Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների համար «ճիշտը» երկկողմ ձևաչափն է։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի բացառում եռակողմ կամ այլ ձևաչափերով աշխատանքը։
«Տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով։ Երկկողմ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած այս տարվա ապրիլի 19-ի հայտարարությամբ։ Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտ հենց այդ ձևաչափն է»,- օգոստոսի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։
Ադրբեջանի հետ բանակցությունները երկկողմ ձևաչափով շարունակելու մասին Նիկոլ Փաշինյանը նաև ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս կայացած հեռախոսազրույցում։ Վերջինը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել։
Վարչապետը նաև հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել հայ-ադրբեջանական սահմանին․ «Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, կարծում եմ, դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ։ Այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում»։
Civilnet











