Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» խոստանում է «պրագմատիկ քաղաքականություն» վարել Ռուսաստանի հետ

«Վրացական երազանքը» խոստանում է «պրագմատիկ քաղաքականություն» վարել Ռուսաստանի հետ

OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ խոստանալով «պրագմատիկ քաղաքականություն» որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մինչև 2028-ը 200 000 նոր աշխատատեղ ստեղծել և բարձրացնել միջին աշխատավարձը։

Կոբախիձեն իր կուսակցության քառամյա ծրագիրը ներկայացրել է երկուշաբթի երեկոյան՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ:

Մեկ ժամ տևած ելույթում նա ասել է, որ ծրագիրը ներառում է «գործողությունների մոտ 20%-ը, որոնք կիրականացվեն առաջիկա չորս տարիներին», և «ժամանակի սղության պատճառով» ստիպված է «կենտրոնանալ միայն հիմնական խնդիրների վրա»։

Նա ուշադրություն է հրավիրել Վրաստանում «խաղաղություն պահպանելու» իշխող կուսակցության ծրագրերին, ինչը Կոբախիձեի խոսքով՝ այն առաջնահերթություններից մեկն է, որը պետք է ապահովի «Վրացական երազանք»-ը նախքան իր նպատակներին հասնելը:

Կոբախիձեն նաև գովել է կուսակցությանը՝ համեմատելով իրենց իշխանության գալու տարվա վիճակագրությունը ներկայիս տվյալների հետ: Ելույթի ընթացքում նա նաև մի քանի անգամ քննադատել ու ծաղրել է Վրաստանի ընդդիմադիր խմբերին։

Կոբախիձեի ներկայացրած ծրագրի համաձայն՝ մինչև 2028-ը իշխող կուսակցությունը նախատեսում է նվազեցնել գործազրկության մակարդակը մինչև 4%, միջին ամսական աշխատավարձը հասցնել 3 500 լարիի (1 300 դոլար) և ստեղծել 200 000 աշխատատեղ։ Նա հավելել է, թե տնտեսական աճը, որը կգրանցվի իրենց ծրագրի իրականացման արդյունքում, թույլ կտա մինչև 2025-ը բարձրացնել ստանդարտ ամսական պետական ​​կենսաթոշակը 315 լարիից (116 դոլար) և 415 լարիից (153 դոլար) մինչև 350 լարի (129 դոլար) և 450 լարի (165 դոլար):

Նա հավելել է, որ կուսակցությունը նախատեսում է զարգացնել ենթակառուցվածքները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և պաշտպանության ոլորտները։

Կոբախիձեն անդրադարձել է նաև Անակլիայի խորը ծովային նավահանգստի վիճահարույց նախագծին՝ նշելով, թե իր կուսակցությունն ակնկալում է, որ 2029-ին այնտեղ կսկսեն նավեր գալ և կայանել։

«Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունը

Իր ելույթի ընթացքում Կոբախիձեն նաև խոստացել է վերականգնել Վրաստանի վատթարացող հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ միաժամանակ «պրագմատիկ քաղաքականություն» որդեգրելով Ռուսաստանի նկատմամբ։

Նա կրկնել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները՝ ասելով, թե մինչև 2030-ը Վրաստանն ամենապատրաստը կլինի ԵՄ անդամ դառնալու այլ թեկնածուների շարքում։ Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո «դադարեցվել է»՝ «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանության ու ոչ ժողովրդավարական գործողությունների պատճառով։

Կոբախիձեն ենթադրել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը Վրաստանին թույլ կտա վերսկսել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ չնայած Վաշինգտոնը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի առնվազն չորս քաղաքացիների նկատմամբ և արգելել «տասնյակ» այլ անձանց մուտքը՝ օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքի ակցիաները ցրելու գործում նրանց դերի համար։

Նա ասել է, որ «Վրացական երազանք»-ը մտադիր է խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ, ինչը, նրա խոսքով, քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն ունի Վրաստանի համար։

Կոբախիձեն այնուհետև անդրադարձել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ «չճանաչման քաղաքականությունը շատ հաջող է եղել այս տարիների ընթացքում»։

«Ինչպես գիտեք, մինչև 2012-ը չորս պետություն է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախությունը, և այս չորս պետությունների թիվը չի ավելացել,- ասել է նա։- Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես հիմնական առաջնահերթություններից են»։

Ելույթի վերջում Կոբախիձեն ասել է, որ ազգային երկու խնդիր կա Վրաստանի առաջ ՝ «տարածքային ամբողջականության վերականգնում» և «աղքատության վերացում»։

Բիձինա Իվանիշվիլին, որը ներկա է եղել իշխող կուսակցության անցկացրած քաղաքական մեծ միջոցառումներին, ներկա չի եղել Կոբախիձեի ելույթին։

Ակնկալվում էր, որ այս ամսվա սկզբին «Վրացական երազանք»-ը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, սակայն ստիպված է եղել հետաձգել հայտարարությունը, ենթադրաբար, այն պատճառով, որ Կոբախիձեն վարակվել է COVID-19-ով։

Օգոստոսին կուսակցությունն ընտրողներին կոչ էր արել օգնել իրենց՝ ապահովելու սահմանադրական մեծամասնություն՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, որոնք իրենց կօգնեն «խաղաղ կերպով վերաինտեգրել» Աբխազիան և Հարավային Օսիան:

Կուսակցությունը նաև խոստացել էր սահմանադրական մեծամասնությունն օգտագործել՝ արգելելու հիմնական արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը և «կեղծ-ազատական ​​գաղափարախոսությունը»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում