Հայաստանի արտաքին առևտուրը 2024-ի ութ ամսվա ընթացքում հասել է 22,5 մլրդ դոլարի

2024-ի հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 86,8%-ով` հասնելով 22,5 մլրդ դոլարի։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ դրական դինամիկա է նկատվում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշներում:
Արտահանման ընդհանուր ծավալը 2024-ի առաջին ութ ամսվա ընթացքում կազմել է մոտ 9,7 մլրդ դոլար, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2024-ի օգոստոսին արտահանումը կազմել է 945 մլն դոլար, որը 2023-ի օգոստոսի ցուցանիշից ավելի է 58,1%-ով, 2024-ի հուլիսի ցուցանիշից՝ 15,6%-ով։
Ներմուծումը նույնպես կայուն աճում է: 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 12,8 մլրդ դոլար, ինչը 86,8%-ով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2024-ի օգոստոսին ներմուծումը հասել է 1,2 մլրդ դոլարի՝ 18,7%-ով գերազանցելով 2023-ի օգոստոսի և 1,7%-ով՝ 2024-ի հուլիսի ցուցանիշները:
Նշենք, որ համաձայն Համաշխարհային բանկի հրապարակման՝ վերջին ամիսներին Հայաստանի արտահանման և ներմուծման կտրուկ աճը պայմանավորված է ոսկերչական ոլորտով:
Այս ապրանքախմբում նկատվում է զգալի աճ. հուլիսին արտահանումն աճել է 5,2 անգամ, իսկ ներմուծումը՝ 5,9 անգամ: Սակայն հարկ է նշել, որ նախորդ ամսվա համեմատ թանկարժեք մետաղների և քարերի արտահանման մասնաբաժինն ընդհանուր արտահանման մեջ կազմել է 48,5%, ինչը զգալիորեն ցածր է 2024-ի սկզբին գրանցված 75% ցուցանիշից:
Civilnet










