Գլխավոր Լրահոս

ՄԻԵԴ-ը վճռել է՝ բավարար ապացույցներ չկան, որ Վրաստանն է առևանգել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիին

ՄԻԵԴ-ը վճռել է՝ բավարար ապացույցներ չկան, որ Վրաստանն է առևանգել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիին

Ռոբին Ֆաբբրո և Այթան Ֆարհադովա, OC Media

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ չկան բավարար ապացույցներ, որոնք առանց որևէ կասկածի կապացուցեին, որ Վրաստանի կառավարությունն է առևանգել ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին և նրան հանձնել Ադրբեջանին։

Ադրբեջանում պետական ոլորտում կոռուպցիոն դեպքերի հետաքննություններով զբաղվող հայտնի լրագրող Մուխթարլին Թբիլիսիի փողոցներից անհետացել էր 2017-ի մայիսի 29-ի գիշերը։ Մեկ օր անց կրկին հայտնվել էր, սակայն արդեն ադրբեջանական կալանքի տակ և մեղադրվել էր սահմանն ապօրինի հատելու մեջ։

Հինգշաբթի ՄԻԵԴ-ը վճռել է, որ Վրաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումների և ազատության իրավունքի մասին Եվրոպական կոնվենցիայի արգելքը՝ քանի որ «չի կատարել արդյունավետ հետաքննություն [Մուխթարլիի] պնդումների վերաբերյալ, որ իրեն առևանգել են, դաժանաբար են վերաբերվել և ապօրինաբար տեղափոխել Ադրբեջան»։

Դատարանը Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել է 10,000 եվրո (11,000 դոլար) փոխհատուցում վճարել Մուխթարլիին։

Դատարանը նաև վճռել է, թե քանի որ Մուխթարլիին առևանգելու և բռնի ուժով Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ բավարար ապացույցներ չկան, այն չի կարող որոշել, որ նրա կալանավորումն անօրինական է Ադրբեջանի կողմից:

Այնուամենայնիվ, դատարանը վճռել է, որ Ադրբեջանը Մուխթարլիի նախնական կալանքը հիմնավորելու «համապատասխան և բավարար պատճառներ» չտրամադրելով խախտել է նրա ազատության և անվտանգության իրավունքը, ինչի համար դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Մուխթարլիին 6000 եվրո (6700 դոլար) փոխհատուցում վճարել։

Թեև դատարանը հայտարարել է, որ բավարար ապացույցներ չկան այն մասին, որ Վրաստանի կառավարությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է եղել Մուխթարլիի առևանգման մեջ, ՄԻԵԴ-ը նշել է, որ իր ենթադրյալ առևանգման մասին Մուխթարլիի պատմածը եղել է «մանրամասն և կոնկրետ, և չի փոխվել ողջ հետաքննության ընթացքում, ինչպես դատավարության ընթացքում»։

«Դատարանը արժանահավատ է համարում դիմումատուի այն դիրքորոշումը, ըստ որի՝ նա ինքնակամ չէր մեկնի Ադրբեջան»,- ասվում է վճռում։

Մուխթարլին ասել է, որ իրեն ձերբակալել են չորս տղամարդիկ, որոնցից երեքը վրացական ոստիկանական համազգեստով են եղել, ինչից հետո իրեն մի քանի մեքենաներով տեղափոխել են Ադրբեջան:

Նա պնդել է, որ ավելի ուշ իրեն առևանգողների մեջ ճանաչել է վրացական հակահետախուզության ղեկավար Գիորգի Տրապաիձեին։

2022-ի հուլիսին Մուխթարլիի ձերբակալությունից հետո Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Սոսո Գոգաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին անձամբ է պատվիրել առևանգումը։

Վրաստանում այս գործի հետաքննությունն արժանացել է տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համընդհանուր քննադատությանը: Բացի դրանից՝ իրավապահներին մեղադրել են առևանգման վերաբերյալ փողոցային տեսանկարահանող սարքերի տեսագրությունները փոփոխելու մեջ։

Հինգշաբթի դատարանի կայացրած վճռից հետո Մուխթարլին OC Media-ին ասել է, որ չնայած իր  բոլոր բողոքները չեն բավարարվել, այդուհանդերձ, ինքը գոհ է այն փաստից, որ դատարանն ընդունում է, որ իր առևանգումը պատշաճ կերպով չի հետաքննվել:

Նա վստահություն է հայտնել, որ իր առևանգման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն Վրաստանում իշխանափոխությունից հետո:

«Ես գիտեմ, որ իմ պահանջները չեն իրականացվի Իվանիշվիլիի օրոք, քանի որ Վրաստանում այլևս չկա անկախ դատական ​​համակարգ և չկան անկախ իրավապահ մարմիններ»,- ասել է նա։

«Հուսով եմ, որ Վրաստանում ընտրություններից հետո կառավարությունը կփոխվի, և վրացիների՝ Եվրոպային ինտեգրվելու ցանկությունը կիրականանա»,- նշել է նա։

«Եվ ես հավատում եմ, որ դա տեղի կունենա, քանի որ ես տեսա, թե ինչպես են մարդիկ ցույցեր անում ռուսական օրենքի դեմ»,- հավելել է նա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում