Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի նոր գործընթաց է սկսում

«Վրացական երազանքը» Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի նոր գործընթաց է սկսում

OC Media

«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթ ներկայացնելու նոր գործընթաց է սկսելու։ Կուսակցությունը որպես պատճառ մատնացույց է անում այն, որ նախագահն առանց կառավարության թույլտվության պաշտոնական այցեր է կատարել արտերկիր։

Երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը Սահմանադրական դատարան կդիմի մինչև հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Եթե ​​դատարանը որոշում կայացնի Զուրաբիշվիլիի դեմ, ապա իմփիչմենթի համար դեռ կպահանջվի 150 պատգամավորներից 100-ի հավանությունը։ «Վրացական երազանքն» այս պահին ունի միայն 83-ի աջակցությունը։

Իմփիչմենթի այս երկրորդ փորձը տեղի է ունենում մեկ տարի անց բանից հետո, երբ իշխող կուսակցության՝ նախագահին իմփիչմենթ ներկայացնելու նախորդ փորձը ձախողվեց, քանի որ  կուսակցությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ։

«Զուրաբիշվիլին շարունակել է խախտել Սահմանադրությունը։ Անցյալ շաբաթ նա եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Բելգիայում՝ առանց կառավարության համաձայնության»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պապուաշվիլին։

Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը սահմանում է, որ արտաքին հարաբերություններում նախագահը կարող է ներկայացուցչական լիազորություններ իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ։

Պապուաշվիլին ասել է, որ երբ Սահմանադրական դատարանը հաստատի նախագահի իմփիչմենթը, հաջորդ գումարման խորհրդարանը Զուրաբիշվիլիին կհեռացնի ընտրություններից հետո տեղի ունենալիք խորհրդարանական առաջին նստաշրջանի ժամանակ։

Զուրաբիշվիլին ընտրվել է իշխող կուսակցության աջակցությամբ 2018-ի նախագահական ընտրություններում, սակայն վերջին տարիներին նրանց հարաբերությունները սրվել են։ Նա դարձել է իշխող կուսակցության աճող ավտորիտարիզմի բացահայտ քննադատը և օգտագործել է իր նախագահական վետոն՝ դանդաղեցնելու մի շարք առանցքային օրենքների ընդունումը:

2023-ի սեպտեմբերին «Վրացական երազանք»-ը Զուրաբիշվիլիի դեմ առաջին անգամ իմփիչմենթի գործընթաց սկսեց, երբ նա մի շարք պաշտոնական այցեր կատարեց, որոնց ժամանակ հանդիպեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թեև իրեն թույլ չէր տրվել կատարել այդ այցերը։

Արդեն հոկտեմբերին Վրաստանի Սահմանադրական դատարանը Զուրաբիշվիլիին մեղավոր ճանաչեց Սահմանադրությունը խախտելու մեջ, ինչը իշխող կուսակցությանը հնարավորություն տվեց խորհրդարանական քվեարկություն անցկացնել նախագահի իմփիչմենթի հարցով։ Սակայն նրանք չկարողացան անհրաժեշտ աջակցություն ապահովել ընդդիմադիր պատգամավորներից:

Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Պապուաշվիլին ասել է, որ Սահմանադրական դատարանի անցած տարվա որոշումը օտար երկրներին և կազմակերպություններին հասկացրեց, որ արտասահմանյան «այցերի համար նախագահին անհրաժեշտ է ստանալ կառավարության համաձայնությունը»: Այնուհետև նա քննադատել է եվրոպացի առաջնորդներին նրա հետ հանդիպումները շարունակելու համար:

«Այս որոշումից հետո Սալոմե Զուրաբիշվիլիին առանց Վրաստանի կառավարության պարտադիր համաձայնության հյուրընկալելը, ինչպես նաև վրաց ժողովրդի և նրա սահմանադրական կարգի նկատմամբ դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելը երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի խախտում է և հակասում է մեր եվրոպական ընդհանուր արժեքներին»,- ասել է նա։

Պապուաշվիլին նշել է՝ քանի որ Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի, իմփիչմենթն այն պարզապես կկրճատի առավելագույնը մեկ ամսով և, հետևաբար, «խորհրդանշական» քայլ կլինի։

«Մենք չենք կարող անպատիժ թողնել վրաց ժողովրդի հիմնական օրենքի միտումնավոր, կոպիտ և համակարգված խախտումը,- հավելել է նա,- Սահմանադրությունը խախտող Սալոմե Զուրաբիշվիլին պետք է [պատմության մեջ – խմբ․] մնա ոչ թե որպես նախկին, այլ որպես պաշտոնանկ արված նախագահ»։

Երկուշաբթի Formula հեռուստաալիքի հետ զրույցում սահմանադրագետները «Վրացական երազանքի» կողմից Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը «քաղաքական հաշվեհարդար» են անվանել։

Նույն օրը ընդդիմադիր քաղաքական գործիչները «Ֆորմուլա»-ին ասել են, որ «Վրացական երազանքը» սկսել է իմփիչմենթի գործընթացը՝ հասարակության ուշադրությունը խորհրդարանական ընտրություններից շեղելու համար:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում