Հոդվածը գործընկերային բովանդակություն է
Հոկտեմբերի 5-ին Երևանում կայացել է Ռևմատոլոգների 8-րդ ազգային գիտաժողովը, որին «Վարդանանց» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ դասախոսել է ռևմատոլոգ, Ռևմատիզմի դեմ պայքարի ռևմատոլոգիական լիգայի նախագահ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը։
Բարալիակոսի թեման սպոնդիլոարթրիտն էր. նա դասախոսությամբ փորձել է իրազեկել մասնակիցներին, թե ինչպես վաղ ախտորոշել հիվանդությունն ու սկսել բուժումը։

«Սպոնդիլոարթրիտը մեջքի ցավն է, մի գանգատ, որ չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, և հատկապես երիտասարդների շրջանում… Մեր բոլոր քննարկումների առանցքային թեման այն է, թե ինչպես կրթել ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին, գուցե նույնիսկ օրթոպեդներին և, իհարկե, ռևմատոլոգներին հիվանդության վաղ փուլերում ճիշտ ախտորոշման ուղղությամբ: Սա չափազանց կարևոր թեմա է: Եվ ևս մեկ անգամ շնորհակալ եմ ինձ այստեղ հրավիրելու և գործընկերներիս հետ այս մասին զրուցելու հնարավորության համար: Հույս ունեմ, որ այս միջոցառումը ապագայում հիվանդներին վաղ հայտնաբերելու գործում իր ներդրումը կունենա» - ասել է Բարալիակոսը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում:
Պրոֆեսոր Բարալիակոսի այցի ընթացքում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկարատև համագործակցության շուրջ, որը կներառի փորձի մշտական փոխանակում և բարդ կլինիկական դեպքերի վերաբերյալ հեռահար խորհրդատվությունների իրականացում։
«Վարդանանց» ՆԲԿ-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանի խոսքով՝ այս համագործակցությունը մեծ հնարավորություն է կլինիկայի համար ստեղծել եվրոպական չափորոշիչներին համապատասխան ռևմատոլոգիական ծառայություն։

«Սա նաև հնարավորություն է ի դեմս լավագույն մասնագետ պրոֆեսոր Բարալիակոսի՝ ունենալու որպես հեռավար կոնսուլտանտ։ Նա մասնակցելու է տարբեր բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը, ինչպես նաև համատեղ տարբեր դասախոսություններին. սա մեծ հնարավորություն է նաև մասնակցել գիտահետազոտական աշխատանքներին, որոնք ոչ պակաս կարևոր են ռևմատոլոգիայի հետագա զարգացման համար, և, կարծում եմ, կբերեն մեծ առաջընթացի ոչ միայն կլինիկայում, այլ նաև ամբողջ Հայաստանում» - ասել է Մագդա Օսիպյանը։
Գիտաժողովին դասախոսել է հինգ մասնագետ, որպես ունկնդիր էլ մասնակցել է 120 բժիշկ՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ռևմատոլոգներ, նյարդաբաններ ու ռադիոլոգներ։
Սիրանուշ Ադամյան
Civilnet











