Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլոր հայերը կկարողանան կարճատև այցերով ազատ ճամփորդել դեպի Եվրոպա՝ առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության: Այս մասին նա ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
Սխինասը Երևանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Նա հատկապես կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը՝ նշելով, որ նրա հետ քաղաքական մակարդակով սկսել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպելու Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և, ամենակարևորը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քաղաքական մակարդակով սկսելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Սա կարևոր ուղենիշ է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում, սակայն այն մեկուսացված նախաձեռնություն չէ: Այն ավելի լայնածավալ ծրագրերի մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ համատեղ՝ 270 միլիոն եվրո արժողությամբ, նպատակ ունենալով աջակցել Հայաստանին տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և դիմակայունության նոր ծրագրի միջոցով»,- ասել է Սխինասը: Նա ավելացրել է, որ նախաձեռնությունների մի մասը նաև ուղղված է Հայաստանին խաղաղության և անվտանգության հարցերում աջակցելուն:
«Հայաստանում մենք ունենք ԵՄ-ի կարևոր առաքելություն՝ աջակցելու սահմանների վերահսկողության հարցում: Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով մենք նաև աջակցություն ենք տրամադրում Հայաստանի զինված ուժերին: Սակայն, անշուշտ, վերջնական նպատակը մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը մենք այժմ սկսում ենք: Կարծում եմ՝ այս օրը կհիշվի որպես գործընթացի մեկնարկի օր, որը, հուսով եմ, շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերը կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճամփորդել դեպի Եվրոպա՝ առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն պետք է համոզվի, որ «առանց մուտքի արտոնագրի ճամփորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է»:
«Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրի»,- ամփոփել է Սխինասը:
Civilnet











