Գլխավոր Լրահոս

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամների

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամների

OC Media

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքային խորհրդում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկու անդամների։ Թեև նրանցից մեկն ազատ է արձակվել, մյուսը նախնական կալանքի տակ է և ոստիկաններին մեղադրում է իր դեմ ֆիզիկական բռնություն կիրառելու մեջ:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել անկարգությունների և ոստիկանությանը չենթարկվելու համար, նրանց սպառնում է տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք:

«Միացյալ ազգային շարժման» անդամ Իրակլի Էձգվերաձեն, որը շարունակում է մնալ կալանքի տակ, չորեքշաբթի երեկոյան ձերբակալվել է Թբիլիսիում իր տան մոտ։

Ձերբակալության կադրեր են տարածվել լրատվամիջոցներով, որտեղ երևում է դեպքի վայրում հավաքվածների և իրավապահների առերեսումը։

Ոստիկանության տվյալներով՝ Էձգվերաձեն ձերբակալվել է իր թաղամասում թմրանյութերի հետ կապված՝ իրեն չառնչվող հետաքննությանը միջամտելուց հետո:

Երկրորդ ձերբակալվածը՝ Իրակլի Նադիրաձեն, հինգշաբթի լրագրողներին ասել է, որ իրեն ձերբակալել են այն բանից հետո, երբ լսել է իր գործընկերոջ կալանավորման մասին և մեկնել է նրա տուն՝ հարցնելու, թե ինչու են նրան կալանավորել։

«Ինձ բերման են ենթարկել առանց որևէ բացատրության։ Սկզբում ինձ ասացին, որ ես ձերբակալված չեմ, սպասում էին հրահանգների, իսկ հետո տարան կոնկրետ շենք ու ստորագրությամբ բաց թողեցին»,- ասել է Նադիրաձեն։

«Մեզ հավանաբար դատավարություն է սպասվում, և երևի մեզ երկու շաբաթով կալանքի տակ կպահեն կամ տուգանեն, ինչպես դա սովոր է անել «Վրացական երազանքը»»,- ասել է նա։

Նադիրաձեն նշել է, որ ձերբակալությունների նպատակը նախընտրական քարոզարշավին միջամտելն է։

«Մենք ուզում ենք խոսել մարդկանց խնդիրների, մարդկանց դժվարությունների մասին։ Մենք հանդիպում ենք մարդկանց, իսկ նրանց [իշխող «Վրացական երազանքին»] դուր չի գալիս, որ մենք խոսում ենք այս մարդկանց խնդիրների մասին»։

Չորեքշաբթի տարածած հայտարարությունում «Միացյալ ազգային շարժումը» ոստիկաններին մեղադրել է Էձգվերաձեի և Նադիրաձեի կողմնակիցների նկատմամբ «ֆիզիկական ուժ» կիրառելու մեջ։

Էձգվերաձեի փաստաբան Լաշա Տկեշելաձեն ոստիկանությանը մեղադրել է կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

«[Էձգվերաձեն] կարծես կապտուկներ ունի մարմնի վրա։ Նա նաև կապտուկներ ունի պարանոցի շրջանում: Իրակլին ասում է, որ իրեն բռնության են ենթարկել ավտոտնակում»,- ասել է նա։

Տկեշելաձեն կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանն ու հանրային պաշտպանին հետաքննել գործը։

Ընդդիմության մի քանի առաջնորդներ ձերբակալությունները կապում են չորեքշաբթի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, որ «արմատական ​​ընդդիմությունը» կարող է ենթարկվել սեփական անդամների կողմից կազմակերպված հարձակումների։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում