Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 ներկայացուցիչներին։ Ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Երեքշաբթի ցուցակը ներկայացնելուց առաջ Կոբախիձեն խոսել է անցած չորս տարիների մասին՝ հիշեցնելով խորհրդարանական նախորդ ընտրությունների արդյունքները, դրան ընդդիմության արձագանքը և այն, թե ինչպես «Վրացական երազանքը» դուրս եկավ ԵՄ միջնորդությամբ ընդդիմության հետ կնքված գործարքից։ Նա նաև հայտարարել է, որ անցած չորս տարիները «օրինակ էին, թե ինչպիսին կլինի մեր երկրի զարգացումն առաջիկա տարիներին»։
«Վերջին չորս տարիների ընթացքում մենք պահպանել ենք խաղաղությունը, Վրաստանի տնտեսությունը մեծացրել ենք 40 միլիարդով (15 միլիարդ դոլարով), երկրի բյուջեն ավելացրել ենք 10 միլիարդով (3,7 միլիարդ դոլարով), 350,000 մարդու օգնել ենք հաղթահարել աղքատությունը, ստեղծել ենք 146,000 աշխատատեղ և հասել նրան, որ Վրաստանն ստացել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ»,- ասել է նա։
Իր բացման խոսքում Կոբախիձեն կրկնել է նաև «Վրացական երազանքի» այն պնդումը, որ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանը գտնվում էր «ամենածանր ճնշման» տակ, որպեսզի միանա պատերազմին։
«Բոլորդ եք հիշում երկրորդ ճակատ [բացելու մասին] բացահայտ կոչերը։ Հիշում եք [Ռուսաստանի դեմ] պատժամիջոցներին միանալու և Ուկրաինա կամավոր մարտիկներ ուղարկելու պահանջները»,- ասել է նա՝ հավելելով, որ «այս երկու պահանջների չկատարման պատճառով» Ուկրաինան հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից։
Ըստ նրա՝ Վրաստանն ստիպված եղավ առերեսվել «միանգամայն անարդար և անհիմն որոշման», երբ 2022-ի հունիսին ԵՄ-ն ի սկզբանե մերժեց Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Այն ժամանակ Մոլդովան և Ուկրաինան դրական պատասխան ստացան, իսկ Վրաստանն ստացավ 12 հանձնարարական, որոնք պետք է կատարեր ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Կոբախիձեն հիշեցրել է նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքին ժողովրդական հակազդեցությունը՝ այն անվանելով «դարի խարդախություն»: Նա հավելել է, որ օրենքը «ամբողջովին լկտիաբար պիտակվել է որպես ռուսական օրենք»։
Վերջին տարիներին «Վրացական երազանքն» ակտիվացրել է իր հակաարևմտյան հռետորաբանությունը, հատկապես այս տարի, երբ խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը՝ չնայած շաբաթներ շարունակվող զանգվածային բողոքի ակցիաներին և դրանից հրաժարվելու վերաբերյալ արևմտյան երկրների կոչերին:
Ովքե՞ր են ընտրական ցուցակում ներառվածները
Կոբախիձեի ներկայացրած ցուցակում ընդգրկված է երկու նախկին վարչապետ, մեկ գործող վարչապետ և երկու օլիմպիական չեմպիոն։ Ցուցակում կա նաև յոթ նոր դեմք և ընդամենը հինգ կին։
«Վրացական երազանքի» 12-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ ընտրացուցակում է հայտնվել կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Կոբախիձեն ներկայացել է որպես ցուցակի երկրորդ թեկնածու և շնորհակալություն հայտնել «թիմակիցներին և Բիձինա Իվանիշվիլիին» իրեն նման պատվի արժանացնելու համար։
Նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին նախընտրական ցուցակում երրորդն է։ Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետ է դարձել 2013-ին, երբ փոխարինեց Բիձինա Իվանիշվիլիին։ Նա այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2015-ի դեկտեմբերը: Այնուհետև երկրորդ անգամ վարչապետ է դարձել 2021-ի փետրվարին, երբ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։ Սակայն հրաժարական տվեց 2024-ի հունվարին՝ կուսակցության նախագահ նշանակվելուց անմիջապես առաջ։
Ցուցակի չորրորդ համարն է Շալվա Պապուաշվիլին, որը խորհրդարանի նախագահն է 2021-ից։
Կոբախիձեն հինգերորդ տեղում առաջադրել է Մամուկա Մդինարաձեին։ Նա խորհրդարանական մեծամասնության առաջնորդ է դարձել 2024-ի փետրվարին։
Ընտրացուցակի վեցերորդ թեկնածուն է Թեա Ծուլուկիանին, որը 2021-ից զբաղեցրել է մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Երբ ցուցակն արդեն ներկայացվել էր, Մդինարաձեն ասել է, որ «[Ծուլուկիանին] և թիմը միասին որոշել են, որ նա տեղափոխվելու է օրենսդիր»։
«Նա առնվազն ուժեղ հակառակորդ կլինի «Ազգային շարժման» համար»,- հայտարարել է Մդինարաձեն։
Իշխող կուսակցության ներկայացուցիչները հաճախ օգտագործում են «Հավաքական ազգային շարժում» կամ «Ազգային շարժում» եզրույթը՝ նկատի ունենալով նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու երկրի արևմտամետ այլ ընդդիմադիր կուսակցությունները։
Ընտրացուցակի յոթերորդ տեղը բաժին է հասել ծանրամարտի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեին։
Նոր դեմքերից մեկը և ցուցակի ութերորդ համարը Վախթանգ Թուրնավան է՝ Skillwill ծրագրավորման ընկերության հիմնադիրը։ Այս ընկերությունը նախկինում մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրի:
Ըստ BM.ge-ի՝ Թուրնավային է նաև պատկանում Interport Georgia ՍՊԸ-ն, «որը գործում է ճանապարհային, ծովային և օդային փոխադրումների ոլորտում», թեև ընկերությունը հիմնականում կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։
2020-ի դեկտեմբերից Վրաստանի խորհրդարանի ԵՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին ցուցակում իններրորդն է։
Տասներորդ թեկնածուն ըմբիշ Գենո Պետրիաշվիլին է, որը 2021-ի Օլիմպիական խաղերում արծաթե, իսկ 2024-ի Օլիմպիական խաղերում՝ ոսկե մեդալ է նվաճել։
Առաջադրված 11-րդ թեկնածուն իշխող «Վրացական երազանք»-ի հետ սերտորեն կապված «Ժողովրդի իշխանություն» կուսակցության խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին է: Դեռ հուլիսին Մդինարաձեն հայտարարել էր, որ «Ժողովրդի իշխանություն»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Վրացական երազանք»-ը ընտրական ցուցակի կազմում։
Ինչպես 2020-ի խորհրդարանական ընտրություններում, կուսակցության այս տարվա ցուցակում ընդգրկված է ներկայումս էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։ Նա զբաղեցրել է ցուցակի 12-րդ տեղը:
Ցուցակում 13-րդ թեկնածուն կուսակցության անդամ Անրի Օխանաշվիլին է, որը 2019-ից զբաղեցնում է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Հաջորդը՝ 14-րդը, Նիկոլոզ Սամխարաձեն է, որը 2020-ից զբաղեցնում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Մեկ այլ նոր դեմք և ցուցակի 15-րդ թեկնածուն Էկա Չիչինաձեն է, որին Կոբախիձեն ներկայացրել է որպես Կին նկարիչների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։ Ըստ Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի՝ Չիչինաձեն կապ է ունեցել նաև Pero Metal ընկերության հետ։ Լրատվամիջոցը հղում է արել նաև տաբլոիդ լրատվամիջոցների, ըստ որոնց՝ Չիչինաձեն սերտ կապեր ունի Իվանիշվիլիի ընտանիքի հետ:
Մեկ այլ նոր թեկնածու, որն զբաղեցնում է ցուցակի 16-րդ տեղը, գործարար Շոթա Բերեկաշվիլին է, որը Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի է: Լրատվամիջոցները հայտնում են, որ Բերեկաշվիլիին է պատկանում (մեկ այլ բաժնետիրոջ հետ) BK Construction շինարարական ընկերությունը։ Նա նաև բաժնեմաս ունի մի քանի այլ ընկերություններում։
Լևան Մախաշվիլին ցուցակի 17-րդ թեկնածուն է։ Կոբախիձեի խոսքով՝ նա ունի եվրոպագիտության թեկնածուի գիտական աստիճան և Վրաստանի խորհրդարանի նախագահի կաբինետի ղեկավարն է։
Կոբախիձեն հայտարարել է, որ ցուցակի 18-րդ թեկնածուն «Ժողովրդի իշխանություն» կուսակցության մեկ այլ անդամ Միխեիլ Կավելաշվիլին է։
Նոր դեմքերի թվում է նաև իրավաբան Գիորգի Գաբունիան, որը, Կոբախիձեի բնութագրմամբ, նախկինում եղել է վրացական երգի ու պարի «Ռուսթավի» և «Մարտվե» պետական և ակադեմիական համույթների գործադիր տնօրենը։ Նա նաև «Բասիանի» համույթի մենակատարն է, Սուրբ Երրորդություն տաճարի պատրիարքական երգչախմբի անդամ, Բանահյուսության պետական կենտրոնի փոխտնօրենը։
Իշխող կուսակցության ընտրացուցակի վերջին թեկնածուն հոգեբան Լիկա Շարտավան է։ Նրա անունը կարդալու ժամանակ Կոբախիձեն ընդգծել է Շարտավայի կապերը Աբխազիայի Նախարարների խորհրդի նախկին նախագահ Ժյուլի Շարտավայի հետ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին։
Civilnet











