Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին

Հոկտեմբերի 3-ին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:
«Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման: Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- նշում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ծրագրին: Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:
«Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։ Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet










