Հոկտեմբերի 16-ի երեկոյան և 17-ին սպասվում են հորդառատ անձրևներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշված ժամանակահատվածում մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ սպասվող տեղումների հետևանքները մեղմելու համար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։
«Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։ Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։ Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։
Civilnet











