Տարածաշրջանային հաղորդակցության ուղիները չեն բացվել նաև Ռուսաստանի մի շարք գործընկերների կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությանը հակասող մեկնաբանությունների պատճառով։ Այդ մասին օգոստոսի 31-ին կայացած ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
«Տարածաշրջանային կոմունիկացիաները մինչև այս պահը չեն բացվել այդ թվում Ռուսաստանի մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Ընդ որում, այդ մեկնաբանությունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հրամանագրի ձևակերպումներին։ Հայաստանը ոչ միայն սաբոտաժ չի անում տարածաշրջանային կոմունիկացիաների թեման, այլև լրջորեն շահագրգռված է»,- նշեց նա։
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և «ՌԴ մի շարք գործընկերներ աջակցել են նախագծին»։
Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք չէ դրվագային ներկայացնել․ «ԼՂ-ում տեղի ունեցածը դուրս է բոլոր ձևակերպումներից, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվելու հարցին, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի»։
Օգոստոսի 19-ին Բաքվում Պուտին-Ալիև հանդիպումից հետո Ռուսաստանի Առաջին ալիքի հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարել էր, թե Երևանը «սաբոտաժի է ենթարկում» Սյունիքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունը․ «Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցության հարցում հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը»։
https://civilnet.am/news/794032/%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%ae%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a7-%d5%a4%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bc%d5%a4-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%a3%d5%b6/
Civilnet











