Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի Իշխանամետ POSTV հեռուստաալիքը մի շարք հայատյաց մեղադրանքներ է վերագրել «Լելո» կուսակցության նախագահ և ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» դաշինքի առաջատար գործիչ Մամուկա Խազարաձեի դեմ:
Հոկտեմբերի 11-ին POSTV-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ անանուն լրագրողը ճնշում է Խազարաձեին՝ նրան մեղադրելով, թե նա թաքցնում է իր ենթադրյալ հայկական արմատները:
Ոտքի վրա հարցազրույցն ակնհայտորեն արձանագրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Խազարաձեն և «Ուժեղ Վրաստանը» քարոզարշավ էին անցկացնում արևելյան Վրաստանի Թելևի քաղաքում:
«Ինչո՞ւ եք թաքցնում ձեր [էթնիկ] ծագումը։ [...] Մենք գիտենք, որ դուք հայկական արմատներ ունեք։ Դուք ամաչու՞մ եք դա ընդունել»,- հարցրել է լրագրողը։
POSTV-ով հեռարձակված հատվածում Խազարաձեն, որը կարծես ապշած էր, հերքում է իր հայկական արմատները և լրագրողին կոչ անում ապացույցներ ներկայացնել: Ավելի ուշ նա արձագանքել է՝ հակադարձելով. «Կարո՞ղ է՝ դու թաիլանդցի ես»։
Ինչ-որ պահի լրագրողը զգուշացնում է Խազարաձեին, թե ունի «ապացույցներ» և ցույց կտա նրան։
Հարցազրույցի հեռարձակումից ժամեր անց փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող «Բազմազգ Վրաստան» խումբը դատապարտել է այն որպես «խտրական» և «հիմնված հասարակության մեջ արմատացած կարծրատիպային (տվյալ դեպքում՝ հայատյաց) վերաբերմունքի վրա»:
Ֆեյսբուքում տարածված հայտարարությունում խումբը ներառել է նախապատմական կամ նեանդերթալյան կերպարի նմանվող ուրվապատկեր՝ նիզակը ձեռքին, կարծես թե որպես մեկնաբանություն կառավարամետ կայանի դրսևորած վերաբերմունքի բնույթի վերաբերյալ:
«Բազմազգ Վրաստանը» դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա» կազմակերպությանը՝ POSTV-ի կողմից Խարտիայի յոթերորդ սկզբունքի խախտման պատճառով՝ ուղղված «մեդիայի միջոցով խտրականություն խթանելուն»:
Խարտիան Վրաստանում լրագրողների համար ինքնակարգավորվող մարմին է, որը նախատեսված է լրագրության մեջ պահպանելու էթիկական չափանիշները՝ շեշտը դնելով լրատվամիջոցների պրակտիկայում ինքնակարգավորման, այլ ոչ թե կառավարության միջամտության վրա: Նրա յոթերորդ սկզբունքը կոչ է անում լրագրողներին «ճանաչել լրատվամիջոցների միջոցով խտրականությունը խթանելու ռիսկը»։
Թեև Խարտիան դեռ պետք է որոշում կայացնի հարցազրույցի այդ հատվածի վերաբերյալ՝ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին արագ արձագանքել է դրան Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ «թեև հարցեր տալը լրատվամիջոցների առաջնային դերն է, դրանց տոնը չպետք է խտրականություն ենթադրի»։
Ինչպես Խազարաձեին ուղղված հարցերում, այնպես էլ համացանցում տարածված տեսանյութի վերնագրում POSTV-ն փորձել է կանխել խտրական հարցաքննության մեղադրանքները՝ նշելով, որ հայերը «լավագույն մարդիկ են», որոնց հետ «վրացիները կիսում են դարավոր եղբայրությունն ու պատմությունը», իսկ «Թբիլիսիի հայերը քաղաքի յուրահատուկ դիմագծի բաղկացուցիչ մասն են»։
Հեռուստաընկերությունը չի պարզաբանել, թե ինչու է ընդդիմության առաջնորդի էթնիկ ծագումը կարևոր ընտրողների համար, որոնք պատրաստվում են քվեարկել հոկտեմբերի 26-ին:
POSTV-ն «Ժողովրդական իշխանության» կուսակցության խոսափողն է, մի խումբ, որը պաշտոնապես բաժանվել է իշխող կուսակցությունից, բայց շարունակում է խորհրդարանական մեծամասնություն կազմել «Վրացական երազանք»-ի հետ: Երկու խումբն այժմ միասին է մասնակցում ընտրությունների։
«Վրացական երազանք»-ից Զուրաբ Կադագիձեն, որը եղել է Թբիլիսիի նախկին քաղաքային խորհրդի և քաղաքային խորհրդում մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամ, և «Ժողովրդական իշխանության» մեկ այլ անդամ Թամտա Մեգրելիշվիլին կիսվել են POSTV-ի տեսանյութով: Տեսանյութին կից ֆեյսբուքյան իրենց գրառումներում նրանք մեղադրել են Խազարաձեին էթնիկ հայկական ծագումից ամաչելու համար, վիրավորական պնդում, որն ուղղված է Խազարաձեի՝ ծագումը հրապարակայնորեն ճանաչելուց հրաժարվելուն:
Չնայած հոկտեմբերի 11-ի տեսանյութն է, որ գրավել է հանրության ուշադրությունը, Խազարաձեն դեռ նախորդ օրերին էր ենթարկվել հայատյաց հարձակումների: Հոկտեմբերի 1-ին POSTV-ն նրան նվիրված տեսանյութ էր հրապարակել՝ «Խազարաձեի հայկական Շալախոն» վերնագրով։ Շալախոն կովկասյան ավանդական ժողովրդական պար է, որը հատկապես տարածված է հայերի և վրացիների շրջանում:
POSTV-ն շարունակել է այդ հարձակումները: Հոկտեմբերի 13-ին հեռուստաալիքը հրապարակել է հարցազրույց մի տղամարդու հետ, որին նրանք ներկայացրել էին որպես երևանաբնակ Ասլան Մկրտչյան։ Նրան մեջբերել էին, որ Խազարաձեն իր հեռավոր ազգականն է և հրաժարվել է իրեն ֆինանսապես օգնել:
«Նա ամենայն հավանականությամբ շատ փող է ծախսել PR-ի վրա, բայց կամաց-կամաց պարզեցինք, որ նա վաշխառու է, դավաճան, խաբեբա և ստախոս։ Բայց սա դեռ ամենը չէ: Այժմ պարզվել է, որ նա թաքցնում է իր սեփական ծագումը»,- ասվում է POSTV-ի հոկտեմբերի 13-ին հրապարակված վերջին տեսանյութում՝ նախքան Խազարաձեի էթնիկ ծագման մասին հաջորդ պնդումը:
Վրաստանում տարածված հակահայկական կարծրատիպերը հաճախ հայերին ներկայացնում են որպես ագահ կամ խաբեբա, իսկ հայկական արմատները թաքցնելու մեղադրանքները հաճախ կիրառվում են հասարակական և քաղաքական գործիչների դեմ:
Բարձրաստիճան քաղաքական գործիչների թվում, որոնց նախկինում ներկայացվում էին հայ լինելու մեղադրանքներ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն էին:
Civilnet











