Գլխավոր Լրահոս

Հարկային եկամուտներն աճել են, մաքսայինը՝ նվազել. բյուջեն թերակատարվում է

Հարկային եկամուտներն աճել են, մաքսայինը՝ նվազել. բյուջեն թերակատարվում է

Հայաստանի հարկային եկամուտները 2024-ի առաջին ինն ամիսներին զգալորեն աճել են։ Միևնույն ժամանակ, մաքսային եկամուտները նվազել են: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեի` հարկային և մաքսային եկամուտների վերաբերյալ հրապարակած տվյալներից:

Համաձայն հրապարակման՝ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հավաքագրվել է շուրջ 1,699 տրիլիոն դրամ հարկային եկամուտ: Այս ցուցանիշը 12,5 տոկոսով կամ 189 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: 

Մյուս կողմից, մաքսային մարմինը հավաքագրել է 312 միլիարդ դրամ, ինչը 16,3 տոկոսով կամ 61 միլիարդ դրամով պակաս է նախորդ տարվա համեմատ: 

Փորձագետների կարծիքով՝ այս նվազումը կապված է արտաքին առևտրի փոփոխությունների հետ։ Հատկապես նշվում է ավտոմեքենաների ներկրման և Ռուսաստան արտահանման կտրուկ անկումը։ Այս ոլորտը դարձել էր բյուջեի եկամուտների կարևոր աղբյուր 2022-ին՝ ուկրաինական պատերազմից անմիջապես հետո։ Այդ ժամանակ Հայաստանը դարձել էր առաջատար՝ Ռուսաստան օգտագործված եվրոպական և ամերիկյան ավտոմեքենաների վերաարտահանման գործում։

ՊԵԿ-ը նաև տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 243 միլիարդ դրամ, որը 8,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս գումարը չի ներառում 49,6 միլիարդ դրամ հիփոթեքային վարկերի գծով վերադարձը:

Ընդհանուր առմամբ, հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 2,011 տրիլիոն դրամ, որից հետ է վերադարձվել 243 միլիարդը: Արդյունքում, փաստացի հարկային եկամուտները կազմել են 1,767 տրիլիոն դրամ, ինչը 9,3 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով ավելի է, քան նախորդ տարի:

«Եթե հաշվարկենք նախորդ տարվա ցուցանիշները նույն մեթոդաբանությամբ, ապա այս տարվա եկամուտներն ավելի են 6,8 տոկոսով կամ 113 միլիարդ դրամով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:  

Թեև այս տարվա ինն ամիսներին եկամուտներն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ, սակայն եկամուտները 2024-ի բյուջեով նախատեսվածից քիչ են հավաքվում։ Հունիսին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում հայտնել էր, որ սպասվում է հարկային եկամուտների 100 մլրդ դրամից ավելի թերակատարում։ Հարկային եկամուտների թերակատարման ռիսկի պատճառը, որին 2024-ին կառերեսվի Հայաստանը, նրա կարծիքով, այն է, որ աճ են արձանագրել ոչ հարկունակ ոլորտները: Դրանցից մեկը ոսկերչության ոլորտն է, որն անցած ամիսներին կրտուկ աճել էր ռուսական ոսկու վերարտահանման հաշվին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում