Գյումրիի կենտրոնում գտնվող, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը, որ տեղացիների շրջանում հայտնի է որպես «Վառեմ-մարեմ»-ի շենք, հանձնվելու է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ շենքի ամրակայման, նորոգման, բարեկարգման համար։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության օգոտսոսի 29-ի նիստի օրակարգում։
Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված այս շենքը վթարային վիճակում է։ 2021-ին կառավարությունն այս շենքը հանձնել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին»՝ այն վերակառուցելու, վերանորոգելու և Պոլիտեխնիկի Գյումրիի նոր մասնաճյուղն այնտեղ տեղափոխելու համար։ Մինչ այժմ սակայն շենքում որևէ աշխատանք չի իրականացվել, իսկ օգոստոսին շենքում մասնակի փլուզում տեղի ունեցավ։
Կառավարության որոշմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ից գույքը հետ կվերցվի և կամրացվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, ինչը չի նշանակում շենքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում։ Հիմնադրամը շենքի վերականգնումն ու բարեկարգումն իրականացնելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ համաձայնեցնելով։
Շենքի վերականգնման համար պետական միջոցներ չեն ծախսվելու, ծախսերն իրականացնելու է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Civilnet











