Գլխավոր Լրահոս

Երբ խաղաղարարությունը դառնում է դավաճանություն․ Բահրուզ Սամադովի պատմությունը

Երբ խաղաղարարությունը դառնում է դավաճանություն․ Բահրուզ Սամադովի պատմությունը

Յուսեֆ Բարդուկա, OC Media

Հետազոտող և գրող Բահրուզ Սամադովի ձերբակալությունն Ադրբեջանում մեծ բողոքի և շահարկումների առիթ է դարձել` Հայաստանի հետ խաղաղության կամ հետագա պատերազմի հեռանկարի ֆոնին:

Օգոստոսի 21-ի երեկոյան ադրբեջանական սոցցանցերը լցված էին գրառումներով, որոնցում կոչ էր արվում տեղեկատվություն տրամադրել Բահրուզ Սամադովի գտնվելու վայրի մասին: Սամադովն Ադրբեջան էր այցելել ուսումնական արձակուրդի ժամանակ  և կեսօրին, ընկերոջ հետ նախատեսված հանդիպումից քիչ առաջ, անհետացել:

Երկու օր լռությունից հետո պաշտոնական հաստատում եղավ` Սամադովը կալանավորվել էր, իսկ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը նույն օրը կեսօրին հաստատել էր, որ Սամադովը մեղադրվում է դավաճանության մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա բանտարկություն կամ ցմահ ազատազրկում:

Մինչև կալանավորումը Սամադովը սովորում էր Պրահայի Կառլովի համալսարանի ասպիրանտուրայում, այսինքն՝ Ադրբեջանի սահմաններից դուրս էր: Թեև Սամադովը հրապարակայնորեն կապված չէ երկրի խոշոր ընդդիմադիր խմբերից որևէ մեկի հետ՝ նա Ադրբեջանում ավտորիտարիզմի և Հայաստանի հետ խաղաղության մասին գրել է OC Media-ի և այլ լրատվամիջոցների համար:

Նրա ձերբակալությունից հետո Ադրբեջանի կառավարությունը ձերբակալեց OC Media-ի երկու այլ թղթակիցների և խաղաղության ջատագովների՝ Սամադ Շիխիին և Ջավիդ Աղային, երբ նրանք փորձում էին լքել երկիրը:

Ե՛վ Շիխին, և՛ Աղան կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին՝ հայտարարելով, որ իրենց բերման են ենթարկել Սամադովի դեմ ցուցմունք տալու համար, իսկ Աղան ավելի ուշ հավելեց, որ իրենց անժամկետ արգելել են երկրից դուրս գալ:

Թեև Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների աշխուժացմանը զուգահեռ ակտիվանում են հակամարտության վերսկսման սպառնալիքի մասին ահազանգերը՝ ոմանք պնդում են, որ Սամադովի ձերբակալությունը Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատման ջատագովների հանդեպ վերաբերմունքի նոր շրջադարձ է։

«Նա կարծում էր, որ ինքը սպառնալիք չէ»

Ռուստամ Իսմայիլբեյլին՝ Սամադովի ընկերը, OC Media-ին ասել է, որ իր ընկերը 2019-ին Պրահայում ուսումնառությունն սկսելուց ի վեր մի քանի անգամ այցելել է Ադրբեջան՝ չնայած 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո հաճախակի էր հայտնվում կառավարամետ լրատվամիջոցների և «իշխանական տրոլների» թիրախում։ 

«Իշխանական տրոլները և կառավարական լրատվամիջոցները փորձում էին նվաստացնել Բահրուզին՝ օգտագործելով նրա թվիթերյան գրառումները»,- ասում է Իսմայիլբեյլին:

 «[Ասում էին] նա օգտագործեց Ստեփանակերտ բառը, օգտագործեց Արցախ բառը, խոսեց որոշ հայերի հետ, հոդված գրեց, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է արել [Լեռնային Ղարաբաղում] կամ Ադրբեջանը օկուպացրել է Ստեփանակերտը, նման բաներ»։

Նա հավելում է` Սամադովը բազմիցս ասել է իր ընկերներին, որ չանհանգստանան Ադրբեջանում իր ձերբակալության հեռանկարից, քանի որ վերջին չորս տարվա ընթացքում նա «արդեն 20 անգամ այցելել է Ադրբեջան»։

«Կարծում էր՝ ինքը սպառնալիք չէ Ադրբեջանի կառավարության համար։ Նա այդքան մեծ աջակցություն չունի ադրբեջանական հասարակության մեջ»,- ասում է Իսմայիբեյլին և հավելում, որ Սամադովը կապված չէր երկրում գործող որևէ կազմակերպության կամ քաղաքական կուսակցության հետ և հանդես չի եկել կառավարության հրաժարականի կոչերով։

Ադրբեջանցի հետազոտող և ակտիվիստ Լալա Դարչինովան կարծում է, որ նման ձերբակալությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է «վերահսկողություն հաստատել» անկախ խաղաղարարների վրա, որոնք կարող են միավորել հայ և ադրբեջանցի ակտիվիստներին, լրագրողներին և գիտնականներին, ինչը «վտանգ է ներկայացնում» Բաքվի համար։

«Շատ հակասական է, երբ խաղաղ բանակցություններ են ընթանում կամ Ադրբեջանից խաղաղության համաձայնագիր ստորագրելու կոչեր են արվում՝ միևնույն ժամանակ լռեցնում են նրանց, ովքեր իսկապես փորձում են խաղաղություն կառուցել, չատել ու չապամարդկայնացնել հայերին»,- ասում է Դարչինովան։

«Դա ինձ ուղղակի ապացուցում է, որ Ադրբեջանն անկեղծ չէ խաղաղության բանակցությունների վերաբերյալ իր մտադրություններում»։

Դարչինովան հավելում է, որ մինչև 2023-ի նոյեմբերը, երբ Ադրբեջանը սկսեց մեդիայի ու ակտիվիստների դեմ հարձակումները, քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները և խաղաղության ջատագովները աշխատում էին՝ ենթադրելով, որ գործելու որոշակի ազատություն ունեն։

«Բայց ակնհայտ է, որ նրանք ճզմում են դա (ազատ մեդիան և ակտիվիստներին - խմբ․)։ Դրա կարիքը չունեն, և դա իրենց չի հետաքրքրում»,- ասում է Դարչինովան:

«Նույնը խաղաղության կառուցման դեպքում. նրանց չեն հետաքրքրում անվերահսկելի բաները, քանի որ դա ռիսկ է: Նրանց ընկալմամբ՝ դա վտանգ է իրենց իշխանության, Ալիևի իշխանության համար»։

Դարչինովան ակնկալում է, որ կլինեն նոր «հարցաքննություններ, ահաբեկումներ և որոշ ձերբակալություններ»: 

«Առնվազն Բահրուզի դեպքի առնչությամբ մարդկանց ինչ-որ կերպ կմոտենան, կվախեցնեն կամ կկալանավորեն»,- ասում է նա։

Խաղաղության մենաշնորհ

Սամադովի՝ դավաճանության մեղադրանքով ձերբակալությունը անակնկալ էր շատերի համար, որոնք ի սկզբանե կարծում էին՝ նրան կառաջադրեն թմրանյութերի հետ կապված մեղադրանք, ինչը հաճախ օգտագործվում է կառավարության քննադատների դեմ: Դավաճանության մեղադրանքը վերջին ամիսներին հետազոտողների դեմ առաջ քաշված երկրորդ նման մեղադրանքն էր․ իշխանությունները մեղադրանք էին առաջադրել էթնիկ թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի դեմ՝ Skype-ով հայ գիտնականների հետ «գաղտնի բանակցություններ և գործարքներ» կազմակերպելու համար։

Դարչինովան ենթադրում է, որ իշխանությունները կարող էին Սամադովին մեղադրել դավաճանության մեջ՝ վերջինիս «բոլորի աչքում չարագործ» դարձնելու և հանրային աջակցությունը կոտրելու համար։ «Եթե ասեին, որ այս մարդը ուսումնասիրում էր Ադրբեջանում ավտորիտարիզմը, նրան կարող էին նույնիսկ համակրել, բայց եթե նա համագործակցում է Հայաստանի հետ, ուրեմն ոչ ոք չի համակրի Բահրուզին, չէ՞»:

Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը նույնպես ենթադրում է, որ Սամադովի դեմ առաջադրված մեղադրանքները «որակապես տարբեր են»։

«Մենք ունենք այս բավական հեգնական իրավիճակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը առերևույթ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա և շարժվում դեպի խաղաղություն, և հակամարտությունն ավարտված է․․․ դա մանտրան է»,- ասում է Բրոերսը OC Media-ին: 

«Այնուամենայնիվ, այժմ տեսնում ենք, որ խաղաղության և հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ աշխատող երիտասարդ գիտնականներ են ձերբակալվում, իսկ Բահրուզի դեպքում՝ ոչ թե թմրամիջոցներին կամ գումարներին վերաբերող մեղադրանքներով, այլ հայերի հետ շփումների մասով»։

Բրոերսը ենթադրում է՝ նվազ հավանական է, որ համաներում շնորհվի դավաճանության մեղադրանքների համար։ Նա ընդգծում է Սամադովի և 2014-ի ապրիլին Լեյլա և Արիֆ Յունուսովների ձերբակալությունների միջև եղած նմանությունները: Ամուսիններին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ հարկերից խուսափելու, խարդախության և կեղծիքի, դավաճանության, ընդ որում՝ վերջին մեղադրանքը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված նրանց աշխատանքին: Նրանք ազատ արձակվեցին ավելի քան մեկ տարի անց և այդ ժամանակից ի վեր աքսորում են:

Բրոերսը պնդում է, որ Սամադովի ձերբակալությունը կարող է Ադրբեջանում խաղաղության ջատագովներին ստիպել մտածել, թե արդյոք հայերի հետ նրանց շփումները «կարող են որակվել կամ վերաորակվել որպես դավաճանություն»:

«Այնպես որ, իհարկե, ահաբեկող մեծ ազդեցություն կլինի, և դա նշանակում է, որ միայն այն մարդիկ, ովքեր աշխատում են պետության ​​հաստատած կամ պետությանն առընթեր ​​կառույցներում, վստահություն կունենան հայերի հետ հանդիպումներում»,- ասում է նա։ «Սա ակնհայտորեն խաղաղաշինությունն ամբողջությամբ վարչակարգի գծին համահունչ ուղղություն փոխադրելու ճանապարհ է»:

Ինչո՞ւ հիմա

Ձերբակալությունները տեղի են ունենում Ադրբեջանի համար կարևոր ժամանակաշրջանում՝ նոյեմբերին Բաքվում COP-29 գագաթնաժողովից ամիսներ առաջ, երբ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շարունակվում են, մյուս կողմից հաղորդվում է հրադադարի խախտումների մասին։

Թեև ոմանք ենթադրում են, որ լրագրողների, քաղաքական գործիչների և խաղաղության ջատագովների նկատմամբ Ադրբեջանի ճնշումները կարող են ռազմական նոր առճակատման նախերգանք լինել՝ մյուսները կարծում են, որ Ադրբեջանին ձեռնտու չի լինի զինված հակամարտություն հրահրել Հայաստանի հետ՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովից առաջ:

Բրոերսն ասում է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը մինչև COP-29-ը կարող են ստորագրել «չափազանց մակերեսային շրջանակային համաձայնագիր», նման համաձայնագիրը պարզապես ձևական բնույթ կունենա և իրականում ոչինչ չի լուծի: Նա նշում է՝ Բաքուն առաջարկել է, որ այս համաժողովը լինի «խաղաղության գագաթնաժողով»։

«Բայց ինչպե՞ս կարող ենք դրան լուրջ վերաբերվել, երբ տեսնում ենք, որ վերջին մի քանի անկախ ձայները, որոնք խաղաղության ավելի իրատեսական ​​հեռանկարներ էին ստեղծում, ձերբակալվում են,- հարցնում է Բրոերսը:- Ո՞վ է այժմ ցանկանում մասնակցել երկխոսության հանդիպումներին, երբ գիտի, որ նման շփումները կարող են օգտագործվել իրենց դեմ՝ որպես դավաճանության ապացույց»:

Բրոերսը հավելում է, որ հակամարտության ընձեռած «հնարավորությունների» պատճառով Ադրբեջանը կարծես թե «շատ դժկամությամբ» է հրաժարվում Հայաստանի հետ հակամարտությունից՝ չնայած հակառակն արվող հայտարարություններին։ Նա ասում է, որ հակամարտությունը մարդկանց համախմբող կենտրոնական խնդիր է և նշանավորում է Ադրբեջանի՝ «որպես ազգային պետություն» ռազմական առաջին հաղթանակը, ինչը խոչընդոտում է ընթացքը դեպի լիարժեք խաղաղություն։

Իսմայիլբեյլին չի հավատում, որ Սամադովը ազատ կարձակվի մինչև հաջորդ տարի։ Նրա խոսքով՝ լավագույն դեպքում Սամադովին տնային կալանքի կենթարկեն, ինչպես Գուբադ Իբադօղլուի դեպքում։

Կառավարության հայտնի քննադատ և հակակոռուպցիոն քարոզիչ Իբադօղլուն ձերբակալվել էր 2023-ի հուլիսի 23-ին՝ կազմակերպված խմբի կողմից փողեր կամ արժեթղթեր կեղծելու, ձեռք բերելու կամ վաճառքի մեղադրանքով: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստման, պահպանման կամ տարածման հոդվածով: Նա տնային կալանքի տակ է 2024-ի ապրիլից։

Իսմայիլբեյլին ասում է՝ հույս չունի, որ իր ընկերը նույն վերաբերմունքին չի արժանանա, քանի որ Արևմուտքը հետաքրքրված չէ Սամադովի կամ կալանավորված ադրբեջանցի լրագրողների գործերով:

Ըստ նրա՝ ներքին ճնշումը բավարար չէր Սամադովին և կառավարության մյուս քննադատներին ազատ արձակելու համար, և «միայն արևմտյան կառավարությունները կարող են» ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝  նրանց ազատելու համար: Իսմայիլբեյլին նաև զգուշացնում է, որ Սամադովին կալանքի տակ, ամենայն հավանականությամբ, վատ են վերաբերվում, և նշում է, որ Սամադովին շատ սահմանափակ ժամանակ է տրվել փաստաբանի հետ շփվելու համար։

«Ես գիտեմ, որ նրա պայմանները շատ վատ են, նրան շատ վատ են վերաբերվում բանտում։ Մենք արդեն հրապարակայնորեն հայտարարել ենք, որ նրան թույլ չեն տալիս նույնիսկ որոշակի ժամերի նստել, [նրան ստիպում են] կանգնած մնալ, նույնիսկ թույլ չեն տալիս կարդալ»,- ասում է Իսմայիլբեյլին։

Նրա խոսքով՝ Սամադովը, ի հեճուկս ամեն ինչի, «լավատես և դրական» է տրամադրված։ Իսմայիլբեյլին մատնանշում է ավտորիտարիզմի վերաբերյալ Սամադովի հետազոտությունը և կատակում, որ Սամադովը կարող է իր կալանավորումը դիտել որպես «գիտական ​​փորձ»:

«Հուսով եմ՝ նա իրեն լավ է զգում, բայց չգիտեմ՝ արդյոք տրավմաներ ունի, արդյոք նրան ավելի վատ են վերաբերվել, քան մենք գիտենք»,- ասում է Իսմայիլբեյլին: 

«Չգիտեմ, հուսով եմ, որ նա իրեն լավ է զգում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում