ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ այսօր Համաշխարհաին հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև այդ հանգամանքով է բացատրում, թե ինչու է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», - ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ՝ 2024-ի փետրվարին, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Civilnet











