Գլխավոր Լրահոս

Կանադան Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն է արել, Բաքուն արձագանքել է

Կանադան Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն է արել, Բաքուն արձագանքել է

Ադրբեջանն արձագանքել է Կանադայի արտգործնախարարության՝ Արցախի էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությանը և այն անվանել «մանիպուլյատիվ»։ Բաքվում համարել են, որ այն «Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ է։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանման մեկամյա տարելիցին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Օտտավան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա հետևանքով ավելի քան 100. 000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30. 000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ», - նշված է հայտարարության մեջ։

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել է Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Հայտարարության մեջ Օտտավան համերաշխություն է հայտնում այս ճգնաժամից տուժած մարդկանց և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ 

«Այդ իսկ պատճառով 2023 թ. մենք ավելի քան 3. 9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար»,- ընդգծված է հայտարարությունում:

Բացի այս, Մելանի Ջոլիի հայտարարության մեջ շեշտվում է, որ Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադայի ԱԳ նախարարն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ Օտտավան բազմիցս կոչ է արել և հիմա էլ շարունակում է կոչ անել անվերապահորեն ազատել 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ 

«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը», - եզրափակել է Մելանի Ջոլին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում