Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը Բաքվի գերությունից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը: 

Ռուբեն Վարդանյանը Բաքվի գերությունից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը: 

«Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»․- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, հայտարարել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»։ 

Ինչպես նշված է Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց  ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը.

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:

Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

1. Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:

2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:

3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը  ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»:

***

2023-ի սեպտեմբերի 27-ին, Արցախից Հայաստան տեղափոխվելիս, Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից, և այդ պահից ի վեր գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում