքային շղթայի 18 տոկոսը՝ RIL-ին դարձնելով կանաչ էներգիայի քաղաքականության շահառու:

Արևային պանելների տեղական արտադրությունը խթանելու համար Հնդկաստանը երկրորդ տրանշով մոտ 1,7 մլրդ դոլար է հատկացրել ոլորտին՝ ծրագրելով արևային էներգիայի ներքին արտադրության հզորությունը հասցնել 39,6 ԳՎտ-ի։

Այս ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում արևային մոդուլների ընդհանուր արտադրական հզորությունը հասցնել 48 ԳՎտ-ի։

Արտադրության խթանման սխեման նպատակ ունի Հնդկաստանին դարձնել արևային պանելների ամենաէժան արտադրողներից մեկը։ Ներկայում հնդկական արևային մոդուլները 23 տոկոսով էժան են համաշխարհային միջինից և 6 տոկոսով էժան՝ չինական միջինից:

RIL և IndoSolar ընկերություններին յուրաքանչյուրին 6 Գվտ պանելների արտադրության համար կառավարության հատկացրած աջակցությունը, ըստ Nuvama-ի զեկույցի, շրջադարձային է Հնդկաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար։ Սրանով Հնդկաստանի պատմության մեջ առաջին անգամ կհիմնվի պոլիսիլիկոնի (արևային պանելներում օգտագործվող առանցքային նյութը) արտադրություն, ինչը զգալիորեն կնվազեցնի պանելների արտադրության ընդհանուր ծախսերը:

Հաշվի առնելով, որ ներկայում պոլիսիլիկոնը պանելների ընդհանուր արժեքի մեկ երրորդ է կազմում, և շահութաբերության մարժան մոտ 70 տոկոս է՝ այս քայլը հեղափոխական կլինի արևային պանելների ներքին արտադրությունում:

Մինչ Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում այլընտրանքային էներգետիկան զարգացնելու ասպարեզում՝ Չինաստանը լիթիում-իոնային մարտկոցների շուկայում մարտահրավերների է առերեսվում: Չնայած 2023-ին լիթիում-իոնային մարտկոցների գների տարեկան 14 տոկոս անկմանը՝ ակնկալվում է, որ Չինաստանի արտադրական հզորությունը մինչև 2024-ի վերջը կգերազանցի պահանջարկը 3,6 անգամ:

Այս ավելցուկը, ամենայն հավանականությամբ, կազդի մարտկոցների գներ իջեցմանը, ինչը շահավետ էլեկտրական մեքենաների համաշխարհային արտադրողներին, բայց՝ մարտահրավեր չինացի արտադրողների համար:

Արժեշղթայում հումքի գների անկումը, որը զուգորդվում է մոդուլների, էլեկտրոլիզատորների և մարտկոցների արտադրությունում պետական խթաններով, Հնդկաստանում մեծացրել է տնտեսության մասշտաբի էֆեկտը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում