Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է երկրում բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, որը պետք է զուգակցվի աշխատավարձերի բարձրացումով: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նախարարությանը հանձնարարվել է իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել գործադիրին:
«Տարվա կտրվածքով այս պահի դրությամբ ամփոփելով սեպտեմբեր ամիսը՝ տեսնում ենք, որ աշխատավարձերի մոտ 5,3%-ի իրական աճ ունենք, ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճը գերազանցում է պետական հատվածում աճին: Բայց պետք է գնանք այն ճանապարհով, որ արտադրողականությունը բարձրացնենք, այսինքն, պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է»,- ասել է վարչապետը` նշելով, որ ներկայում երկիրն առերեսված է կառուցվածքային գործազրկության խնդրին:
Անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին` վարչապետը նշել է, որ արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, ծառայությունների մատուցման ոլորտներում Հայաստանն արձանագրել է էական աճ, որը գերազանցում է 10 տոկոսը, որի արդյունքում այս տարի լինելու է տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ:
«Բայց մենք պետք է արձանագրենք, որ այսօր մեր առջև կանգնած է որակապես նոր խնդիր: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ անցած շաբաթ տեղի ունեցավ Ազգային մրցունակության խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև մասնավոր հատվածը՝ գործարարներ, վերլուծաբաններ, ովքեր իրենց բնագավառներում լուրջ հաջողությունների են հասել՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Հայկ Բաքրջյանը, Անդրանիկ Անդոնյանը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2013-2014 թթ. համաշխարհային տնտեսությունը հայտնվելու է որակապես նոր վիճակում: Եթե մենք մինչ այսօր գործ ունեինք զարգացող երկրների ճգնաժամի և տնտեսական աճի ցուցանիշների վատթարացման հետ, այս նոր փուլում արձանագրվում է, որ նաև զարգացող երկրներում տնտեսական աճի ցուցանիշները նվազում են, և այս ճգնաժամային միջավայրը շարունակվելու է նաև 2013թ.: Այդ տեսակետից էական նշանակություն ունի ներքին ռեսուրսների, ռեզերվերների բացահայտումը և մեր ծրագիրը, որը ներկայացրեցինք Ազգային Ժողովին, այդ տեսակետից խիստ արդիական է:
Որակապես նոր խնդիրը, որ ծառանում է մեր առջև, կայանում է հետևյալում. մենք տարբեր ոլորտներում զգում ենք աշխատուժի պակաս: Այսինքն, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ: Այս խնդիրը մեր առջև սրությամբ դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Երկու օր առաջ անցկացրեցինք խորհրդի նիստ. ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ անհրաժեշտ է աշխատանքային ռեսուրսներ: Ոլորտը տարեկան աճում է 15-20 տոկոսով, ձեռնարկությունների քանակն արդեն կազմում է 300: Մենք պարոն Աշոտյանի հետ պայմանավորվել ենք, որ էապես ավելացնելու ենք համալսարաններում այդ բնագավառի պետական պատվերը: Փաստորեն տեսնում ենք, որ աշխատուժի պակաս ունենք:
Անցած շաբաթ ես այցելել եմ մարզեր: Մարզպետները, համայնքների ղեկավարները նույն խնդիրը ևս դնում են մեր առջև: Օրական 5-7 հազ. դրամ վարձատրությամբ չեն կարողանում աշխատողներ ապահովել, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները կարողանան լուծել: Քիմիական արդյունաբերությունում, քաղաքապետարանում ևս նմանատիպ խնդիրներ են դրվում մեր առջև, որ աշխատուժի պահանջարկ կա և մենք չենք կարողանում բավարարել այդ պահանջարկը: Այս խնդիրը բոլորիս պետք է մտահոգի և մեզ համար դառնա առաջնային լուծում պահանջող խնդիրներից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Civilnet











