Շոթա Կինչա, OC Media
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալու են վճռորոշ խորհրդարանական ընտրություններ:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս ընտրություններն անցկացվելու են լրիվ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ կուսակցությունները խորհրդարանի 150 մանդատները կստանան ամբողջ երկրում ստացած ձայների տոկոսի հիման վրա։ Միամանդատ ընտրատարածքներում այլևս չեն լինի առանձին պատգամավորների ընտրություններ:
Այնուամենայնիվ, չնայած շատ ավելի փոքր կուսակցությունների կոչերին, ինչպես նաև նախկինում տրված խոստումներին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանել է կուսակցությունների՝ մանդատներ ստանալու համար անհրաժեշտ 5 տոկոս ձայների շեմ։
Այս շեմին չհասնելու սպառնալիքը (2020-ին միայն «Վրացական երազանքը» և «Միացյալ ազգային շարժումն» էին ստացել են ձայների ավելի քան 5 տոկոսը) հանգեցրեց բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների՝ մի քանի խմբեր կազմելուն։

«Վրացական երազանք»
«Վրացական երազանքը»՝ իր միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, 2012-ին տապալեց «Միացյալ ազգային շարժմանը» և այդ ժամանակվանից անպարտելի մնաց համապետական ընտրություններում, այդ թվում՝ 2020-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում, երբ ապահովեց իշխանության երրորդ ժամկետը:
Նրանց համանուն կոալիցիան՝ սոցիալական լիբերալների և պահպանողականների խառնուրդը, հիմնականում լուծարվել էր 2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցությունը հավակնում է ավտորիտար ուժեղ օրակարգով երկիրը ղեկավարելու մանդատի, որը հակասում է վրացիների՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ցանկությանը:
Ուժեղ կողմերը. գործող իշխանություն լինելու առավելություն, Իվանիշվիլիի ֆինանսական ռեսուրսները, կառավարության վարչական ռեսուրսը։
Թույլ կողմերը. հակաարևմտյան կտրուկ շրջադարձը, որը կարող է օտարել նրանց ավանդական ընտրազանգվածից շատերին: «Վրացական երազանքի» «դիվերսիֆիկացված» արտաքին քաղաքականության գաղափարի համակիրներին կուսակցությունը հազիվ թե կարողանա համոզել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության թուլացմանն արժե աջակցել, քանի որ Ռուսաստանի ազդանշանները՝ ի պատասխան «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանության, առանձնապես խոստումնալից չեն։

«Միասնություն - ազգային շարժում»
«Միասնություն - ազգային շարժումը» «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա բանտարկված առաջնորդ և նախկին նախագահ Միխեիլ (Միշա) Սաակաշվիլիի ընտրական մեքենան է: Այս ընտրություններին նրանց կմիանան «Ստրատեգի Աղմաշենեբելին» և մի քանի փոքր խմբեր, որոնք նախկինում կուսակցության դաշնակիցներ են եղել։
Անցյալ ամառ իր հիմնադրումից սկսած «Միասնություն - ազգային շարժումը» շեշտադրել է տնտեսական խնդիրների և կոռուպցիայի խնդիրները: Ինչպես արևմտամետ մյուս խմբերը, նրանք խիստ քննադատում էին իշխող կուսակցության կողմից ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը՝ խոստանալով հետ շրջել Վրաստանի «պուտինացումը օլիգարխ Իվանիշվիլիի օրոք»:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցություն
Վրաստանի իշխող կուսակցությունն էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք՝ 2003-ի «Վարդերի հեղափոխությունից» մինչև 2012-ը: Չնայած համապետական գրեթե բոլոր ընտրություններում «Վրացական երազանքից» հետո երկրորդ տեղը զբաղեցնելուն՝ կուսակցությունը մշտապես նաև բարձր բացասական վարկանիշ է ստացել հարցումներում․ շատերը բացառում են, որ երբևէ կաջակցեն նրանց: Արդյունքում, ընդդիմության մեծ մասը հեռացել է կուսակցության՝ իշխանության վերջին տարիների թունավոր ժառանգությունից:
Կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստանից հեռանալու, ապա դրամատիկ վերադարձի և դրան հաջորդած բանտարկության ֆոնին, «Միացյալ ազգային շարժումը» ղեկավար կազմը պահպանելու խնդիրներ ունի: Անցյալ տարվա հուլիսին իրենց վերջին ընտրական դաշինքի մասին հայտարարելուց շատ չանցած՝ կուսակցությունը կրկին նոր նախագահ նշանակեց՝ Լևան Խաբեիշվիլիին փոխարինելով Թինա Բոկուչավայով։
Կուսակցությունը անսասան հավատարմություն է պահպանում Սաակաշվիլիի նկատմամբ։ Չնայած վերջին 25 ամիսների ընթացքում բանտարկված լինելուն և հոսպիտալացմանը՝ նրանք անցյալ տարի առաջ քաշեցին վարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի թեկնածությունը առաջադրելու գաղափարը։
Ուժեղ կողմերը. ժառանգության կուսակցություն; Սաակաշվիլիի հետևորդների կայուն զանգված։
Թույլ կողմերը. իր կառավարման տարիներին իշխանության չարաշահումների վերաբերյալ խնդիրները խոստովանելու բացը: «Միացյալ ազգային շարժումը» չի կարողացել նաև առաջ բերել մի ղեկավարի, որը կուսակցության հիմնադրի համեմատ «թեթևաքաշ» չերևար։

«Ստրատեգի Աղմաշենեբելի»
«Ստրատեգի Աղմաշենեբելիի» ղեկավարը Գիորգի Վաշաձեն է՝ «Միացյալ ազգային շարժման» նախկին, եռանդուն պաշտոնյա, որն ասում է՝ գիտի, թե ինչպես երկիրը դեպի Արևմուտք տանել: Խումբը ընտրական առումով «Միացյալ ազգային շարժման» ամենակարևոր դաշնակիցն է: Համապետական գրեթե բոլոր ընտրություններում «Ստրատեգի Աղմաշենեբելին» մասնակցել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած ընտրական կոալիցիաներին՝ 2016-ին դրանից բաժանվելուց հետո:
Ուժեղ կողմերը. «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին Վաշաձեի փորձը՝ հանրային ծառայությունների բարեփոխումները ղեկավարելու գործում։
Թույլ կողմերը. անկարողությունը՝ դիրքավորվելու որպես ավելի մեծ հավակնություն ունեցող կուսակցություն, քան «Միացյալ ազգային շարժումը»։

«Եվրոպական Վրաստան»
2017-ին «Եվրոպական Վրաստանը» «Միացյալ ազգային շարժմանը» զրկեց պատգամավորների մեծամասնությունից՝ առանձնանալով կուսակցությունից և դիրքավորվելով որպես դե ֆակտո «Միացյալ ազգային շարժում»՝ առանց Սաակաշվիլիի անձի պաշտամունքի: Դրանում ընդգրկվեց կուսակցության բարձրագույն ղեկավարության մեծ մասը, այդ թվում Գիգա Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Սերգի Կապանաձեն և Գիգի Ուգուլավան:
Կուսակցությունը դժվարացավ իր կողմը գրավել «Միացյալ ազգային շարժման» ընտրողներին՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններում հավաքելով 6%-ից էլ պակաս ձայն։ Նրանց անհաջողության և ներքին վեճերի արդյունքում 2024-ի սկզբին կուսակցության միակ տեսանելի դեմքերը մնացին Բոկերիան ու նրա կինը, ինչպես նաև Tabula մեդիա խմբի հիմնադիր Թամար Չերգոլեիշվիլին։
Օգոստոսի սկզբին կուսակցությունը չկարողացավ տեղ գտնել ձևավորվող ընդդիմադիր խմբերի շարքում, և Բոկերիան և Չերգոլեիշվիլին կարծես թե դուրս են մղվել, իսկ կուսակցությունը շրջապտույտ է կատարել ու վերադարձել «Միացյալ ազգային շարժման» գիրկը։
Ուժեղ կողմերը. կուսակցության նոր առաջնորդ Գիգի Ծերեթելին փորձառու քաղաքական գործիչ է:
Թույլ կողմերը. մյուս բոլոր հայտնի առաջնորդները 2018-ից հեռացել են կուսակցությունից:

«Հանուն փոփոխության» կոալիցիա
Մարտին «Ահալի» կուսակցության ձևավորած դաշինքը, կարծես, հարթակ է դարձել առաջնորդների նոր սերնդի համար, որոնք քաղաքական իրենց առաջին քայլերն արել էին Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարության ստվերում, բայց ավելի հավակնոտ դարձան ինչպես իշխանությունից, այնպես էլ երկրից նրա բացակայության պայմաններում: Կոալիցիան ունի մեկի փոխարեն չորս քիչ թե շատ հավասարապես ժողովրդականություն վայելող ձևական կամ ոչ ձևական առաջնորդներ:
Օգոստոսին կոալիցիային միացավ նաև հինգերորդը՝ Հանրապետական կուսակցությունը, մի խումբ, որը ստեղծվել էր մինչև Վրաստանի անկախացումը, և որը թե՛ «Միացյալ ազգային շարժման», թե՛ «Վրացական երազանքի» հետ համագործակցության պատմություն ունի:
Նիկա Գվարամիայի՝ կուսակցության ընտրական ցուցակում չընդգրկվելու անսպասելի հայտարարությունից հետո կոալիցիան իրենց գլխավոր թեկնածուի դերում ներկայացրել է «ԵՄ դրոշով կնոջ» խորհրդանշական ցուցարար Նանա Մալաշխիային:

«Ահալի»
«Ահալի» (արտասանվում է Ախալի), վրացերեն նշանակում է «նոր»: Այն գլխավորում է Նիկա Մելիա և Նիկա Գվարամիա դուետը։
Մելիան «Միացյալ ազգային շարժում»-ից հեռացավ դեկտեմբերին, երբ ազատվեց կուսակցության նախագահի պաշտոնից՝ Սաակաշվիլիին ակնհայտ հավատարմության բացակայության պատճառով: Գվարամիան «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին պաշտոնյա է եղել: Հատկանշական է, որ նա «Վրացական երազանքի» կառավարման տարիներին ղեկավարել է նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կից հեռուստաընկերությունները՝ «Ռուսթավի 2»-ը, ապա՝ «Մթավարի Արխին»: «Ահալին» նպատակ ունի աջակցություն ստանալ «Միացյալ ազգային շարժման» նոր ընտրողներից, որոնք կարող են այնքան էլ համամիտ չլինել «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարության հետ:
Ուժեղ կողմերը. երկու առաջնորդներն էլ, ենթադրաբար, քաղաքային ազատական ընտրողների զգալի բազա են բերում նորաստեղծ կուսակցություն, որը հավանաբար հեռացնում է «Միացյալ ազգային շարժման» բազում համախոհների։
Թույլ կողմերը. զույգը դեռ չի անցել ժամանակի փորձությունը և սկզբում անհարմար տպավորություն էր թողնում, ինչը մտահոգություն է առաջացնում կուսակցության ղեկավարության կայունության վերաբերյալ: Բացի այդ, կուսակցության թույլ ճանաչվածության պատճառով չնախատեսված առավելությունն այն է, որ քիչ տեղեկացված ընտրողները կարող են սխալմամբ կարծել, թե քվեարկում են «Միացյալ ազգային շարժման» և Միշայի օգտին՝ քվեաթերթիկում ընտրելով չորրորդ համարը՝ «Հանուն փոփոխության կոալիցիան»:

«Դրոա!»
Ելենե Խոշտարիան՝ «Միացյալ ազգային շարժման» մեկ այլ պաշտոնյա, 2021-ի սկզբին «Միացյալ ազգային շարժում»-ից անջատված «Եվրոպական Վրաստանի» կողմից օտարվելուց հետո ստեղծեց սեփական կուսակցությունը: «Դրոա!»-ն, որը վրացերեն նշանակում է «ժամանակն է», հակառուսական կոշտ դիրքորոշում ունի և կարող է գրավել քաղաքային լիբերալ ընտրողներին:
Ուժեղ կողմերը. Խոշտարիան ստեղծել է քաղաքական բրենդ, որը կենտրոնացած է քաղաքական դաշտում թույնը նվազեցնելու վրա և խուսափում է ընդդիմադիր այլ խմբերի և գործիչների վրա անձնական հարձակումներից, ինչը կարող է գրավել ընդդիմության ներքին կռիվներից զգուշացող ազատական որոշ ընտրողների։
Թույլ կողմերը. ինչպես «Միացյալ ազգային շարժում»-ից առանձնացած այլ խմբեր, «Դրոա!»-ն ևս պայքարում է բավականաչափ մեծանալու համար, որպեսզի կարողանա ինքնուրույն առաջադրվել:

«Գիրչի - ավելի շատ ազատություն»
Զուրաբ Գիրչի Ջափարիձեն 2020-ի վերջին «Գիրչի» կուսակցության այլ առաջնորդների հետ տարաձայնություններից հետո առաջ եկավ որպես իր առանձին կուսակցության անվիճելի ազատական առաջնորդը: «Միացյալ ազգային շարժման» նախկին պաշտոնյան և նախկին պատգամավորը այդ ժամանակվանից ավելի քիչ սկսեց փողկապ կրել՝ օգտագործելով սոցցանցերը և ներգրավելով երիտասարդ ընտրողների համեմատաբար կայուն բազա՝ ոչ ավանդական քաղաքական թատերականության և թմրամիջոցների ազատականացումը պաշտպանելու միջոցով:
Ուժեղ կողմերը. կիրառում է ոչ ֆորմալ և ոչ ավանդական հաղորդակցման ոճ, որը երբեմն ներառում է հումոր և չզտված բառամթերքով զայրույթ, ինչը նրան հնարավորություն է տալիս երիտասարդների հետ ավելի արդյունավետ կապ հաստատել, քան մյուս լիբերալ կուսակցությունները:
Թույլ կողմերը․ ազատական դիրքորոշումներն ու հայտարարությունները հաճախ հիասթափեցնում են ազատական ընտրողներին, որոնք առաջնահերթություն են տալիս հավասարության խնդիրներին և խտրականության դեմ ակտիվ քայլերին:

«Ուժեղ Վրաստան» դաշինք
Ի տարբերություն «Հանուն փոփոխության» կոալիցիայի, որը կարծես թե չորս հավասար անձ է ղեկավարում, «Լելոյի» նախագահ Մամուկա Խազարաձեն «Ուժեղ Վրաստան» դաշինքի ամենաուժեղ առաջնորդն է, նույնիսկ եթե դրա մասին չի բարձրաձայնվում: Դաշինքը ներկայացվում է որպես չորս առաջնորդների՝ Խազարաձեի, Աննա Դոլիձեի, Ալեկո Էլիսաշվիլիի և Լևան Ցուցկիրիձեի համագործակցություն։ Այս քառյակը չկարողացավ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության հետ դաշնակցել, քանի որ գաղափարին ոչ բոլորն էին կողմ։
Ակնկալվում է, որ «Ուժեղ Վրաստանը» գրավիչ կլինի այն ընտրողների համար, որոնք հիասթափված են ինչպես Սաակաշվիլիի ազդեցության տակ գտնվող խմբերից, այնպես էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից:

«Լելոն հանուն Վրաստանի»
«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ նախկին բանկիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի գլխավորությամբ, իրեն դիրքավորել է որպես նոր ծանրության կենտրոն արևմտամետ և ազատական ընտրողների համար, որոնք հակակրում են Սաակաշվիլիին և «Միացյալ ազգային շարժմանը»:
Ուժեղ կողմերը. կուսակցության առաջնորդների՝ ֆինանսական կոմպետենտություն ու լավ կապեր ունենալու համբավը, ինչը կարող է նպաստել միջազգային ներդրումներին։ Կուսակցությունը կարող է նաև այլընտրանք դիտարկվել «Միացյալ ազգային շարժում» - «Վրացական երազանք» բևեռացմանը:
Թույլ կողմերը. չնայած կուսակցության առաջնորդների անվանի կերպարին, նրանց լռությունը 2019-ից առաջ երկրում տեղի ունեցած քաղաքական սուր զարգացումների վերաբերյալ։ Նրանց բազմիցս մեղադրել են վարկային գիշատիչ քաղաքականության և մարդկանց իրենց տներից վտարումների համար:

«Հանուն ժողովրդի»
Աննա Դոլիձեն՝ «Վրացական երազանքի» կառավարությունում պաշտպանության նախկին փոխնախարարը, ունի իրավապաշտպանի փորձ և քննադատել է ինչպես «Միացյալ ազգային շարժման», այնպես էլ «Վրացական երազանքի» կառավարություններին: 2021-ի կեսերին նա հիմնադրել է «Հանուն Ժողովրդի» կուսակցությունը՝ կենտրոնանալով այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են դատական բարեփոխումները, փողը քաղաքականության մեջ և հանրային տարածքների անհետացումը:
Ուժեղ կողմերը․ Դոլիձեի քննադատությունը երկու հիմնական քաղաքական կուսակցությունների հասցեին նրան համեմատաբար անձեռնմխելի է դարձնում «Վրացական երազանքի» բոլոր քննադատների հասցեին հնչող մեղադրանքներից՝ որ նա «Միացյալ ազգային շարժման» կողմնակից է։
Թույլ կողմերը․ Լեյբորիստական կուսակցության նման, Դոլիձեի խումբը Վրաստանի ձախ քաղաքական ներկապնակի մաս է, որը դժվարությամբ է աճում։

«Ազատության հրապարակ»
«Ազատության հրապարակը» «Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնի» նախկին ղեկավար Լևան Ցուցկիրիձեի հիմնադրած կուսակցությունն է։ Ցուցկիրիձեն կառավարության աճող ճնշումների ենթարկվող քաղհասարակությունից ակտիվ քաղաքականության անցման օրինակ է։
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հակակառավարական ցույցերի առաջնորդներից մեկը լինելուց հետո նա հուլիսին հիմնադրեց «Ազատության հրապարակը»՝ նպատակ ունենալով համախմբել և քաղաքական ասպարեզ բերել իր նման նախկինում քաղաքական փորձ չունեցող այլ առաջնորդների։
Ուժեղ կողմերը. խումբը հիմնականում կազմված է առանց թունավոր քաղաքական ուղեբեռի փորձագետներից, ինչի շնորհիվ նրա որոշ անդամներ կարող են լավ թեկնածու լինել անկախ «պրոֆեսիոնալներից» բաղկացած տեսական կառավարության համար։
Թույլ կողմերը. խումբը, որը ձևավորվել է դաշինքին միանալուց քիչ առաջ, հանրության շրջանում լայն ճանաչում չունի:

«Քաղաքացիներ»
Եթե դուք փնտրում եք վրացական անձնավորված զայրույթը, ապա մի՛ փնտրեք Ալեկո Էլիսաշվիլիից անդին: Նախկին լրագրողն ու քաղաքային ակտիվիստը հայտնի է իր բոցաշունչ ելույթներով և պարզախոս մոտեցմամբ։
Էլիսաշվիլին նշանակալի ազդեցություն ունեցավ՝ յոթ տարի առաջ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում զբաղեցնելով երկրորդ տեղը և շրջանցելով «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին: Այնուամենայնիվ, նա չկարողացավ օգտագործել այս հաջողությունը և միայն 2020-ին հիմնեց իր սեփական կուսակցությունը: Նա նաև համբավ ձեռք բերեց՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի լսումների ժամանակ «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեի դեմքին բռունցքով հարվածելու համար:
Ուժեղ կողմերը՝ Էլիսաշվիլի։
Թույլ կողմերը՝ Էլիսաշվիլի։

«Հայրենասերների դաշինք»
Նրանց կոալիցիան պայմանավորվածությամբ ամուսնության վառ օրինակ է, քանի որ հիմնական բաղկացուցիչ խմբերը՝ «Հայրենասերների դաշինքը» և նախկինում «Ալտ Ինֆո» անվամբ հայտնի Պահպանողական շարժումը միավորվելու գաղափար չեն ունեցել՝ մինչև «Ալտ Ինֆոյին» չզրկեցին գրանցումից։
Բացի միավորվելու մասին հայտարարությունից, որը հետագայում հայտնվեց հեռուստատեսային քարոզարշավի գովազդներում, երկու խմբերն իրենց քարոզարշավներում հազվադեպ են միասնության տպավորություն թողել, չնայած որ ընտրողներից խնդրում էին աջակցել իրենց դաշինքին:
Չնայած նախորդ ընտրություններում չորս մանդատ ստանալուն՝ «Հայրենասերների դաշինքն» այդ ժամանակվանից դուրս է մնացել խորհրդարանական կյանքից և, չնայած խոստումներին, վերադառնալու դժվարության առաջ է: Թեև նրանք հազվադեպ են միասին հանդես գալիս, այս երկու կուսակցությունները համակարծիք են՝ «Վրացական երազանքի» պահպանողականությունն անկեղծ չէ և անվստահելի է:
Ուժեղ կողմերը՝ նրանց առաջնորդը, փորձառու հակալիբերալ քարոզիչ և հայտնի լրագրող Իրմա Ինաշվիլին:
Թույլ կողմերը՝ դաշինքի ընտրողների բազան հիմնականում տարիքով մեծ է և դժվարությամբ կարող է իր կողմը գրավել «Ալտ Ինֆոյի» համակիրներին։ Դաշինքը կարող է լայնորեն քննադատել «Վրացական երազանքը», բայց նրանք կարող են նաև իշխանության հետ չափազանց համահունչ թվալ:

«Ալտ Ինֆո»
Ակնկալվում է, որ դաշինքի համար ձայների մեծ մասը կբերի Պահպանողական շարժումը՝ ռուսամետ ծայրահեղական խումբ, որն ավելի հայտնի է որպես «Ալտ Ինֆո»: Վերջին տարիներին գերազանցելով ծայրահեղ աջ խմբերին՝ նրանք այժմ հայտարարում են՝ իրենց նպատակն է կանխել, որ «Վրացական երազանքը» չխլի իրենց պահպանողական և հակաարևմտյան դիրքերը: Ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունները գրանցումից հանեցին Պահպանողական շարժումը՝ տեղի տալով ենթադրություններին, որ «Ալտ Ինֆոյի» և «Վրացական երազանքի» ոչ պաշտոնական դաշինքը ավարտվել է։
Ուժեղ կողմերը․ «Վրացական երազանքը» մասամբ և միայն վերջերս է ընդունել «Ալտ Ինֆոյի»՝ ինքնիշխանության և Արևմուտքի ճնշմանը դիմակայելու վերաբերյալ հռետորաբանությունը, ինչը «Ալտ Ինֆոյին» թույլ է տալիս ընդգծել իր իսկությունը: Մեկ այլ ուժեղ կողմ է սեփական կայանի միջոցով անսահմանափակ հեռուստաեթերը:
Թույլ կողմերը․ հակվածություն քաղաքական բռնության և կոշտ լեզվի, որը կարող է վախեցնել պահպանողական ամուր համոզմունքներ ունեցող որոշ ընտրողների։ Մեկ այլ թույլ կողմ է Ֆեյսբուքի կողմի նրանց նկատմամբ հաճախակի արգելափակումները։

«Վրացական գաղափար»
Քիչ հայտնի կուսակցություն, որը ստեղծել և այժմ ղեկավարում է Լևան Չաչուան։ Նա բանտարկվել էր 2010-ին մի մասնավոր հեռուստաընկերության վրա գրոհելու համար, որտեղ քննարկվում էր վիճահարույց մի գիրք: 2013-ին «Վրացական երազանքի» կառավարության կողմից որպես քաղբանտարկյալ ազատ արձակվելուց հետո Չաչուան ակտիվ է եղել ԼԳԲՏ+ անձանց, կանանց և երեխաների իրավունքները սահմանափակող արշավներում:
Ուժեղ կողմեր՝ հետևողականություն:
Թույլ կողմեր՝ աննկատություն; ֆինանսական ռեսուրսների ակնհայտ բացակայություն։ Կուսակցությունը հակված է պաշտպանելու ավելի ուժեղ ծայրահեղ աջ առաջնորդներին՝ սեփականն ունենալու փոխարեն։

Միայնակ մասնակիցներ

Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը
«Հանուն Վրաստանի»-ն լավատես է ոչ միայն գալիք ընտրություններում 5 տոկոսի շեմն ինքնուրույն հաղթահարելու, այլև «Վրացական երազանքի» կամ «Միացյալ ազգային շարժման» գլխավորած կազմավորումներին կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունից զրկելու հարցում:
Շատ փորձագետներ կարծում են, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած և նախագահած կուսակցությունը, ի տարբերություն լիբերալ այլ խմբերի, կարող է էական աջակցություն ստանալ պետական ծառայողների կողմից, որոնք մտահոգված են իշխող կուսակցության հակաարևմտյան և ավտորիտար դիրքերից:
Ուժեղ կողմերը. Գախարիայի վարչապետության ժամանակ՝ 2019-2021 թթ. ստեղծված անհատի պաշտամունքի իներցիան, ինչպես նաև կուսակցության՝ ավելի գրավիչ լինելը պետական աշխատողների, չափավորների և տարեց ընտրողների համար:
Թույլ կողմերը. դժվարությունը ընդլայնելու ընտրողների շրջանակը՝ լիբերալ կուսակցություններից նրանց խլելով։ Նրանցից շատերը դեռ զայրացած են 2018-2019 թթ. հակակառավարական ցույցերը ճնշելու համար, իսկ ոմանք էլ զգուշանում են, որ Գախարիան կարող է լինել Իվանիշվիլիի կողմնակի նախագիծը, կամ նրանք կարող են հնարավորության դեպքում հաշտվել:

«Գիրչի»
2020-ի խորհրդարանական ընտրություններից և մանկական պոռնոգրաֆիայի շուրջ սկանդալից հետո, ինչը հանգեցրեց պառակտման (կուսակցության անդամներից մեկը՝ ընտրացուցակում երկրորդ համարի տակ հանդես եկող Յագո Խվիչիան դեմ էր արտահայտվել մի տղամարդու ձերբակալմանը, որը պահպանել և տարածել էր մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութ), ազատական «Գիրչի» կուսակցությունը շարունակեց առանց իրենց առաջնորդ Զուրաբ Գիրչի Ջափարիձեի՝ հիմնականում հենվելով չորս մանդատով իրենց խորհրդարանական խմբակցության վրա:
Իր խորհրդարանական պաշտոնավարման ընթացքում «Գիրչի»-ն կենտրոնացել է իր ձևական կրոնական կազմակերպության պահպանման վրա՝ օգնելու վրացի ժամկետային զինծառայողներին խուսափելու զինվորական ծառայությունից, և վերջերս հանդես է եկել բանտարկյալների զանգվածային համաներման օգտին, գաղափար, որը իշխող կուսակցությունը յուրացրել է ընտրություններից առաջ:
«Գիրչի»-ի մեկ այլ առաջարկ, որին «Վրացական երազանքը» հավանություն տվեց և արագ ընդունեց խորհրդարանի միջոցով, պարտադիր գենդերային քվոտաները վերացնելու նախաձեռնությունն էր: Այս քայլով «Գիրչին» լիբերալ որոշ ընտրողների շրջանում ձեռք է բերել «Վրացական երազանքի» հակաեվրոպական քայլերին նպաստող խմբի համբավ:
Ուժեղ կողմերը. այլ խմբերի հետ համագործակցելու պրագմատիկ կարողություն և անձնավորված քաղաքականության վրա ավելի քիչ շեշտադրում: Գաղափարական հետևողականություն։
Թույլ կողմերը. «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնության հետ երբեմն համագործակցությունը հանգեցրել է իշխող կուսակցության հետ գաղտնի միության մեղադրանքների:

Լեյբորիստական կուսակցություն
Տարիների ընթացքում լեյբորիստները պահպանել են ընտրողների կայուն բազան, սակայն դժվարությամբ են աճել: Դժվար թե կուսակցությունը միայնակ հաղթահարի ընտրական շեմը։
Ուժեղ կողմերը. մշտապես բարձրաձայնում է սոցիալական և տնտեսական դժգոհությունների մասին:
Թույլ կողմերը. հիմնադրումից ի վեր 29 տարվա ընթացքում կուսակցության ղեկավարությունը փոխելու անկարողություն։ Կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիի կոշտ և երբեմն հակասական հայտարարությունները։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի
«ինքնուրույն ուժակայան»
Խորհրդարանական վճռորոշ քվեարկությունից երկու ամիս անց Վրաստանը նոր նախագահ կընտրի բոլոր 150 պատգամավորներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված 150 ներկայացուցիչներից բաղկացած ընտրական կոլեգիայի միջոցով։
Այս փոփոխությունները, որոնք է՛լ ավելի կսահմանափակեն նախագահի լիազորությունները, և Զուրաբիշվիլիի աճող հանրային վարկանիշը, կարող են ստիպել նախագահին մտածելու վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու մասին, եթե իհարկե ընդդիմությունը կարողանա բավականաչափ ձայներ ապահովել՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Այնուամենայնիվ, մինչ այժմ նա հիմնականում հանդես է եկել նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում վերընտրվելու գաղափարով:
Նախկինում լինելով ամենաքիչ հավանություն վայելող քաղաքական առաջնորդներից մեկը՝ Զուրաբիշվիլին վերջերս օգտագործել է իր ուրույն դիրքը՝ դառնալու պետական միակ ինստիտուտը, որը հակազդում է իշխող կուսակցության հակաարևմտյան քայլերին: Սա նրան դարձրել է Վրաստանի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, այդ թվում՝ Gen Z ընտրողների շրջանում, որոնցից շատերը հավանաբար առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին։
Նրա վերջին նախաձեռնությունը Վրացական խարտիան է, որը ստորագրել են Վրաստանի հիմնական բոլոր արևմտամետ քաղաքական խմբերը: Խարտիան ուրվագծում է տեսական ընդդիմության կոալիցիոն կառավարության հանձնառությունը՝ արագորեն չեղարկելու օրենսդրական փոփոխությունները, որոնք խոչընդոտում են երկրի ԵՄ անդամակցությանը:
Բացի այդ, խարտիան ստորագրած կուսակցությունները խոստացել են Զուրաբիշվիլիին լիազորել՝ առաջադրելու հաջորդ կառավարության անդամներին, ինչը ավելի է մեծացնում ակնկալիքները, որ նա, որևէ քաղաքական կուսակցության չպատկանելով հանդերձ, չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
Ուժեղ կողմերը. Սաակաշվիլիի նախագահության ժամանակ ժողովրդավարական շարժման մեջ փորձառությունը Զուրաբիշվիլիին համեմատաբար անձեռնմխելի է դարձնում կառավարության դավադրության տեսությունների նկատմամբ, որ գործող իշխանության գրեթե բոլոր քննադատներն ու մրցակիցները, այդ թվում՝ Զուրաբիշվիլին, իբր համագործակցում են «Միացյալ ազգային շարժման» հետ:
Թույլ կողմերը. Գախարիայի պես՝ Զուրաբիշվիլիի՝ Իվանիշվիլիի հետ սերտ դաշնակցելու պատմությունը մտահոգություն է առաջացնում հակաիշխանական որոշ ընտրողների շրջանում, որոնց ձայները կարող են շուտով անհրաժեշտ լինել նախագահին։ 2018-ին լինելով նախագահի թեկնածու՝ նա զբաղեցրեց ամենաքիչ աջակցություն վայելող և հակասական դիրքերից մեկը՝ Սաակաշվիլիի կառավարությանը մեղադրելով 2008-ին Հարավային Օսիայի դեմ պատերազմ սկսելու մեջ:
Նկարազարդումները՝ Թամար Շվելիձեի, OC Media
Civilnet











