Ֆրանսիան ամուր կանգնած է Ադրբեջանի տարածքային ճնշման տակ գտնվող Հայաստանի կողքին․ Մակրոն

Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին, որը Ադրբեջանի տարածքային նկրտումների ճնշման տակ է։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ (Հարավային Կովկասում – խմբ․), որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- նշել է Մակրոնը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին՝ Ֆրանսիային մեղադրելով «ապակառուցողական գործունեության» մեջ։
«Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, որը Հայաստանին պատրաստում է ռևանշիզմի, իրականացնում է այս երկրի լայնածավալ զինում, մեղադրում է ադրբեջանական կողմին ճնշման մեջ: Մենք պահանջում ենք Ֆրանսիայից դադարեցնել ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
***
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։
Civilnet










