ԱՄՆ-ն խաղաղության համաձայնագիրը չի կապում COP29-ի հետ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև և աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ի վերջո հույս ունեինք հասնել դրան, բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։
***
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախօրեին հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:
Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը հակադարձում է և հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում։
Civilnet










