Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ճանապարհը՝ գերմանականից ռուսական

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ճանապարհը՝ գերմանականից ռուսական

Մկրտիչ Կարապետյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումից երեք տարի անց էլ  կառավարությունը չի հստակեցնում, թե ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերություններն ինչպես, ինչ հանգամանքների բերումով են դարձել հանքի սեփականատերեր։ Չնայած ԶՄՊԿ-ն մասնավոր ընկերություն է և ինքնուրույն է տնօրինում իր բաժնետոմսերի ճակատագիրը, այնուհանդերձ կան փաստեր, որոնք կառավարության կողմից ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերաբաշխմանը մասնակցության որոշ նշաններ են ի հայտ բերում։

Հայաստանում հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018-ի հուլիսին, երկրի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնտոմսերի 12,4%-ի բաժնետերը դարձավ կիպրոսյան օֆշորում գրանցված Walnort Finance Limited-ը։ 

2020-ից Walnort Finance Limited-ի սեփականատերը դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։ 2021-ի աշնանը կոմբինատի բաժնետոմսերի 75%-ը բաժին հասավ ռուսաստանցի մեկ այլ օլիգարխի՝ Ռոման Տրոցենկոյին։ Մինչ այս գործարքները՝ 2019-ին, ԶՊՄԿ-ն գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունից հետ էր գնել կոմբինատի բաժնետոմսերի 75%-ը (գործարքն իրականացնելու պահին «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ևս պատկանում էին «Քրոնիմետ»-ին)։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված «Արդյունաբերական ընկերություն» և «Ուրբանեվենտ պլյուս» ընկերությունները բաժնեմասեր ձեռք բերեցին 2021-ի սեպտեմբերին և 2022-ի գարնանը։ «Արդյունաբերական ընկերությունը» 15 % չափով, իսկ հետո ԶՊՄԿ-ի մեկ այլ բաժնետեր՝ «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն գրեթե 7 % չափով իրենց պատկանող բաժնետոմսերը նվիրեցին վարչապետի աշխատակազմին։ 

«ԱՄՓ հոլդինգ»-ի իրական շահառուների  հայտարարագրից երևում է, որ Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, 2022-ի ապրիլից այս ընկերության բաժնետոմսերի իրական շահառուն է։ Նա այս բաժնետոմսերը ձեռք էր բերել կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովից, վերջինիս տեղակալ Նարեկ Ամբարյանից և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբորից՝ Կարեն Հակոբյանից։ 

Ի՞նչ պայմաններում Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերությունները հայտնվեցին ԶՊՄԿ-ում

Ինչպես նշեցինք, գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-ն իրեն պատկանող 75 %-ը վաճառել էր ԶՊՄԿ-ին։ Դատական որոշ փաստաթղթերից երևում է, որ 60 %-ը «Քրոնիմետ մայնինգ»-ը կոմբինատին վաճառել է 132 մլն դոլարով, մյուս 15 %-ը «Մաքուր երկաթի գործարան»-ից, որի բաժնետերը նույնպես գերմանական ընկերությունն էր, ձեռք է բերվել 15,84 մլրդ դրամով (եթե վերածենք գործարքի համաձայնության օրվա դրությամբ դոլարի՝ ԿԲ փոխարժեքով, կստացվի մոտ 32,5 մլն դոլար)։

Կոմբինատի մյուս 12,4 %-ի սեփականատերը «Զանգեզուր մայնինգ»-ն էր, որի սեփականատերը Միխայիլ Զուրաբովն էր՝ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը։ 12,5 %-ի սեփականատերը «ԱՄՓ հոլդինգ»-ն էր, որի բաժնետերերն էին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։ 12,4 %-ի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը դատական ատյաններում հարց էր բարձրացրել, որ «Քրոնիմետ մայնինգ»-ի ու «Մաքուր երկաթի գործարան»-ի կողմից կոմբինատին վաճառված բաժնետոմսերը նախապատվության իրավունքով պիտի առաջարկվեին իրեն։ Ի վերջո, դատական գործընթացի արդյունքում Զուրաբովի ընկերությունը հասավ նրան, որ կոմբինատի 75 %-ի վրա արգելանք կիրառվեց։ Արգելանքը ենթադրում էր, որ կոմբինատի բաժնետոմսերի 75 %-ի հետ կապված չէին կարող գործարքներ իրականացվել։ 

Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով ԶՊՄԿ-ին պատկանող 75 %-ը չէր կարող մասնակցել ընկերությունում որոշումների կայացմանը, այլ կերպ ասած՝ որոշումների քվեարկության վրա չէր ազդելու։ Ստացվում էր, որ կոմբինատի հետ կապված որոշումներ կարող էին կայացնել մյուս երկու ընկերությունները՝ 12,4 %-ով «Զանգեզուր մայնինգ»-ն ու 12,5 % «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Հաշվի առնելով, որ «ԱՄՓ հոլդինգ»-ն ուներ «Զանգեզուր մայնինգ»- ից մի քանի հատ ավելի բաժնետոմս, հենց այս ընկերությունն ուներ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ժողովում ձայների մեծամասնություն։

2021-ի սեպտեմբերի 30-ին՝ մեկ օրվա ընթացքում, դատարանը ԶՊՄԿ-ի 75 %-ի նկատմամբ արգելանքը վերացնում է, ապա «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք է բերում կոմբինատի 60 %-ը, նույն օրը 15 % նվիրատվություն կատարում։ Կառավարությունը այդ օրը երեկոյան որոշում է ընդունում նվիրատվությունն ընդունելու մասին։ Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 29-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) որոշում էր ընդունել, որով թույլատրել էր ԶՊՄԿ-ի և «Արդյունաբերական ընկերության» համակենտրոնացումը։

Համակենտրոնացումը, ըստ էության, բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին ՄՊՀ-ի թույլտվությունն է։ Ընդ որում, որոշումից տեղեկանում ենք, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը դիմել է ՄՊՀ-ին 2021-ի հունիսի 15-ին։ Հենց այդ օրն էր, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում հայտարարեց․ «Տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը [...], հերիք է ինչքան ԶՊՄԿ բաժնետեր մնացին որոշ բաշիբոզուկներ»։ Փաշինյանն այդ օրը նաև հայտարարեց. «Հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում, հույս ունեմ բանակցային գործընթացում ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան: Չունենան կառուցողական դիրքորոշում՝ ՀՀ ժողովուրդը այդ բաշիբոզուկներից իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»։ Այս հայտարարությունը հիմնավոր կասկածներ է առաջ բերում, որ կառավարությունը կոմբինատում բաժնետոմսերի վերաձևավորումից տեղյակ էր և առնվազն ուներ նախընտրելի բաժնետեր։

Մեկ օրվա ընթացքում բաժնետոմսերն արգելանքից ազատելը, առքուվաճառքը, նվիրատվության որոշման ընդունումն ու ՄՊՀ-ի կողմից համակենտրոնացման թույլտվությունը առաջին էական հանգամանքներից են, որ ամրապնդում են գործարքում կառավարության միջամտության վարկածը։ Այժմ միջազգային ներդրումային արբիտրաժային դատարանում քննվում է գործ, որով ԶՊՄԿ բաժնետերերից «Զանգեզուր մայնինգ»-ը վիճարկում է Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերությունների կողմից ԶՊՄԿ բաժնետոմսերի ձեռքբերումը, հայտարարում, որ այդ գործարքում նախապատվության իրավունքով իրենց պետք է առաջարկվեին բաժնետոմսերը։

Կառավարությունը ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի նվիրատվությունն ընդունել է գրավոր քվեարկության որոշումների ընթացակարգով։ Սա կառավարության որոշումների ընդունված կարգից շեղվող, միևնույն ժամանակ թույլատրելի ընթացակարգ է։ «Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգում որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ, կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Գրավոր քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով»,- ասվում է կառավարության աշխատակարգը սահմանելու մասին որոշման մեջ։ Նույն աշխատակարգը սահմանում է, որ որոշման նախագծերը մինչև կառավարության նիստում ընդգրկվելը, որպես կանոն, քննարկվում են նախարարական կոմիտեի նիստում։ ԶՊՄԿ բաժնետոմսերի նվիրատվության դեպքում կոմիտեի նիստում հարցը չի քննարկվել։ Վարչապետի աշխատակազմից պատասխանել են՝ դա պարտադիր պահանջ չէ։

Իրավական գործընթացներ՝ բաժնետոմսերի վերաձևավորմանը զուգահեռ

ԶՊՄԿ-ի ի կողմից հրապարակված մի փաստաթուղթ վերաբերում էր խտանյութի արտահանման բարդություններին, որ առաջացել էին 2021-ի հունիս, հուլիս ամիսներին։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ բաժնետոմսերի առքուվաճառքի խմորումներ էին կոմբինատի ներսում։ Մի դեպքում ԶՊՄԿ-ն հայտնում է, որ 2021-ի հունիսի 30-ից հուլիսի 2-ը Պետեկամուտների կոմիտե է ներկայացվել 140 000 կգ ֆերոմոլիբդեն արտահանելու թույլտվություն, սակայն թույլտվությունները առանց հիմնավորման չեն տրամադրվել, 7 բեռնատար մեքենաներում արտահանման ենթակա բեռը բեռնաթափվել է, արտահանում չի իրականացվել։

2021-ի հուլիսի 6-ին, 7-ին և 9-ին կոմբինատը փորձել է ընդհանուր առմամբ 75 վագոն պղնձի խտանյութ արտահանել, ինչը դարձյալ չի ստացվել։ «Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և համապատասխան պետական տուրքերը վճարվել են, սակայն մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել՝ առանց որևէ հիմնավորման»,- նշված է ԶՊՄԿ-ի փաստաթղթում։ Կոմբինատը, ՊԵԿ պաշտոնատար անձանց անգործությանը քրեաիրավական գնահատական տալու համար դիմել էր իրավապահներին։

Սրան զուգահեռ ՊԵԿ-ում քննվում էր քրեական գործ, որն առնչվում էր կոմբինատի նախկին փոքր բաժնետեր ու գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելուն։ Այս դեպքով ՊԵԿ-ը 2021-ի դեկտեմբերի 29-ին կազմել է ստուգման ակտ՝ 15 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ընկերության նախկին գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ: Դրանց հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել, և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 մլրդ դրամ հարկեր և վճարներ: Մարտի 3-ին ՊԵԿ-ը հաղորդեց, որ նշված գումարը ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե և ոչ թե ԶՊՄԿ ակտիվների, այլ Պոլոսկովի անձնական միջոցների հաշվին։

Ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը Տրոցենկոյի՝ ԶՊՄԿ մուտքի հարցում

Մինչև կոմբինատի համասեփականատեր դառնալը Ռոման Տրոցենկոն արդեն իսկ ներգրաված էր հայկական հանքարդյունաբերությունում. նրան էր պատկանում «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը շահագործում էր Սոթքի ոսկու հանքավայրը։ Այս ընկերությանն է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ 53-ամյա Տրոցենկոն միլիարդատեր է, նրան է պատկանում ռուսական AEON corporation-ը, որը ներառում է 22 օդանավակայաններ Ռուսաստանում։ Այս ընկերությունը զբաղվում է նաև անշարժ գույքի կառավարմամբ, Federation tower երկու երկնաքեր ունի Մոսկվայում, որոնք ծառայում են որպես բիզնես կենտրոն։ Տրոցենկոն եղել է «Ռոսնեֆտ» պետական էներգետիկ հսկայի տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականը։ Նրա ունեցվածքը, ըստ Forbes-ի, 2,8 մլրդ դոլար է։

Ռոման Տրոցենկոն

ՍիվիլՆեթը էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ արդյոք բացի Տրոցենկոյի հետ կապված «Արդյունաբերական ընկերություն» և «Ուրբանեվենտ պլյուս» ընկերություններից այլ ներդրողներ հետաքրքրվա՞ծ են եղել ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի ձեռքբերմամբ։ Էկոնոմիկայի նախարարությունը կարճ պատասխանել է՝ նախարարությունը տեղեկատվությանը չի տիրապետում։

Նույն հարցն ուղղել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, որ նախարարությունում համակարգում է հանքարդյունաբերության ոլորտը, դարձյալ պատասխանել է՝ նախարարությունը տեղեկատվությանը չի տիրապետում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված հարցի պատասխանը ևս նույնաբովանդակ էր՝ հարցի հասցեատերը կառավարությունը չէ։

Ռոման Տրոցենկոյի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 75 %-ի ձեռքբերման արժեքի մասին տեղեկություներ չկան։ Այնուհանդերձ, կոմբինատի 2022-ի տարեկան հաշվետվությունում կարելի է գտնել, որ «Ուրբանեվենտ պլյուս»-ին վաճառված ԶՊՄԿ-ի 15 %-ի  արժեքը կազմել է 29,485 մլրդ դրամ։ Կոմբինատի 15 %-ը  եղել է 412 250 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյորը 20 000 դրամ անվանական արժեքով։ Այսինքն՝ բաժնետոմսերի 15 %-ի անվանական արժեքը կկազմեր 8,245 մլրդ դրամ, սակայն հաշվետվությունից պարզ է դառնում, որ Տրոցենկոյի հետ կապված ընկերությունը վճարել է 29,485 մլրդ դրամ՝ անվանական արժեքից 3,5 անգամ ավելի` շուկայական գնով։ Եթե կոմբինատի 15 %-ի վաճառքի արժեքը հաշվետվությունում կարելի է գտնել, ապա մյուս 60 %-ի շուկայական արժեքի մասին հաշվետվությունում տվյալներ չկան։ Այնուհանդերձ, եթե հիմք ընդունենք հաշվետվությունում մյուս 60 %-ի անվանական արժեքով 1 649 003 բաժնետոմսերից ամեն մեկի անվանական արժեքի 20 000 դրամ լինելու փաստը, կստացվի, որ մյուս 60 %-ի անվանական արժեքը մոտ 33 մլրդ դրամ է։ 

Այնուհանդերձ, հաշվի առնելով առկա տվյալները, չի կարելի պնդել, որ կոմբինատի բաժնետոմսերի 60%-ի առքուվաճառքը եղել է անվանական արժեքի գնով։ Կոմբինատի հաշվետվության համաձայն՝ ԶՊՄԿ-ն բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում ստացել է նաև 18,167 մլրդ դրամի էմիսիոն եկամուտ։ 

Այս ամենով հանդերձ, բաց է մնում հարցը, թե որքան է կազմել ձեռք բերված բաժնետոմսերի 60 %-ի շուկայական արժեքը, այդ թվում՝ որքան արժե կառավարությանը նվիրատվությամբ հանձված բաժնետոմսերի շուկայական արժեքը։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեից պատասխանել են՝ պետական սեփականություն հանդիսացող մոտ 22 %-ի  բաժնետոմսերի շուկայական գնահատում չի իրականացվել։ Սա նշանակում է, որ կառավարությունը տեղյակ չէ, թե պետական այս բաժնեմասի շուկայական արժեքը որքան է, չնայած, որ այն, ըստ ամենայնի, կառավարության ամենաթանկ ակտիվներից է։ ԶՊՄԿ-ն, ի պատասխան ընկերության շուկայական արժեքի հարցի, ևս հայտնել է, որ ընկերության բաժնետոմսերի շուկայական գնահատում չի իրականացրել։

Ռուսաստանում գրանցված մեկ-հոգանոց ընկերություններ 

Ռոման Տրոցենկոն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 75 %-ը ձեռք է բերել ոչ թե իրեն պատկանող և հանքարդյունաբերության ոլորտում հայտնի, 23,6 միլիարդ դրամի կապիտալով «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի, այլ ռուսական երկու այլ ընկերությունների միջոցով։ 60 %-ը գնվել է «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի միջոցով, մյուս 15 %-ը՝ «Ուրբանեվենտ պլյուս» ընկերության միջոցով։ Ըստ ռուսական իրավաբանական անձանց բաց տվյալների՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը հիմնվել է 2017-ին, ունի մեկ աշխատակից, կանոնադրական կապիտալը 35 000 ռուբլի է (2024-ի սեպտեմբերի 4-ի փոխարժեքով ՝ 147 000 դրամ)։ Ընկերության գործունեությունը ոչ թե հանքարդյունաբերությունն է, այլ բիզնեսի և կառավարման խորհրդատվությունը։ «Արդյունաբերական ընկերության» միակ բաժնետերը այժմ «Ուրբանեվենտ պլյուս»-ն է՝ կոմբինատի Տրոցենկոյին պատկանող մյուս 15 %-ի բաժնետերը։ 

«Ուրբանեվենտ պլյուս»-ը «Արդյունաբերական ընկերության» բաժնետեր է դարձել 2022-ի հունիսից։ Ըստ նույն բազայի տվյալների՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի եկամուտը 2023-ի համար եղել է 351,2 մլն ռուբլի (ՌԴ կենտրոնական բանկի 2023-ի դեկտեմբերի 31-ի փոխարժեքով՝ ավելի քան 3,9 մլն դոլար), իսկ ծախսերը գերազանցել են 2,841 մլրդ ռուբլին՝ մոտ 31,7 մլն դոլար։ «Արդյունաբերական ընկերություն»-ը 2023-ին ունեցել է 2 մլն ռուբլու վնաս (22 300 դոլար)։ 

Կոմբինատի մյուս 15 %-ը Ռոման Տրոցենկոյին է պատկանում «Ուրբանեվենտ պլյուս» ընկերության միջոցով։ Սա հիմնվել է 2020-ի փետրվարի 12-ին, 50 000 ռուբլի կանոնադրական կապիտալով, դարձյալ ունի մեկ աշխատակից։ Ընկերության գործունեությունը անշարժ գույքի առքուվաճառքն է։ «Ուրբանեվենտ պլյուս»-ի բաժնետերը «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն է։ 2023-ին ընկերության եկամուտը եղել է 98 000 ռուբլի (1090 դոլար), իսկ ծախսերը հասել են մոտ 780 մլն ռուբլու (8,7 մլն  դոլար), «Ուրբանեվենտ պլյուս»-ը կրել է 7000 դոլարի վնաս։

Բացի այն, որ այս երկու ընկերություները միմյանց բաժնետեր են, դրանց տնօրենը ևս նույն անձն է՝ Միրզաազիզ Մուսախանովը, հավանաբար հենց նա էլ երկու ընկերությունների միակ աշխատակիցն է։ Մուսախանովը Ռոման Տրոցենկոյի բիզնեսների հետ փոխկապակցված անձ է։ Ենթադրաբար նա Տրոցենկոյի հավատարիմ մարդկանցից է, այնքան հավատարիմ, որ իրական շահառուների հայտարարագրում Մուսախանովի անունով է ձևակերպված կոմբինատի մոտ 12 % բաժնեմասը։  Տրոցենկոն ու Մուսախանովը համասեփականատեր են նաև ՌԴ-ում գրանցված մեկ այլ ընկերությունում՝ АЕОН МАЙНИНГ-ում։

Ու՞ր են Ռոման Տրոցենկոյի ներդրումները

Կոմբինատի բաժնետոմսերը ձեռք բերելուց և կառավարությանը նվիրատվություն կատարելուց օրեր անց Ռոման Տրոցենկոն Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Որոշումը կայացված է, մենք պղնձաձուլարան ենք կառուցելու»։ Նրա խոսքով՝ միայն պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիրը կարժենար 1,4- 1,5 մլրդ դոլար։ Տրոցենկոն այդ հարցազրույցում խոսում էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Ագարակի պղնձամոլիբդենայինի արտադրողականության բարձրացման, ընդլայնման մասին՝ նշելով, որ իրենք նաև ատոմակայան կառուցելու մտադրություն ունեն։ Տրոցենկոյի պնդմամբ՝ ներդրումային ողջ ծրագրերը միասին կարող են արժենալ 3-3,5 մլրդ դոլար։ Նիկոլ Փաշինյանը, 2022-ին անդրադառնալով ԶՊՄԿ նոր սեփականատիրոջ ներդրումներին, ասել էր, որ դա 4 մլրդ դոլարանոց ծրագիր է, որ չի կարող իրականություն դառնալ առանց կառավարության մասնակցության։

Ներդրումների հավակնոտ այս հայտարարություններից երեք տարի անց տեղեկություն չկա նոր պղնձաձուլարանի նախագծի, կառուցման, տեղակայման վայրի, ձուլարանի կարիքների համար կառուցվելիք ատոմակայանի մասին։

ԶՊՄԿ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ մինչ այս պահը ներդրումների ո՞ր մասն է կատարված, մեկնարկել է արդյոք պղնձաձուլարանի կառուցման նախագծման փուլը։ Կոմբինատից հարցմանը չեն պատասխանել։ 2024-ի հունիսին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ասուլիսի ընթացքում ՍիվիլՆեթը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը։ «Մեզ ներկայացվել է ճանապարհային քարտեզ, ընդ որում՝ 2024-ին պլանավորվածով գործընթացները գնում են։ Այնպես չէ, որ դա ասվել էր ու երեկ պիտի արվեր, կա գործընթաց, որ ըստ պլանավորածի գնում է»,- պատասխանեց էկոնոմիկայի նախարարը։ Նա անակնկալի էր եկել դիտարկումից, որ ԶՊՄԿ-ն Հայաստանում նաև ատոմակայան էր մտադիր կառուցել։ Կառավարության և Տրոցենկոյի կամ նրան պատկանող ընկերությունների միջև կա՞ համապատասխան իրավական ուժ ունեցող պայմանագիր, համաձայնագիր, որով ֆիքսվել է Տրոցենկոյի ու նրա ընկերությունների ներդրումային պարտավորությունները․ Էկոնոմիկայի նախարարությունը այս հարցին պատասխանել է՝ տեղեկատվությունը իրենց տիրույթում չէ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը արձագանքել է՝ «բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»։ 

ԶՊՄԿ-ում 2021-ին տեղի ունեցած գործընթացներն առավել կարևորվում են վերջերս միջազգային ներդրումային արբիտրաժում Հայաստանի դեմ սկիզբ առած գործընթացների շրջանակում։ Հիշեցնենք, որ կոմբինատի 12,4 %-ի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ»-ն ընդդեմ Հայաստանի դիմել էր արբիտրաժ՝ 1,2 մլրդ դոլարի փոխհատուցման պահանջով։ Ընկերությունը պնդում է, որ իրեն պետք է հնարավորություն տրվեր օգտվելու կոմբինատի 75 % բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից, որը չի արվել։ «Զանգեզուր մայնինգ»-ը վիճարկում է նաև կառավարությանը բաժնեմասեր նվիրելու որոշումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում