Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը․ Վասիլիս Պալմաս

Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը, հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
«Կիպրոսը և Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ և համագործակցություն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։ Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել, բայց, միևնույն ժամանակ, զարգացել է փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը։ Գերազանց եմ գնահատում մեր հարաբերությունները»,- սեպտեմբերի 25-ին Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Պալմասը, փոխանցում է «Արմենպրեսը»։
Կիպրոսի պաշտպանության նախարարն իր այցը Հայաստան համարում է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության երաշխիք, որն առկա է Կիպրոսի և Հայաստանի միջև․ «Մեր երկրներն ունեն հարուստ պատմություն, ընդհանուր մշակութային ժառանգություն, խորը գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարեն և դիմակայեն փոքր պետությունները։ Փոքր պետություններ, որոնք վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։
Նրա խոսքով՝ Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում գագաթնակետն է և հաստատումն է երկու երկրի միջև առկա բարձր համագործակցության։
Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։
«Երկուստեք ամրագրեցինք, որ, թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նաև կարևորել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը, ըստ նրա, նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող երկու երկրների համատեղ նպատակների իրականացմանը։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում․ «Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»։
Կիպրոսի գործընկերոջ հետ մամուլի համար հայտարարության ժամանակ Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ Հայաստանը ուշադիր հետևում է Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները։ Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ Մերձավոր արևելեքում տիրող իրավիճակին: Նախարարի հետ կիսվեցինք մեր գնահատականներով և մեր մտահոգություններով»,- ասել է նա։
Վասիլիս Պալմասը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրի հարցում աջակցության համար։
Civilnet










