Սեպտեմբերի 6-ից 8-ը Երևանում անցկացվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը։ Օտարերկրյա հյուրերի շարքում էր սլովենացի գրող, «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպով Հայաստանում ճանաչում գտած Գորան Վոյնովիչը։ Էջ հրատարակչությունը հայերեն է թարգմանել նրա «Թզենին» վեպը։ ՍիվիլՆեթը զրուցեց հեղինակի հետ։
- Բոլոր ժողովուրդները, հատկապես՝ պատերազմի, քաղաքական թոհուբոհի մեջ ապրողները, ունեն գրական նարատիվ։ Ի՞նչ կասեք նախկին Հարավսլավիայի տարածքում իշխող գրական նարատիվի մասին։ Կա՞ նման բան։
- Պատերազմն, իրոք, կարևոր թեմա է։ Կարծում եմ՝ նույնիսկ այն մարդիկ, որ ուրիշ բանի մասին են գրում, շատ տարբեր եղանակներով կարողանում են ներառել պատերազմի թեման։ Անգամ երեսուն տարի անց նախկին Հարավսլավիայի մեծագույն մասում մարդիկ դեռ կրում են պատերազմի հետևանքները։ Որոշները թեմային անդրադառնում են ուղղակիորեն, ինչպես ես «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպում։ Կան գրողներ, որ այլ թեմաներ են թիրախավորում, բայց, վերջին հաշվով, պատերազմը ամեն տեղ է, այն ազդում է նաև ներանձնային հարաբերությունների վրա։
«Առաջին ավերված տունը երբեք դուրս չի գալիս մտքիցդ, առաջին այրված գյուղը, որի միջով անցնում ես, դրոշվում է հիշողությանդ մեջ, և բոլոր ավերակները, որ տեսնում ես հետո, խամրում են ժամանակի ընթացքում. գիտես՝ մի ժամանակ եղել են, գիտես, որ տեսել ես, բայց անհնար է հիշել։ Անցնում է ժամանակ, և չես նկատում քանդված տները, ասես, դրանց ոչ ոք չի դիպել, բայց առաջին գյուղն ու առաջին տունը դաջվում են հավերժ»։
- Բայց գրականությունը սովորեցնում է մեզ հիշել, հնարավո՞ր է գրել այլ բանի մասին։ Չէ՞ որ գրականությունը վակուումի մեջ չի ձևավորվում։
- Որպես գրողներ՝ մենք դատապարտված ենք հիշելու։ Պատերազմի թեման լիովին շրջանցելն անհնար է, բայց որպես հասարակություն՝ մենք խնդիր ունենք. օրինակ՝ Սարաևոն շատ հարուստ ու խայտաբղետ անցյալ ունի ու կարող էր հետաքրքիր պատմություններ պատմել, բայց քաղաք մտնելուն պես միայն մի պատմություն ես լսում՝ պատերազմի պատմություն։ Ափսոս է, իրոք, որովհետև Սարայևովի իրականության ու անցյալի մասին շատ ավելին կա ասելու։
Բոսնիացիները, սլովենացիները, խորվաթները մեծ խնդրի առաջ են, նրանք չեն կարողանում նոր նարատիվ ստեղծել։ Ու սա ավելի շատ սովորական մարդկանց մասին է, քան գրողների։ Գրողներն իրենց անձնական պատմությունն են պատմում։ Պատերազմի հետևանքները նաև երեխաների վրա են զգացվում։ Այդ սերունդը ստիպված էր գաղթել, լքել հայրենիքը, պատերազմը փոխել է նրանց ընտանիքներն ու ամենօրյա իրականությունը։ Երբեմն ժամանակային հեռավորություն է պետք որոշ բաների մասին գրելու համար։ Որպես հասարակություն՝ մենք, իհարկե, պետք է խոսենք պատերազմի մասին, պետք է հիշենք պատերազմը, բայց երբ մի ամբողջ հասարակություն դառնում է այս նարատիվի պատանդը, հետո ազատագրվելը շատ բարդ է լինում։
- Իսկ մարդկանց միջև թշնամանքը հաղթահարվա՞ծ է։ Պատերազմն այլևս պատմությո՞ւն է։ Տպավորություն չկա՞, որ նախկին Հարավսլավիայի երկրների միջև լարվածությունն ավելի ուժեղ է, քան տասը տարի առաջ։
- Այո, դևերը վերադառնում են Բալկանյան թերակղզի։ Տասը տարի առաջ պատերազմի, ռազմական հանցագործությունների մասին խոսելը շատ ավելի հեշտ էր, քան հիմա։ Մարդիկ ասում են՝ անցանք առաջ, բայց ոչ մեկ առաջ չի անցնում, ոչ ոք բաց չի թողնում անցյալը։ Մենք ավելի ու ավելի ենք խորանում ու ճահճանում այս թեմայի մեջ։ Քաղաքական գործիչներին էլ սա շահավետ է։ Եվ, այո, այսօր՝ այս պահին, Բալկանները շատ ավելի մոտ են պատերազմին, քան տասնհինգ տարի առաջ։
- Այս տարածաշրջանում ստեղծվող գրականությունն ի՞նչ ազգային պատկանելիություն ունի՝ հարավսլավակա՞ն, թե՞ բոսնիական, սերբական, սլովենական, խորվաթական և մոնտենեգրական։
- Ես չեմ հավատում գրականության ազգային պատկանելիությանը։ Գրականությունն ավելի շատ լեզվական պատկանելիության մասին է, ոչ ազգային։ Հետհարավսլավական տարածաշրջանում մարդիկ նույն լեզվով են գրում։ Խորվաթ, սերբ, բոսնիացի գրողներին իրարից տարբերելը շատ դժվար է։ Նրանք երկու, երեք ազգային պատկանելիություն ունեն։
Նույնը վերաբերում է մեր դասականներին, օրինակ՝ Իգո Անդրիչը։ Միևնույն ժամանակ, հարավսլավական ինքնությունը մինչև վերջ չէր ձևավորվել։ Մարդկանց մեծ մասն իրեն հարավսլավացի չէր համարում։ Նույնն է, թե ասել՝ եվրոպական ինքնություն։ Մեծ մասն իրեն եվրոպացի չի համարում։ Իհարկե ասում էինք՝ հարավսլավական գրականություն, հարավսլավական մշակույթ, բայց դա էլ վերացավ։ Պատերազմից հետո բոլորը փորձում էին ճանկել իրենց բաժինը, վերցնել այն, ինչ իրենց կարծիքով պատկանում էր իրենց։ Այսօր, օրինակ, վիճում են, թե Անդրիչը ինչ ազգություն ուներ։ Նա խորվաթ էր, ծնվել էր Բոսնիայում, ապրել Բելգրադում, լեզուն էլ ավելի մոտ է ժամանակակից սերբերենին, քան խորվաթերենին։ Բոլորն ասում են՝ Անդրիչը մերն է։ Զուտ գրականագիտական տեսանկյունից նա հարավսլավացի գրող էր, նա գրում էր մի լեզվով, որն ընկալելի էր Հարավսլավիայի յուրաքանչյուր անկյունում։
- Վերջերս բախվեցի «յուգոնոստալգիա» եզրույթին։ Հետո գտա բազմաթիվ կայքեր՝ remembering yugoslavia, yugonostalgia և նմանատիպ անուններով։ Կարելի՞ է ասել, որ Հարավսլավիայի հանդեպ կարոտը հակադարձ համեմատական է տվյալ երկրի տնտեսական բարեկեցությանը։ Ինչպես և անձնական կյանքում, նոստալգիան դառնում է բեռ, հիվանդություն, երբ ներկան գոհացուցիչ չէ։ Անցյալը դառնում է միակ ապահով հանգրվանը։
- Համաձայն եմ։ Բոսնիայում ու Մակեդոնիայում, որտեղ կյանքն ավելի բարդ է, մարդիկ նոստալգիայով են վերաբերվում իրենց անցյալին, փորձում են այն հիշել ավելի լավը, քան կար։ Մենք վատը մոռանալու հատկություն ունենք։ Մենք կատարելացնում ենք անցյալը։ Երբ ատում ես աշխարհը, որում ապրում ես, չունես ֆունկցիոնալ երկիր, սկսում ես կատարելացնել անցյալը, ինչպես օրինակ բոսնիացիները։
Ըստ Gallup-ի 2017-ի հարցման՝ Սերբիայում հարցվածների 81, Բոսնիա և Հերցոգովինայում՝ 77, Մոնտենեգրոյում՝ 65, իսկ Մակեդոնիայում՝ 61 տոկոսը կարծում են, որ Հարավսլավիայի լուծարումը ավելի շատ վնաս է բերել, քան օգուտ։ Սլովենիայում Հարավսլավիայի լուծարումից գոհ և դժգոհ հարցվածների թիվը համարյա հավասար է։ Կոսովոյի 75 տոկոսը գոհ է լուծարումից։
- Այնուամենայնիվ կարոտը ընդամենը պեկ գործոնով պայմանավորել պարզունակ կլիներ։ Ի՞նչն են կարոտում սոցիալական տարբեր խմբերը։
- Ես երեք խմբի կբաժանեի։ Մեկը, նշեցի, որ տնտեսական գործոնն է։ Կան մարդիկ, որ ուղղակի կարոտում են իրենց երիտասարդությունը։ Նոստալգիան կապված է յոթանասունականների հետ, երբ իրենք երիտասարդ էին, կյանքը՝ թեթև, ու բռնապետությունն իրենց համար մեկ էր։ Եվ կա յուգոնոստալգիայի երրորդ տարբերակը՝ նոստալգիան, որպես ընդվզում։
Տասնհինգ տարի առաջ նախկին Հարավսլավիայի ողջ տարածքում, հատկապես աջական կուսակցությունները, հակակոմունիստական դիրքորոշում ունեին, այս միտումը եկել էր Լեհաստանից, Հունգարիայից։ Նրանք սկսեցին Հարավլսավիան ներկայացնել վատագույն լույսի ներքո՝ երկիրը համեմատելով ԽՍՀՄ-ի, իսկ Տիտոյին՝ Ստալինի հետ։ Նրանք անգամ պախարակում էին Երկրորդ համաշխարհայինի ազատագրական պայքարը։ Սրան ի պատասխան՝ անգամ այն մարդիկ, որոնք քննադատում էին Հարավսլավիայում տեղի ունեցողը, սկսցին պաշտպանել Հարավսլավիան։
«Մենք ապրում ենք կոմունիզմի օրոք, և երջանկությունը համատեղ, կոլեկտիվ զգացողություն է»։
Մարդիկ ասացին՝ եթե դուք որոշել եք դիվականացնել Հարավսլավիան, ուրեմն մենք կփառաբանենք այն։ Այնպես չէ, որ փառաբանողներն իրենց ասածին հավատում էին, իհարկե, բոլորն էլ գիտեին իրականությունը, մարդիկ ուղիղ սադրանքի էին գնում։ Հենց իմ վեպի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վերնագիրը փոքրիկ սադրանք էր, բայց տարիների ընթացքում այն լրջացավ․ մենք սկսեցինք ավելի շատ խոսել Հարավսլավիայի մասին։ Աջերը սկսեցին Հարավսլավիան խավարի ներքո ներկայացնել, ձախերը սկսեցին պնդել, որ Հարավսլավիան սոցիալիստական ուտոպիա էր՝ դրախտ երկրի վրա։
- Այն երկրում, որտեղ ես եմ ապրում, խորհրդային անցյալը ոչ միայն հաճախ ռոմանտիզացվում է, այլև՝ մոնետիզացվում։ Օրինակ՝ սրճարաններ են բացվում խորհրդային դեկորացիայով, ճաշացանկով ու երաժշտությմաբ։
- Մենք հետևյալ պատկերն ունենք։ Հարավսլավիան շատ հարուստ մշակույթ ուներ, մի շարք երաժշտական խմբեր են ձևավորվել այնտեղ։ Հիմա այդ խմբերը երկրորդ կյնաք են ստացել, նրանց լսարանը նոստալգիայով ապրող մարդիկ են։ Ամերիկայից ու Անգլիայից հետո լավագույն ռոք խմբերը Հարավսլավիայում էին։ Այս խմբերը հակադրվում էին նազիոնալիզմին։ Իրականում այս խմբերը Հարավսլավիայի ամենամեծ արտադրանքն էին։
«Ալեքսանդրն ուզում էր ճշտել, որ ինքը եվրոպացի չէ, բալկանցի է, իսկ դա լրիվ այլ բան է, բայց Ահմադը տարուբերեց գլուխը։ Ես սովորել եմ Բելգրադում, ասաց, ճամփորդել եմ Բալկանյան երկրներում և մի բան կասեմ. Արևմուտքի ժողովուրդը միշտ արևելք է գտնվում՝ այնտեղ, որտեղ այն դեռ չի էլ սկսվել»։
- Երբ համաձայնեցիք գրքի հայերեն թարգմանությանը, ակնկալում էիք, որ հետպատերազմական երկրում ավելի մեծ լսարա՞ն կգտնեք։
- Իմ տպավորությամբ՝ Հայաստանը Արևելյան Եվրոպայի մաս է, իսկ Արևելյան Եվրոպայում իմ գրքերի հանդեպ շատ ավելի մեծ հետաքրքրություն կա, քան Արևմտյան Եվրոպայում։ Ես ունեմ շատ մեծ բուլղարական, ուկրաինական, լեհական լսարան։ Այնուամենայնիվ, Հայաստանն ինձ համար նոր աշխարհ է։ Ամեն դեպքում, չգիտեի՝ ինչ սպասել։ Երբեմն պատերազմող երկրները պատերազմի մասին կարդալ չեն ուզում։ Ես հաճելիորեն զարմացած եմ, թե ինչ ջերմ ընդունելություն ստացավ իմ գրիքը Հայաստանում։
- Արդյոք աղետի մասին ստեղծագործելը, երբ դրա զոհերն ու վկաները ողջ են, երբ աղետը չի հասցրել պատմություն դառնալ, էթիկական խնդիր չի՞ առաջացնում։ Արվեստը և հատկապես գրականությունը առաջին հերթին ապրումակցման մասին են, բայց մասամբ նաև՝ գեղեցկության։ Ինչպե՞ս ստեղծել գեղեցիկ պատմություն թարմ վերքի մասին։
- Հարցը պատերազմի մասին գրելը չէ։ Մենք մեր անձնական փորձի մասին ենք գրում։ Բոլորն ունեն դրա իրավունքը։ Գրականությունը հազվադեպ է գեղեցիկ լինում, այն լինում է ազնիվ։
Դու այն ես, ինչ կարդում ես։ Պատերազմը մտնում է մեր տներ։ Այն մտավ բոսնիական տներ ու բաժանեց ընտանիքներին, զույգերին, ընկերներին, բարեկամներին։ Ես Սլովենիայում էի, երբ իմ ընտանիքի անդամներից շատերը գաղթական դարձան ու Հարավսլավիայի տարբեր պետություններից եկան Սլովենիա՝ մեր տուն։
- Եվ վերջապես. պատերազմի մասին պատմությունները, որպես կանոն, ներկայացվում են մեկ ընտանիքի պատմությամբ։ Սա և՛ տարածված, և՛ աշխատող մեթոդ է։ Օրինակ՝ Պակիստանի ձևավորման, քաղաքական ոխակալության, քաշմիրյան դաժանությունների մասին պատմելու համար Սալման Ռուշդին վերցնում է մի ընտանիք, ու թվում է, թե գրականությունը հենց այդ ընտանիքի մասին է։
- Ամենատրամաբանական եղանակն ինձ համար պատմությունն ընտանիքի մասշտաբով ներկայացնելն է։ Վեճերի մեծ մասը տանն է տեղի ունենում։ Մեծ սերունդը կռվում է երտասարդ սերնդի դեմ, ծնողները՝ զավակների, եղբայրներն իրարից նեղանում են։ Պատերազմն իմ ընտանիքը մասերի բաժանեց։ Մենք ստիպված էինք անընդհատ տեղափոխվել։ Տատիս ու պապիս տունը դատարկվեց։ Ու այս նույն պատմությունը ապրում են մարդիկ Գազայում, Ուկրաինայում և այլուր։ Ժամանակակից աշխարհը դաժան է։ Նրանք գալիս են, նրանք մտնում են տներ ու քո հայրենիքը պատառ-պատառ անում։
Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը
Civilnet











