Գլխավոր Լրահոս

Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել

Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Այդ մասին Մինասյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:

Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:

Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»։

Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի դեկտեմբերի 26-ից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Ստորագրահավաքին միացել էր խմբակցության շուրջ երեք տասնյակ պատգամավոր։

Գրիգոր Մինասյանի եղբայրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է, որը մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, հարկեր չվճարելու, փողերի լվացման համար։

Իսկ Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։ Վերջինը մեղադրվում է պետությանը 545 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ։

https://civilnet.am/news/798931/%d5%b4%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%b9%d5%ab-%d6%86%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում